Լավ կլիներ՝ Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնարավոր դարձնելու համար․ Արման Բաբաջանյան
17:47 - 14 նոյեմբերի, 2020

Լավ կլիներ՝ Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնարավոր դարձնելու համար․ Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անկախ նրանից, թե ինչպես եմ վերաբերվում նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված հայտարարությանը, այսօր մամուլից իմացա, որ կրակի դադարեցման վերաբերյալ ստորագրված փաստաթղթի բովանդակության մասին Հայաստանի ԱԳ նախարարը անտեղյակ է եղել։

Հույս ունեի, որ նախարարը օրվա մեջ կհերքի լուրը։

Առհասարակ կարծում եմ, որ անկախ նախարարի տեղյակ լինել չլինելուց լավ կլիներ, որ փաստաթղթի հանրայնացումից անմիջապես հետո վերջին երկուսուկես տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ պատերազմը առհասարակ որպես արցախյան կարգավորման հնարավորություն թույլ տալու, այդ ուղղությամբ բավարար կամ առհասարակ դիվանագիտական ջանք չգործադրելու, կատարած աշխատանքի կամ տոտալ անգործության պատճառով այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնարավոր դարձնելու համար։

Հրաժարական չի եղել, ինչը ենթադրել է տալիս, որ Մնացականյանը, թեև անտեղյակ է եղել ստորագրված հայտարարության բովանդակությանը, այնուամենայնիվ մասնակի կամ ամբողջությամբ համաձայն է դրա բովանդակության հետ։

Այսպիսով, Մնացականյանի հետ երկար խոսելու նյութ է կուտակվել։

Հայաստանի անմիջական հարևանների, աշխարհի շատ երկրների հետ հարաբերությունները, իրավիճակը, որում հայտնվեց Հայաստանը անմիջապես պատերազմի ժամանակ, վկայում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության ապարատի զգալի հատվածը, դիվանագիտական կորպուսի մեծ մասը՝ ի մասնավորի կարևորագույն երկրներում ամբողջ դեսպանատները, երկար ժամանակ՝ 2018-ից շատ առաջ և հետո, մատնված են եղել հանցավոր անգործության։
Այս և շատ ուրիշ խնդիրների վերաբերյալ առաջացած հարցերի շուրջ խոսելու, քննարկելու կարիք կա։

Առաջարկում եմ, որպեսզի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հրավիրի հանձնաժողովի նիստ, հրավիրի նախարար Մնացականյանին՝ կուտակված բազմաթիվ հարցերի վերաբերյալ բացատրություն տալու․․․»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել