Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովը օրենսդրական փոփոխության առաջարկ է արել  |armenpress.am|
11:57 - 19 հունվարի, 2021

Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովը օրենսդրական փոփոխության առաջարկ է արել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր աշխատանքների արդյունքում, ի թիվս այլ առաջարկությունների, առաջարկել է նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա մասնավոր կապիտալի ներգրավում և նոր ներդրումային միջավայրի ձևավորման հնարավորություն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում:

Քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը ԱԺ նիստում ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը:

 

Բագրատյանի վստահեցմամբ՝ հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է հանրային հնչեղություն ունեցող հարցերից: Ինչպես նշված է զեկույցում՝ աշխատանքը բաժանվել է հատվածների. ուսումնասիրել Ամուլսարի հանքի շահագործման թույլտվության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Թեղուտի, Սոթքի և Մղարդի հանքավայրերի հետ կապված հարցերը:

«Նոյեմբերի 25-ին քննիչ հանձնաժողովը հրավիրած նիստում քննարկել է ոլորտի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնաժողովին տրամադրված տեղեկատվությունները։ Քննարկվել են մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր: Դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Հանքավայր շահագործող 27 ընկերություններն ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են սկսած 2025-2045 թվականներից։ Շեշտադրվել է այն փաստը, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն՝ շահույթով չի աշխատում»,-ասաց Բագրատյանը:

Առաջարկվել է ուսումնասիրել այդ կազմակերպությունների ներդրումային ծրագրերը, դրանց ծավալները, նպատակները։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ պատկան մարմիններին ուղղված հարցերի ցանկը։ Կարևորվել է հանքավայրերի իրական սեփականատերերի, հանքանյութի արտահանման ծավալների, տվյալ կազմակերպության աշխատողների թվի, միջին աշխատավարձերի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Հանձնաժողովը կատարել է հարցումներ, որոնց ի պատասխան ՊԵԿ-ից ստացվել է մաքսային սահմանն հատած ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն, որի բացվածքը, Բագրատյանի խոսքով, այդպես էլ չի պարզաբանվել ՊԵԿ-ի կողմից:

Հանձնաժողովը քննարկել է նաև Ամուլսարի շահագործման տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության թեման:

«Փաստում ենք, որ ՀՀ տարածքում գործող հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների հաշվետվությունները հիմնականում արժանահավատ չեն, դրանց օրինականությունը հիմնավորված չէ»,- նշեց Բագրատյանը

Կատարված աշխատանքների արդյունքում քննիչ հանձնաժողովն առաջարկել է կազմակերպել տեսակոնֆերանս ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության կենտրոնի փորձագետների հետ՝ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով: Հանձնաժողովն առաջարկել է նաև Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կազմակերպել լայնածավալ կրթական և իրազեկման միջոցառումներ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ թափանցիկ աշխատելու և դրա արդյուքում դրական կողմերը արձանագրելու տեսանկյունից, նաև նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա մասնավոր կապիտալի ներգրավում և նոր ներդրումային միջավայրի ձևավորման հնարավորություն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում։ Հանձնաժողովն առաջարկել է մշակել կարգավորման մեխանիզմ հանքարդյունաբերողների ընթացիկ պարտավորությունների պարտադիր ամենամսյա հրապարակման համար։  Հանձնաժողովն իր զեկույցում շեշտել է նաև, որ արդյունավետ կառավարման ապահովման և ֆինանսական ցուցանիշների վերահսկողության նպատակով բոլոր հնարավոր գործառույթներում անհրաժեշտ է ձևավորել նոր չափորոշիչներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել