Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու․ Շուռնուխի գյուղապետ
13:12 - 18 դեկտեմբերի, 2020

Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու․ Շուռնուխի գյուղապետ

Այսօր՝ կեսգիշերն անց, Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ֆեյսբույքան ուղիղ եթերի միջոցով կոչ էր անում, որ ժամը 10:00-ին բոլոր այն կամավորները, որոնք զինված են, գնան եւ միանան Շուռնուխի պաշտպանությանը:

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն Infocom-ի հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է գյուղի ներքեւի թաղամասին՝ մայրուղու ներքեւում գտնվող հատվածին:

«Սահմանազատումն անելուց GPS-ով են ընդառաջվելու: Իմ տունը  ներքեւի թաղի ամենացածր հատվածում է: Իմ տան բոստանից անմիջապես հետո սահմանն է լինելու: Եթե այդ հատվածը թողնեն մեզ, այդտեղ սահմանապահ չի կանգնելու: Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու»,- ասաց գյուղապետը:

Քարտեզում պատկերված է Շուռնուխ գյուղը, որի՝ դեղինով գծանշված եւ մուգ կարմիրով լցված հատվածը պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ:

Գյուղապետի խոսքով՝ երեկ մեր զորքն այնտեղից վերջնականապես հանվել է, հիմա մի քանի ռուս սահմանապահներ կան տեղում, իսկ մայրուղուց պետք է օգտվեն ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները. մայրուղին պետք է վերահսկեն ռուս սահմանապահները: Գյուղի այս հատվածում, որը պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, կա 12 տնտեսություն:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու: Այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:

Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ եղելության մասին առաջիկայում պարզաբանում կտարածեն:

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել