Բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև․ ԱԳ նախարար |armtimes.com|
17:19 - 04 դեկտեմբերի, 2020

Բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև․ ԱԳ նախարար |armtimes.com|

armtimes.com: Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների մոտ հանդես եկավ հայտարարությամբ և խնդրեց, որ այն չաղավաղվի և ամբողջությամբ ներկայացվի։

«Առաջինը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է։ Լինելով ապաքաղաքական կառույց, կրկնում՝ եմ, ապաքաղաքական կառույց, ունի մեկ հավերժական նպատակ՝ ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը։

Ցանկացած փորձ՝ հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը, հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունը և պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է դիվանագիտություն։ Վստահ ենք, որ այս գիտակցումը կիսում են երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիները և հայրենակիցները։

Երկրորդը՝ մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս մեր ազգային բանակի առջև, որը հերոսաբար դիմակայեց Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի կողմից սանձազերծված ագրեսիային և տապալեց ցեղասպան եռյակի՝ պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացնելու նկրտումները։

Պետք է փաստենք՝ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի։ Ինչպես և մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել է և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում, և հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը և անհնարինը՝ իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը։

Երրորդը՝ այժմ մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ, այդ թվում՝ երեկ հարցազրույցում և ԵԱՀԿ նախարարական խոհրդի ունեցած ելույթում։ Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցի լիարժեք և համապարփակ լուծման ուղղությամբ։

Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի ձեր թույլտվությամբ դիվանգիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքները ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն։

Ավարտելով ուզում եմ ասել, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից։ Խնդրում եմ հավատալ և վստահել հայ դիվանագիությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել