Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. պատգամավոր |1lurer.am|
14:19 - 22 դեկտեմբերի, 2020

Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ Արցախ կատարած այցից: Պատգամավորը հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ:

«Հանդիպումներ ունեցանք բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, ներկայացվեց ամբողջական խնդիրը և ցուցակները, որը վերցրել են իրենց մոտ, և ըստ դրա նույնականացում կարվի: Ռուսական կողմը, պարոն Մուրադովը վստահեցրեց, որ գերիների կյանքին և առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: Այսինքն՝ իրենք ամրագրել են այս փաստը»,- ասաց Հովսեփյանը:

Ըստ պատգամավորի՝ կա խոսք, որ մյուս գերիները, որոնք վաղուց էին գերեվարվել, նույնպես կվերադարձվեն: Ժամկետների մասին պատգամավորը չխոսեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հովսեփյանն անդրադարձավ նաև այս օրերին Սյունիքի մարզում տիրող տրամադրություններին: «Կա անհանգստություն, և բնական է, որ այն պետք է լիներ: Բնական է, որ երկար ժամանակ խաղաղ ու հանգիստ ապրող Սյունիքն այսօր անվտանգության խնդիր ունի թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով»,- նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ առաջիկայում կլինի Սյունիքում:

Պատգամավորն անգամ առաջարկեց իր գործընկերներին Ամանորը միասին դիմավորել Սյունիքում: 

«Ուղղակիորեն մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձ կարգավիճակում: Այն վտանգները, որոնք ամեն տարի լինում էին Տավուշում, և գյուղացիներն արդեն սովոր էին ադրբեջանցիների 500 մետր կամ 1 կիլոմետր հեռու լինելուն և սադրանքներին ու ինչ-որ քայլերին, որոնք կարող են լինել այստեղ: Այդ մարդկանց պարզապես մենակ թողնելու իրավունք չունենք»,- նշեց Հովսեփյանը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել