Խոշորացված համայնքներում հիմնականում չկա միջբնակավայրային տրանսպորտ․ ինչպե՞ս են բնակիչները հասնում համայնքային կենտրոն
11:30 - 03.մարտի.2021

Խոշորացված համայնքներում հիմնականում չկա միջբնակավայրային տրանսպորտ․ ինչպե՞ս են բնակիչները հասնում համայնքային կենտրոն

Բնակավայրերի վարչական ներկայացուցիչներ

Համայնքների խոշորացման գործընթացի մեկնարկից առաջ, ինչպես նաև մեկնարկից հետո համայնքների բնակիչներից հնչող հիմնական մտահոգություններից մեկը հետևյալն էր․ «Խոշորացումից հետո մի թղթի համար պիտի գնանք, հասնենք համայնքային կենտրոն»։

ՀՀ կառավարությունն այս մտահգությանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է: Բացատրությունը հետևյալն է․ բնակիչները փաստաթղթային հարցերի համար կարիք չունեն հասնելու համայնքային կենտրոն, որտեղ համայնքապետարանն է, քանի որ 2015-ին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, և ներդրվել է բնակավայրերի վարչական ներկայացուցիչների ինստիտուտը։ Ըստ այդմ`  խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը, բացի համայնքային կենտրոնից, կարող են ունենալ վարչական ներկայացուցիչներ, և վերջիններս օժտված են գրեթե նույն լիազորություններով, ինչ առաջ համայնքների ղեկավարները։

Այսինքն, վարչական ներկայացուցիչները իրավասություն ունեն բնակիչերին տրամադրելու այն հիմնական փաստաթղթերը, որոնք նախկինում տրամադրում էր համայնքապետարանը, քանի որ վարչական ներկայացուցիչները բնակավայրերում գործում են համայնքի ղեկավարի անունից («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, Հոդված 29․2)։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ բնակիչների այն մտահոգությունը, թե մի փաստաթղթի համար ստիպված են հասնել համայնքային կենտրոն, հիմնավորված չէր:

 

Ենթակառուցվածքների օպտիմալ բաշխում

Չնայած դրան` բնակիչները համայնքային կենտրոն հասնելու այլ պատճառներ ունեն: Միշտ չէ, որ խոշորացված համայնքների բնակավայրերը բոլոր ենթակառուցվածքներով ապահովված են, և  այնտեղ լիարժեք մատուցվում են բնակիչներին անհրաժեշտ հիմնական ծառայությունները։

Խոսելով խոշորացման գործընթացի մասին՝  2011- ին կառավարության՝ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգում նշվում էր, որ նոր կազմավորվելիք համայնքները հնարավորության սահմաններում պետք է ապահովված լինեն նվազագույն սոցիալական ենթակառուցվածքներով` բնակչությանը համապատասխան ծառայություններ մատուցելու ունակությամբ: 

«Համայնքների միացումը պետք է կատարել այնպես, որ նոր ստեղծված համայնքը ի վիճակի լինի մատուցել ՏԻՄ-երի լիազորությունների շրջանակում գտնվող համայնքային բոլոր ծառայությունները, ընդ որում, այդ ծառայություններից կարողանան օգտվել համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի բնակիչները»,- նշվում էի հայեցակարգում։

2013-ին նախկին տարածքային կառավարման նախարարության մշակած աշխատանքային փաստաթղթում կարևորվում էր նաև խոշորացված համայնքների ներսում ենթակառուցվածքների օպտիմալ տեղաբաշխումը։ Սա ենթադրում էր ենթակառուցվածքներն աշխարհագրորեն այնպես տեղակայել, որ հնարավոր լիներ առավելագույնս ապահովել ծառայությունների մատուցման հասանելիությունն ու մատչելիությունը:

«Ենթակառուցվածքների օպտիմալ տեղակայման վրա ազդելու են բազմաթիվ գործոններ, մասնավորապես՝ ծառայություն մատուցող ենթակառուցվածքի հզորությունը, ծանրաբեռնվածությունը, սպասարկվող տարածքը, հեռավորությունը և տրանսպորտային մատչելիությունը, ծառայությունից օգտվողների քանակը, ծառայության ինքնարժեքը (մեկ շահառուի հաշվարկով) և այլն»,- ասվում էր տեղեկանքում։

Ճարտարապետության դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Սարգիս Թովմասյանը կարծում է, որ համայնքների խոշորացումը պետք է իրականացվեր հետևյալ տրամաբանությամբ. խոշորացված համայնքի կենտրոնը, որը նա անվանում է տարաբնակեցման համակարգի տեղային կենտրոն, պետք է ունենար ենթակառուցվածքներ, որպեսզի այդ ենթակառուցվածքներից կարողանային օգտվել համայնքի մյուս բնակավայրերը։

«Աշխարհի ամենահարուստ երկրներն էլ այդպիսի ճոխություն իրենց թույլ չեն տալիս, որ բոլոր բնակավայրերում բոլոր ծառայությունները մատուցեն՝ շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ավագ դպրոց, գեղարվեստի դպրոց։ Դա անհնարին ու անիմաստ է և՛ տնտեսապես, և՛ բոլոր առումներով։ Դրա համար պետք է մեխերը ճիշտ խփել, այսինքն՝ այն համայնքներն ընտրել որպես կենտրոն, որոնք պոտենցիալ ունեն ծառայություններ մատուցելու, հասանելի են գոնե կես ժամանոց տիրույթում մնացած բնակավայրերի համար»,- նշել է նա մեզ տված հարցազրույցում։

Infocom.am-ն առանձին հոդվածով արդեն անդրադարձել է համայնքնրերում ենթակառուցվածքների և ՏԻՄ-երից մատուցվող ծառայությունների վիճակին։ Մեր ուսումնասիրությունը մի քանի խոշորացված համայնքի օրինակով ցույց էր տվել, որ ծառայությունների մեծ մասը հիմնականում մատուցվում է համայնքային կենտրոններում։ Մյուս բնակավայրերում որոշ ենթակառուցվածքներ խոշորացումից առաջ եղել են, որոշ ենթակառուցվածքներ էլ խոշորացումից հետո են ներդրվել, սակայն դեռ մնում են բնակավայրեր, որտեղ, օրինակ, չկան երաժշտական դպրոցներ, մարզադպրոցներ, գրադարաններ կամ այլ կառույցներ, հետևաբար այդ բնակավայրերում ապրողները տվյալ ծառայություններից օգտվելու համար պետք է հասնեն այն բնակավայրեր, որտեղ դրանք առկա են (հիմնականում՝ համայնքային կենտրոններ)։ Եթե հաշվի առնենք, որ այդ բնակավայրերից համայնքային կենտրոն տանող ճանապահրները կարող են լինել ոչ բարվոք վիճակում, իսկ միջբնակավայրային հանրային տրանսպորտ ոչ բոլոր խոշորացված համայնքներում է գործում, բնակիչներն իրենց մոտ բացակայող ծառայություններից օգտվելու համար կարող են հանդիպել լրացուցիչ դժվարությունների։

Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ ոչ բոլոր խոշորացված համայնքների կենտրոններն են մնացած բնակավայրերի համար հասանելի գոնե կես ժամանոց տիրույթում, ինչպես առաջարկում էր Սարգիս Թովմասյանը: Համայնքային կենտրոնից մեծ հեռավորությունը ևս կարող է որոշ դժվարություններ առաջացնել:

Infocom.am-ը փորձել է Տավուշի և Սյունիքի մարզերի 5 համայնքի օրինակով հասկանալ, թե ինչքան է X համայնքի համայնքային կենտրոնում չապրող բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոնից, և որքան գումար կպահանջվի նրանից հանրային տրանսպորտով կամ տաքսիով այնտեղ հասնելու համար։ Այն բնակավայրերը, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, այլ բնակավայրերում գործող տրանսպորտի վարձավճարի օրինակով կատարվել է գնի մոտավոր հաշվարկ։ Բնակչի միջին հեռավորությունը հաշվարկելիս հաշվի են առնվել բնակիչների թիվը, համայնքային կենտրոնից հեռավորությունը։

 

Կողբ

Կողբ խոշորացված համայնքի բնակավայրերն են Կողբը և Զորականը։ Համայնքային կենտրոն Կողբում գործում են գրադարան և երաժշտական դպրոց։ Զորականում նման կառույցներ չկան։
 
Կողբի և Զորականի ներհամայնքային ճանապարհները խոշորացմանը նախորդող երկու տարիների դրությամբ եղել են վատ վիճակում։ Խոշորացումից հետո՝ 2016-ին, Կողբում ասֆալտապատվել է 3․5 կմ ճանապարհ, Զորականում՝ 1 կմ (հաշվի առնենք, որ Կողբը Զորականից տարածքով ավելի մեծ է)։ Զորականից Կողբ հանրային տրանսպորստ համայնքում չի գործում։ 

Կողբի դեպքում բնակչի միջին հեռավորություն հաշվելու կարիք չի եղել։ Զորականից համայնքային կենտրոն Կողբ հեռավորությունը 10 կմ է։ Եթե Զորականիից Կողբ հանրային տրանսպորտ գործեր, վճարը կլիներ 200 դրամ, տաքսիով հասնելու դեպքում անհրաժեշտ կլինի 1000 դրամ։

 

Այրում

Այրումի համայնքային կենտրոնում գործում են գրադարան, մանկապարտեզ, երաժշտական դպրոց։ Մյուս բնակավայրերում այս կառույցները կամ կառույցների մի մասը բացակայում են։

Խոշորացմանը նախորդող երկու տարիների դրությամբ նախկին համայնքների ճանապարհների վիճակը եղել է անմխիթար։ Խոշորացումից հետո Այրում համայնքի միջբնակավայրային և ներբնակավայրային ճանապարհների 80%-ը խճապատվել է։ Համայնքում միջբնակավայրային տրանսպորտ չի գործում։

Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Այրումից 10,8 կմ է։ Հանրային տրանսպորտ լինելու դեպքում բնակիչը կվճարեր միջինում 216 դրամ, տաքսիով հասնելու համար անհրաժեշտ կլինի միջինում 1080 դրամ։

 

Նոյեմբերյան

Նոյեմբերյանի համայնքային կենտրոնում գործում են մանկապարտեզ, մարզադպրոց, երաժշտական դպրոց, գրադարան։ Մնացած 8 բնակայրերում այս կառույցնրը, որոշ դեպքերում՝ դրանցից մեկը կամ երկուսը բացակայում են։

Խոշորացումից առաջ նախկին համայնքներից Կոթիի ճանապարհները եղել են բավարար վիճակում, Բարեկամավանի դեպքում բավարար վիճակում են եղել միայն միջհամայնքային ճանապարհները, իսկ ներհամայնքային ճանապարհները` անմխիթար վիճակում, Բաղանիսի և՛ ներհամայնքային, և՛ միջհամայնքային ճանապարհները եղել են լավ վիճակում, Ջուջևանի միջհամայնքային ճանապարհները եղել են լավ վիճակում, ներհամայնքայինը՝ բավարար, Բերդավանի միջհամայնքային ճանապարհները եղել են մասամբ վերանորոգված, իսկ ներհամայնքայինը՝ անբարեկարգ վիճակում, Ոսկեվանի ճանապարհները եղել են խճապատ, Ոսկեպարի ճանապարհները եղել են բարվոք վիճակում, Դովեղի դեպքում միջհամայնքայինը՝ լավ, ներհամայնքայինը՝ բավարար վիճակում։

Նոյեմբերյանում խոշորացումից հետո կատարվել են ներբնակավայրային ճանապարհների հիմնանորոգման, վերանորոգման և խճապատման աշխատանքներ։ Կոթիի ներբնակավայրային  և միջբնակավայրային ճանապարհները հիմա էլ բավարար վիճակում են, խոշորացումից հետո իրականացվել է ընթացիկ նորոգում: Դեպի համայնքային կենտրոն Նոյեմբերյան Կոթիից գործում է հանրային տրանսպորտ` շաբաթական 6 օր, օրական 1 անգամ հաճախականությամբ, ուղեվարձը 500 դրամ է։ Տրանսպորտը գործել է նաև խոշորացումից առաջ։

Բարեկամավանի միջբնակավայրային ճանապարհները հիմա բարվոք վիճակում են ներբնակավայրայինը՝ վատ։ Դեպի համայնքային կենտրոն հանրային տրանսպորտ չի գործում։

Բաղանիսի ճանապարհներն այժմ էլ են լավ վիճակում, դեպի համայնքային կենտրոն, սակայն, հանրային տրանսպորտ չի գործում։ 

Ջուջևանի ճանապարհները մասնակի վերանորոգվել են։ Դեպի Նոյեմբերյան-Կոթի երթուղով հանրային տրանսպորտ է գործում օրը մեկ անգամ հաճախականությամբ: Տրանսպորտը նույն երթուղով գործել է նաև խոշորացումից առաջ։ 

Բերդավանում խոշորացումից հետո միջբնակավայրային ճանապարհներն ասֆալտապատվել են, իսկ ներբնակավայրային ճանապարհներից 2.1 կմ աֆալտապատվում է։ Մնացած հատվածներում  կատարվել են հարթեցումներ։ Դեպի համայնքային կենտրոն հանրային տրանսպորտ չի գործում։ 

Ոսկեվանում խոշորացումից հետո կատարվել է ներհամայնքային ճանապարհների խճապատում-բարելավում: Հանրային տրանսպորտ չի գործում։ 

Ոսկեպարի ճանապարհները հիմա էլ են բարվոք վիճակում, խոշորացումից հետո իրականացվել է ներբնակավայրային ճանապարների վերանորոգում: Հանրային տրանսպորտ չի գործում։

Դովեղում ներհամայնքային ճանապարհները մասնակի վերանորոգվել են։ Տրանսպորտ չի գործում։

Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Նոյեմբերյանից 13,6 կմ է, հանրային տրանսպորտ գործելու դեպքում Նոյեմբերյան հասնելու համար բնակիչը կվճարի միջինում 272 դրամ, տաքսիով գնալու դեպքում՝ միջինում 1360 դրամ։

Գորայք

Գորայքի համայնքային կենտրոնում գործում է մանկապարտեզ։ Բնակավայրերից երկուսում այդ կառույցը չկա։ Համայնքի բնակավայրերն իրար կապված են մայրուղով։ Մինչ 2019թ․ համայնքի ներբնակավայրային և միջբնակավայրային ճանապարհները եղել են անմխիթար վիճակում։

2019 թվականից համայնքային կենտրոն Գորայքի փողոցները ասֆալտապատվել են  և փոսալցվել, փոսալցվել են նաև մյուս երեք բնակավայրերի ճանապարհները, ասֆալտապատվել են միայն այդ բնակավայրեր տանող գլխավոր ճանապարհները: Գորայք խոշորացված համայնքում միջբնակավայրային հանրային տրանսպորտ  չի գործում :

Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Գորայքից 13,5 կմ է, հանրային տրանսպորտ գործելու դեպքում համայքնային կենտրոն հասնելու համար բնակիչը միջինում կվճարեր 270 դրամ, տասքիով հասնելու դեպքում կվճարի 1350 դրամ։

 

Սիսիան

Սիսիանի համայնքային կենտրոնում գործում են երաժշտական դպրոց, մարզադպրոցներ, մանկապարտեզներ։ Այս կառույցների մի մասը մնացած բնակավայրերում չկա։

Խոշորացումից առաջ ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհները եղել են բավարար վիճակում: 2018 թվականի վերանորոգվել է Մ2 Վաղատին-Շենաթաղ ավտոճանապարհի Շամբ-Շենաթաղ ճանապարհահատվածը, իսկ որոշ ներբնակավայրային և միջբնակավայրային ճանապարհներում ժամանակ առ ժամանակ իրականացվում են հարթեցման և փոսալցման աշխատանքներ: Համայնքի ներբնակավայրային և միջբնակավայրային ճանապարհները հիմա էլ բավարար վիճակում են: 

Դեպի համայնքի կենտրոն գործում է տրանսպորտ 3 երթուղիով՝ շաբաթական 7 օր հաճախականությամբ, 50-500 դրամ ուղևորավարձով (կախված բնակավայրի հեռավորությունից):

Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Սիսիանից 14,1 կմ է։ դեպի Սիսիսան բնակավայրերից հանրային տրանսպորտ գործում է, որի համար բնակիչը միջինում վճարում է 275 դրամ։ Տասքիսով համայնքային կենտրոն հասնելու համար պետք կլինի վճարել միջինում 1410 դրամ։

Նկար 1-ում կարող եք տեսնել ուսումնասիրված համայնքների բնակիչների միջին հեռավորությունը համայքնային կենտրոնից, և այնտեղ հասնելու համար անհրաժեշտ գումարի չափերը։

 

 Նկար 1

 

Աննա Սահակյան, Կատյա Մամյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել