ՄԽ համանախագահների հետ հանդիպման չեղարկումը մեծագույն նվերն էր, որ Արցախի իշխանությունը կարող էր տալ Բաքվին․ Արա Պապյան
19:53 - 15 դեկտեմբերի, 2020

ՄԽ համանախագահների հետ հանդիպման չեղարկումը մեծագույն նվերն էր, որ Արցախի իշխանությունը կարող էր տալ Բաքվին․ Արա Պապյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագաները վերջին օրերին տարածաշրջանային այցեր են իրականացրել․ դեկտեմբերի 12-ին նրանք Ադրբեջանում էին, իսկ երեկ այցելել էին Հայաստան։ ՀՀ վարչապետը նախօրեին ընդունել է համանախագահ երկրների ներկայացուցիչներին ու անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձեւաչափում բանակցությունների վերականգնումը: Իսկ ահա Արցախի նախագահի ու համանախագահների միջեւ նախատեսված հանդիպումը չեղարկվել է՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է, որ պատճառը ոչ լիարժեք ձեւաչափն է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։

Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արա Պապյանն Արցախի նախագահի քայլը համարում է Արցախի շահերի դավաճանություն։ Infocom-ի հետ զրույցում Պապյանը մեկնաբանեց, որ անգամ Ալիեւը, որը համարում է, որ հարցը Մինսկի խմբի շրջանակներում չպիտի լուծվի եւ արդեն լուծված է համարում, այսինքն՝ շահագրգռված էլ չէ հանիդպել եռանախագահներին, չհամարձակվեց նրանց հետ չհանդիպել․ հանդիպեց, իր ասելիքն ասաց․

«Հիմա ինչ-որ մի տեղական իշխանիկ, որ իրենից ոչինչ չի ներկայացնում, հրավիրվում է մասնակցել աշխարհի երկու հզորագույն պետությունների ներկայացուցիչների հետ, Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկու երկրների հետ, մարդկանց հետ, որոնք առաջ են տանում հենց Արցախի շահերը, բայց չի գնում հանդիպման, որովհետեւ, ենթադրաբար, ինքը սպասարկում է ՌԴ շահերը։ Պարզ ասվում է, չէ՞՝ հանդիպումը չի կայացել հայկական կողմի նախաձեռնությամբ, քանի որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։ Սրան դավաճանությունից բացի այլ անուն տալ չի լինի, այս դավաճանական վիճակով այդ մարդը չի կարող որեւէ խնդիր լուծել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դա մեծագույն նվերն էր, որ Արցախի իշխանությունը կարող էր տալ Բաքվին, եւ, ըստ էության, տվեց։

Պապյանի կարծիքով՝ այս քայլի հետեւանքով հարաբերությունները կարող են ավելի վատանալ համանախագահող երկու երկրների հետ, եւ սա այն դեպքում, երբ ինքներս շահագրգռված պիտի լինեինք նրանց հետ հանդիպում ունենալ ու նրանց ներգրավվածությունը հնարավորինս ակտիվացնել։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի ու Արա Պապյանի համոզմամբ եւս Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի ձեւաչափում, ինչի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Ադրբեջանը պետք է իր զորքերը եւ վարձկան ահաբեկիչներին դուրս բերի պատերազմի միջոցով գրաված տարածքներից: Ըստ Բեւեռի՝ ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը պետք է որակվի ընդամենը որպես հրադադարի եւ հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ, իսկ դրա մնացած դրույթները պետք է դատապարտվեն եւ առոչինչ ճանաչվեն: 

Մեր զրույցում Պապյանը կարծիք հայտնեց, որ ՄԽ ձեւաչափը ձախողված չէ, իսկ շրջանառվող պնդումները, թե այսքան տարիներ այդ շրջանակում ըստ էության աշխատանք չի տարվել, դրա համար էլ զարգացումները հանգեցրել են պատերազմի, հիմնավոր փաստարկ չհամարեց․

«Դա ալիեւյան փաստարկ է․ ի՞նչ է նշանակում «այսքան տարիներ»․ 70-ականներից գնում է Կիպրոսի հակամարտությունը, Իսրայելա-արաբական հակամարտությունը՝ տասնյակ տարիներով, սա ամենաթարմ հակամարտությունն է, թող եւս 30 տարի բանակցեին, ո՞վ ասաց՝ պիտի արագ լուծվեր, եւ լուծվեր հօգուտ Ադրբեջանի։ Ընդհակառակը, Ադրբեջանը ցույց տվեց, որ ինքը ռազմական ճանապարհով է լուծում հարցը՝ ոտնահարելով այսքան տարիների բանակցությունը։ Եւ, փաստացի, Ադրբեջանը ոտնահարել է իր իսկ ստանձնած պարտավորությունները, որովհետեւ բազմիցս է ստորագրել փաստաթուողթ, որտեղ հստակ գրված է եղել, որ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշում։

Առաջինը եղել է ուժի չկիրառումը, այսինքն՝ Ադրբեջանն իր պարտավորություններից հրաժարվել է, եւ եթե հիմա Ադրբեջանին տալ ուժով իր խլածը, նշանակում է խրախուսել միջազգային իրավունքի ոտնահարումը»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ միջազգային իրավունքը քրեական իրավունք չէ, որ ինչ-որ դատաստանագիրք լինի, դրանով պատժեն․ միջազգային իրավունքը պետությունների ստանձնած պարտավորություն է պարունակում։ Եւ, Պապյանի համոզմամբ, եթե նախադեպ է ստեղծվում, որ պետությունը կարող է ստանձնել պարտավորություն, հետո այն ոտանահարել, նշանակում է քանդել այդ ամբողջ իրավական դաշտը․

«Սա շատ վտանգավոր նախադեպ է, եւ դրա համար էլ մենք կարծում ենք, որ պիտի վերադառնանք Մինսկի խմբի ձեւաչափ, կարծում ենք, որ սա խնդրի լուծում չէ, սա պարզապես հրադադար է, եւ այն չի կարող լինել կապիտուլյացիոն փաստաթուղթ, այսինքն՝ որով զուտ ռազմական գործողությունները դադարեցնելու երկկողմ պարտավորությունց ինչ-որ տարածքների հանձնում լինի, սահմանային հարցեր, եւ այլն։ Եթե այդպես է, նշանակում է ոտնահարվում է ոչ միայն միջազգային իրավունքը, այլ նաեւ ՀՀ Սահմանադրությունը․ երկրի ղեկավարն իրավունք ունի միանձնյա միայն հրադադարի պարտավորություն ստանձնել, բայց ոչ այնպիսի պարտավարություններ, որոնք արդեն միջպետական պայմանագրի կարգավիճակ ունեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ միակ ելքը ՄԽ շրջանակներին վերադարձն է․

«Հիմա այսպիսի անարդար իրավիճակ է, ոտնահարվել են մի կողմի իրավունքները՝ այն պատճառով, որ այդ մի կողմն այսօր ավելի թույլ է։ Մենք պիտի ուժեղանանք եւ զենքի ուժով խնդի՞ր լուծենք, սա՞ են ուզում։ Սա բերելու է փակ ցիկլի, մի անգամ մենք ենք ուժեղ լինելու, մի անգամ՝ իրենք․ հարցը պիտի լուծվի բանակցություններով՝ Մինսկի խմբի շրջանակում։ Պիտի վերադառնանք այն կետին, որին կայինք մինչեւ այս պատերազմի սկիզբը։ Պարզապես հայկական կողմը, երբ խոսում է տարածքային ամբողջականության մասին, պիտի անպայման հստակեցնի՝ ինչ տարածքի մասին է խոսքը, արդյոք ՍՍՀՄ վարչական միավորի տարածքը կարո՞ղ է համարվել միջազգային իրավունքի սուբյեկտի տարածք, թե՞ ոչ»։ 

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռը եւս այն համոզմանն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա։

Արա Պապյանի խոսքով՝ պնդումը, թե հրաժարականը կհանգեցնի իրավիճակի ավելի վատթարացման կամ բախումների, ճիշտ չէ, որովհետեւ Փաշինյանը, հեռանալով վարչապետի պաշտոնից, շարունակելու է մնալ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության առաջնորդը․

«Ինքն է բոլորին բերել այդ խորհրդարան, ինքն էլ բոլորին տիրություն է անում, այնպես որ՝ հանգիստ կարող է խորհրդարանի միջոցով վերահսկել այն անձին, որը կլինի ժամանակավոր վարչապետ՝ մինչեւ խոստացած փոփոխությունները տեղի ունենան, հետո երկիրը կգնա ընտրությունների, եւ դրանով կորոշվի երկրի ճակատագիրը։ Կարծում եմ՝ դա է միակ ելքը, հակառակ դեպքում ճգնաժամային վիճակը շարունակվելու է, եւ երկիրը դուրս չի գալու այդ վիճակից»։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ինքը կհեռանա, եթե ժողովրդի հստակ կամարտահայտում լինի, Պապյանն ասաց, որ Փաշինյանը պիտի հստակեցնի՝ ինչ է նշանակում կամարտահայտություն լինի կամ չլինի․

«Ենթադրենք՝ չկա կամարտահայտում, ինքը պարտված վարչապետ չէ՞, ինքը չի ստորագրե՞լ կապիտուլյացիա, ինքը, երկուսուկես տարի լինելով երկրի ղեկավար, կարո՞ղ է նշել մի ոլորտ, որտեղ հաջողություն ենք ունեցել։ Ի վերջո կա սեփական խղճի դատարանի հարցը, սեփական գործունեության գնահատականը։ Անկախ նրանից՝ ժողովուրդն ուզում է, թե չէ, ինքը պիտի հրաժարական տա։

Գամալ Աբդել Նասերը, երբ պարտվեց Իսրայելին, հրաժարական տվեց եւ գնաց, հետո ժողովուրդը կամարտահայտությամբ նրան հետ բերեց, բայց նա ուներ այնքան խիղճ եւ քաղաքական իրատեսություն, որ գնաց։ Ադոլֆ Հիտլերը, երբ պարտվեց, ինքնասպան եղավ, Ճապոնիայի ամբողջ կառավարությունը, երբ պարտվեց, հարակիրի արեց (ճապոներեն՝ փորը կտրել), հունական ռազմական ամբողջ ռազմական ու քաղաքական ղեկավարությունը, երբ պարտվեց, գնդակահարվեց, անգամ Նապոլեոնը, երբ պարտվեց, աքսորվեց սուրբ Հեղինե կղզի։ Այդպիսի բան չկա աշխարհում, որ մեկը պարտվի պատերազմում, այն էլ նման ջախջախից ու խայտառակ ձեւով, շարունակի մնալ իշխանության։ Սա արդեն զավեշտ է»։ 

Պապյանի խոսքով՝ կա մեկ ձեւ՝ որոշելու, թե ինչպիսին է ժողովրդի կամարտահայտությունը․ գնալ ընտրությունների․

«Գնա ընտրությունների, ժողովուրդը քվեն կտա քեզ՝ կիմանաս, որ չի ուզում գնաս, նորից քեզ կընտրի, չի տա քվեն՝ ուրեմն ուզում է՝ գնաս։ Ընդհանրապես, ցանկացած լուրջ հարցից առաջ կառավարությունը նորից գնում է ժողովրդի մոտ եւ հանրաքվեի եղանակով խնդրում է, որ վերահաստատի իրեն տված լիազորությունները։ Այսօր առանձին հանրաքվեն մեզ համար ծախսաշատ հաճույք է, դրա համար միանգամից ընտրությունով հնարավոր է այդ ամենը հստակեցնել»։ 

Իսկ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն ու խոստացած բարեփոխումները, Պապյանի համոզմամբ, հնարավոր է կեսից մեկ տարում իրականացնել․ պետք է գա ժամանակավոր վարչապետ, իրականացնի այդ քայլերը, կազմակերպի ընտրություններ։ Եւ պնդումը, թե Փաշինյանի հրաժարականի դեպքում նախկինները կվերադառնան, ըստ մեր զրուցակցի, մանր, գավառական խորամանկություն է․

«Ի վերջո խորհրդարանն է ընտրելու վարչապետ։ Հիմա մի թեկնածություն այդ խմբավորումն է առաջադրել (Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունները,- խմբ․), մի թեկնածու էլ՝ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Կարող է՝ մեկ-երկու թեկնածություն էլ առաջադրի հենց «Իմ քայլը»՝ իր շարքից։ Ընդհանրապես, ճիշտ կլիներ, որ «Իմ քայլը» գտներ տնտեսական շրջանակներում մի ապաքաղական անձի, նրան էլ առաջադրեր։ Թող խորհրդարան ներկայացվեն ժամանակավոր վարչապետի մի քանի թեկնածություններ, խորհրդարանն ընտրի։ Ի՞նչ է, այդ տասնյոթից դուրս այլ մարդիկ չկա՞ն, եւ ես չեմ կարծում, որ խորհրդարանն անպայմանորեն պնդելու է, որ ընտրվի հենց Վազգեն Մանուկյանը։ Ես կարծում եմ՝ եթե թեկնածուն չեզոք լինի, չլինի «Իմ քայլ»-ից ու տասնյոթից, դրան էլ բոլորը կհամաձայնվեն։ Կարեւոր է, որ այդ անձը լինի տնտեսական լավ ղեկավար, որովհետեւ ծանր վիճակ է սպասվում, եւ կարողանա ապահովել օրենսդրական փոփոխություններն ու ընտրությունները»,- եզրափակեց Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արա Պապյանը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել