Հոկտեմբերի 19-ին մեր վիճակը ծանր էր, ծանր էր նաև թշնամու վիճակը, և պատերազմի ելքը դեռ որոշված չէր․ Սուրեն Սահակյան
15:28 - 07 դեկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 19-ին մեր վիճակը ծանր էր, ծանր էր նաև թշնամու վիճակը, և պատերազմի ելքը դեռ որոշված չէր․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակայնը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 
«Պատերազմի ընթացքում արտախորհրդարանական ուժերի հետ երկրորդ ու վերջին հանդիպումը (հոկտեմբերի 19-ին) քննարկման լայն թեմա է դարձել։ Ըստ էության, փակ հանդիպման նույնիսկ ամենավերջին մանրամասները դուրս սպրդեցին։ Ընդ որում, մասնակիցներից ամեն մեկն ի՛ր ընկլամամբ մատուցեց եղելությունը։ Բանը հասավ նրան, որ պատերազմում պարտության պատճառները վեր հանող վերլուծաբանները հաճախ հիմնվում են այդ հանդիպման մասին մամուլում հրապարակված ոչ այնքան ճիշտ մեկնաբանություններին։

Մինչդեռ թե՛ մասնակիցները, թե՛ այդ հանդիպման մասին կադրերը վկայում են, որ ես համարյա սղագրում էի թե՛ վարչապետի հայտնած տեղեկություններից կարևորները, թե՛ իմ հարցերն ու խոսքը։ Ըստ այդմ, պարտավորված եմ զգում պատմել եղելությունը, որպեսզի պատմության ու վերլուծությունների համար հանրային դաշտում լինեն ոչ միայն այդ հանդիպման մասին առանձին մարդկանց ընկալումները, այլև իրականությունը։

Նախ, հանդիպումը տևել է ընդամենը մեկ ժամ, ինչը բավականին կարճ ժամանակ է, եթե հաշվենք, որ բացի պաշտոնական կողմն այնտեղ ներկայացված էին 9 կուսակցություններ, որոնցից ամեն մեկն իր ասելիքն ու հարցերն ուներ։

Վարչապետը սկսեց նրանից, որ առավոտյան Արցախի նախագահից նամակ է ստացել, որտեղ ասվում է, թե Արցախը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, վերադարձնել 7-ից 5 շրջանները և նստել բանակցելու հայրենիքի մյուս հատվածների մասին (Լավրովի պլան)։ Ասվեց, որ դրա հետ իրենց համաձայնությունն են հայտնել Արցախի երկրորդ և երրորդ նախագահները, Հայաստանի առաջին և երրորդ նախագահները (Ռ․Քոչարյանի կարծիքի մասին, անկեղծ ասած չեմ հիշում, որ խոսք գնացած լինի, ինչը չի բացառում, որ ուղղակի ես չեմ արձանագրել)։ Ներկաներին տեղյակ պահվեց ՌԴ նախագահ Պուտինի հետ այդ թեմայով խոսակցության մասին։

Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ՌԴ նախագահին հարցրել է, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում է պատկերացնում Ռուսաստանը։ Ըստ Փաշինյանի, Պուտինը պատասխանել է, որ լուծումը «Լավրովի պլանն է»՝ վերդարձվում են 5 շրջանները, սկսում են բանակցությունները մնացած 2 շրջանների վերադարձի ժամկետների և պայմանների մասին, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում է անորոշ ապագային։ Հատուկ շեշտվեց, որ Փաշինյանը ոչ համաձայնել է, ոչ էլ մերժել այդ առաջարկը, այլ հարց է բարձրացրել՝ «եթե ասենք այո, Ռուսաստանը կարո՞ղ է ապահովել պատերազմի դադարեցումը»։

Պատասխանը եղել է այն, որ ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ այդ ծրագիրը իրականություն դառնա, սակայն չունի նախկին այն լծակները, որոնք հնարավոր կդարձնեին համոզմունք հայտնել, որ այդպես էլ կլինի»։ Այնուհետև Ն․ Փաշինյանը հարցրել է․ «Եթե հայկական կողմը այդ ծրագրին իր հավանությունը չտա, դա կարո՞ղ է ռուսական կողմից ընկալվել որպես ապակառուցողական մոտեցում և վիրավորանք ՌԴ միջնորդական ջանքերին»։ Պուտինը, ըստ Փաշինյանի, պատասխանել է․ «Իհարկե՝ ոչ»։

Ինչպես հետագայում պարզվեց, ՌԴ նախագահի հետ այդ խոսակցությունը շարունակվելու էր նկարագրված հանդիպումից անմիջապես հետո՝ ժամը 20։00-ին։ Առաջ անցնելով ասեմ, որ Ադրբեջանը մերժել էր այդ առաջարկը և պատերազը շարունակվեց։ Սա ասում եմ նրանց համար, ովքեր շարունկում են պնդել, թե հայկական կողմը թղթերը ստորագրելով ամեն պահի կարող էր կանգնեցնել պատերազմը։

Հաջորդ դրվագը, որ ներկայացվեց ներկաներին, այն էր, որ հայկական կողմի խնդրանքով հոկտեմբերի 19-ի կեսօրի դրությամբ ռուս սահմանափահները տեղակայվել են Հայաստանի սահմաններին Մեղրիից մինչև Վարդենիս՝ արևելյան ուղղությամբ և Նախիջևանի սահմանով՝ արևմտյան ուղղությամբ։ Հարցին, թե ի՞նչ է դա նշանակում, ռուսական կողմից հավաստիացրել են, թե այդ զինվորների ուղղությամբ ցանկացած հարված կարող է ընկալվել որպես Ռուսաստանին հայտարարված պատերազմ։

Մասնակիցների կողմից բարձրացված հարցերից ինձ համար արձանագրել եմ ՀՅԴ ներկայացուցչի հարցը, թե այդ պայմաններով փաստաթուղթ ստորագրելը, ըստ էության, նշանակում է կապիտուլյացիա և մի՞թե այլ տարբերակ չկա։ Վարչապետը համաձայնեց կապիտուլյացիայի մասին կարծիքին (հոկտեմբերի 19-ի դրությամբ այդպիսի պայմաններով պատերազմը դադարեցնելն, իրոք, ծանր ու նվաստացուցիչ կապիտուլյացիա էր ընկալվում), միաժամանակ, ի պատասխան, որպես խոչընդոտ և խնդիրներից ամենամեծը ներկայացրեց անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցների բացակայությունը։

Առաջ անցնելով ասեմ, որ դրանից բառացիորեն ժամեր անց ՊՆ-ը հաղորդագրություն տարածեց, որ խոցել է թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ, ինչից հետո նման լուրերը պարբերական դարձան (ըստ էության, հարցը կարելի էր լուծված համարել)։ Խոսվեց նաև այն մասին, որ ըստ Արցախի ռազմական ղեկավարության, հայկական կողմին հաջողվել է խոցել ադրբեջանական բանակի ծանր սպառազինության և օդուժի 80 տոկոսը և ռազմաճակատում վատ վիճակը ոչ միայն մեզ մոտ է, այլ նաև թշնամու մոտ։

Անդրադառնամ իմ հարցերին ու խոսքին, ինչի մասին նույնպես հրապարակային խոսվել է և կարծիք ձևավորվել։ Ես սկսեցի նրանից, որ վարչապետին հիշեցրի ԱԺ ամբիոնից հնչեցրած մտքի մասին, թե «Եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու։ Եթե մեր մտքում ու հոգում մեզ պարտված համարենք, ապա ռազմի դաշտում պարտվելն ընդամենը ժամանակի հարց է»։

Հարցրեցի՝ ձե՞ր խոսքերն են։ Վարչապետը գլխով հավանության նշան արեց։ Կարծիք հայտնեցի, որ չի կարելի մտքում և հոգում պարտվել (էդ դեպքում իրական պարտությունը այլընտրանք չի ունենա)։ Այնուհետև հարցրել եմ, թե ի՞նչ ա նշանակում ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի միջոց չունենք՝ չէ՞ որ դրանց դեմ արդյունավետ պայքարում են Սիրիայում և Լիբիայում, ու երբեմն էլ հաղթանակներ տոնում։ Հետևաբար, ի՞նչ խնդիր է՝ քաղաքակա՞ն է (մեզ պատշաճ ու բավարար զենք չե՞ն վաճառում), թե՞ փողի խնդիր է։

Հարցերից հետո, ելնելով տեղում քննարկման բովանդակությունից, անձնական որոշակի դիրքորոշումներ եմ հայտնել։ Առաջինը խոսեցի ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետության բացակայության պայմաններում հնարավոր պարտության մասին։ Կարծիքս հայտնեցի, որ գուցե պետք է կյանքի կոչել 1989թ դեկտեմբերի 1-ի միացման որոշումը ու շարունակել կռվել այն մտքով, որ ինչը կորցնենք, պահպանենք դրա նկատմամբ միջազգային իրավունքները, որպեսզի պարտության դեպքում չստացվի, թե հայկական կողմը ագրեսոր էր և ադրբեջանական կողմը, իրոք, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը (ԼՂԻՄ տարածքը երբեք ադրբեջանական չի եղել)։ Առաջին հանդիպման ժամանակ խոսել էի ԱՀ անկախության իրավունքի ճանաչման մասին, բայց սա լրիվ ուրիշ պատմություն է։

Հայտնածս հաջորդ դիրքորոշումն այն է, որ պարտությունը ոչ միայն Արցախի կորուստ է, այլև Հայաստանի տնտեսական ու սոցիալական խորը ճգնաժամ և քաղաքական մեծ ցնցումներ, որոնցից Հայաստանը կարող տասնամյակներով խելքի չգալ։ Դրա համար առաջարկել եմ մտածել միայն հաղթանակի մասին։

Վերջում կարծիք եմ հայտնել, որ պատմություն ցույց է տվել՝ այնտեղ, որտեղ ռուսական խաղաղապահներ են եղել, հետագայում չի հաջողվել խուսափել պատերազմից և առաջարկել եմ խաղաղապահների առկայությունը չդիտարկել որպես խաղաղության վերջնական երաշխիք։

Ըստ էության, սրանով ավարտվել է հանդիպումը, եթե չհաշվենք, որ«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը ուզում էր խոսք ասել, բայց վարչապեն արդեն շտապում էր հեռախոսազրույցի։ Եթե այսքանից հետո դեռ պահպանվի կարծիքը, թե այդ հանդիպման ընթացքում խոսք է գնացել Հայաստանի ծանրագույն վիճակի, պարտության պայմաններում տեղի ունեցած հանդիպման մասին, ուրեմն ես ինչ-որ կարևոր բան սխալ եմ հասկանում։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ մեր վիճակը ծանր էր, բայց ծան էր նաև թշնամու վիճակը և պատերազմի ելքը դեռ որոշված չէր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել