Գերծանրաբեռնված աշխատանք, նաև՝ արտառոց զանգեր․ ինչպես է աշխատել ԱԱՏՄ թեժ գիծն անցյալ տարի
17:10 - 14 հունվարի, 2021

Գերծանրաբեռնված աշխատանք, նաև՝ արտառոց զանգեր․ ինչպես է աշխատել ԱԱՏՄ թեժ գիծն անցյալ տարի

ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայությունը 2020 թ. ստացել է ավելի քան 2500 զանգ՝ 2019-ի համեմատ ավելի քան 7 անգամ ավելի։

Նախորդ տարեսկզբին ԱԱՏՄ-ն գործարկել է իր նոր թեժ գիծը՝ 8107-ը։

Զանգերի թիվը կտրուկ աճել է կորոնովիրուսի առկայությունը Հայաստանում արձանագրելուց հետո՝ արտակարգ դրության հայտարարումից հետո։

Արդեն ապրիլին ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերը գերազանցել են նախորդ ողջ տարվա զանգերի թիվը։ Իսկ մայիսին ապրիլի համեմատ զանգերը գրանցել են ընդհուպ մինչև կրկնակի աճ։

Բացի տեսչականի գործառույթներին վերաբերող հարցերից, քաղաքացիներին մտահոգում էին երկիր մուտք գործելու ընթացակարգերը, ինքնամեկուսացման, պարետի որոշումների, սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների, ԱԱՏՄ մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումներին առնչվող հարցեր:

Մայիսին պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված, ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ։ ԱԱՏՄ-ին լիազորվել է ապահովել սահմանված կանոնների պահպանման վերահսկողությունը։ Ելնելով այս գործառույթներից՝ մայիսին գրանցվել են տարվա ամենամեծաթիվ զանգերը՝ 646:

Սահմանված նորմերի մասին տնտեսվարողների իրազեկման բարձրացմամբ և սահմանափակումների թուլացմամբ պայմանավորված՝ հուլիսին նկատվել է զանգերի թվի նվազում։

Զանգերի մեծ հոսք է գրանցվել ամենատարբեր ոլորտների տնտեսվարողների մոտ COVID-անվտանգության կանոնների պահպանման, պաշտպանիչ միջոցներ չկրելու, սոցիալական հեռավորությունը չպահպանելու և այլնի հետ կապված։

Զանգերը նաև սեզոնային բնույթ են կրել․ ամռանն ավելացել են աղմուկի, հյուրանոցներում և հանգստյան տներում անվտանգության կանոնները ոչ պատշաճ պահելու հետ կապված զանգերը։

Տարվա ընթացքում աճի նկատելի միտում են ունեցել աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող հարցերը՝ պայմանավորված ԱԱՏՄ նոր լիազորություններով և ընթացիկ իրողություններով՝ համավարակ, պատերազմ։ Քաղաքացիները և գործատուները հաճախ են պարզաբանում խնդրել կորոնավիրուսով պայմանավորված բացակա օրերին աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ, եղել են հարցեր՝ կապված աշխատանքից անհիմն ազատելու, հղիի աշխատանքային իրավունքների հետ և այլն:

Տարվա երկրորդ կեսին՝ արտակարգ դրությունից կարանտինի անցնելու և ռազմական դրության շրջանում, որոշակիորեն փոխվել է զանգերի բնույթը։ Հաճախ են հետաքրքրվել մարտական գործողություններին կամավոր կամ զորակոչով մեկնողների վճարման, բացակայության ձևակերպման հարցերով։ COVID-անվտանգության կանոնների պահպանման մասով բողոքներն աստիճանաբար նվազել են՝ պայմանավորված ինչպես երկրում ստեղծված իրավիճակով, այնպես էլ տնտեսվարողների զգոնության բարձրացմամբ։

Զանգերի մի մեծ խումբ վերաբերել է ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու մասով փոփոխությանը։

Եղել են նաև դժգոհություններ COVID-անվտանգության կանոնների գործող որոշ պահանջներից։

Ստացվել են նաև արտառոց զանգեր։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել