Հույս ունեմ՝ հրադադարի խախտումը կլինի միակը, և կողմերը կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ. Պուտին |1lurer.am|
18:05 - 17 դեկտեմբերի, 2020

Հույս ունեմ՝ հրադադարի խախտումը կլինի միակը, և կողմերը կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ. Պուտին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահը անդրադարձել է նաև Հադրութի շրջանում հրադադարի ռեժիմի խախտմանը: Նա մասնավորապես նշել է.

«Հրադադարի խախտում տեղի է ունեցել միայն մեկ անգամ, և հույս ունեմ, որ դա կլինի միակը, և, ի վերջո, բոլոր կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ՝ մեր և Մինսկի խմբի միջնորդությամբ: Հուսով ենք, որ միջազգային միջնորդները, ի վերջո, խոսքից գործի կանցնեն, կօգնեն այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձողներին, որպեսզի ոչ միայն Ռուսաստանը մարդասիրական օգնություն տրամադրի, այլև միջազգային կազմակերպությունները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Պարենի կազմակերպությունը: Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակելու այդ աշխատանքը»:

Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը՝ Վլադիմիր Պուտինն ասել է․

«Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է այն բանի վրա, որ ինչպես իրենք են կարծում, պաշտպանում է Ադրբեջանի իրավական գործը, այսինքն՝ տարածքների վերադարձը, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ գրավվել էին: Միջազգային իրավունքի տեսանկյունից ամբողջ տարածքը համարվում է Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մաս: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս առումով և միջազգային իրավունքով Ղարաբաղը Ադրբեջան է:

Իմ կարծիքով՝ իրավիճակն ավելի բարդ է, քան ազգամիջյան բախումներն էին, որոնք սկսվել են դեռևս Սումգայիթում, այնուհետև՝ տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Յուրաքանչյուր կողմն ունի իր ճշմարտությունը: Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել իրենց կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը ձևավորվել է այս տարի ստեղծված հակամարտության ժամանակ: Եռակողմ հայտարարությամբ մենք պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները, և, ինչը շատ կարևոր է, կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որտեղ եղել են մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Հենց այդտեղ էլ պետք է կանգնեն:

Այս կապակցությամբ առաջանում են տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ: Իսկ ենթակառուցվածքային դժվարություններն առաջացել են թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմի համար: Այս խնդիրը պետք է հանգիստ վիճակում լուծվի բանակցային գործընթացի միջոցով, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է բոլոր հիմքերն ու հնարավորությունները դրա համար, քանի որ փաստաթղթում ասվում է, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հաջորդ փուլը պետք է լինի տարածաշրջանում հարաբերությունների լիակատար կարգավորում՝ տնտեսական և ենթակառուցվածքային ներուժի հնարավորությամբ, այդ թվում՝ դա կապված է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությանը: Դա վերաբերում է Նախիջևանին, Հայաստանի հարավի ու հյուսիսի հաղորդակցությանը»,- ասել է ՌԴ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել