ԵՊՀ-ում կստեղծվի աշխատավարձերի չափը ուսումնասիրող հանձնաժողով
 |armtimes.com|
22:05 - 29 հունվարի, 2021

ԵՊՀ-ում կստեղծվի աշխատավարձերի չափը ուսումնասիրող հանձնաժողով |armtimes.com|

armtimes.com: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի շուրջ 6 ժամ տեւած նիստը անցկացվեց առանց նախագահի:

Նիստը հրավիրելու նախաձեռնությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանինն էր: Խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը նիստի սկզբում ցավով նշեց, որ իրենք արդեն երրորդ անգամ են հայտնվում այս իրավիճակում, երբ չգիտեն, թե Հոգաբարձուների խորհրդի նիստն ով պետք է կազմակերպի:

«Նույնիսկ լիազոր մարմնի կողմից այն կարգավորումը, որ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը, ռեալ հիմք չէ՝ նիստ հրավիրելու համար, որովհետեւ ե՛ւ կանոնադրությամբ, ե՛ւ խորհրդի աշխատակարգով նիստը պետք է հրավիրի նախագահը, իսկ խորհուրդը նախագահ չունի:  Մենք պետք է կարգավորում տանք եւ հասկանանք՝ երբ Հոգաբարձուների խորհրդի նախագահը հրաժարական է տալիս կամ այլեւս կազմում չէ, ինչ պետք է անի Խորհուրդը, որպեսզի խորհրդի նիստի օրինականությունը, հաջորդ նիստի  հրավիրման հետ կապված, կասկածի տակ չդրվի»,- ասաց նա:

Նման դեպքերից խուսափելու համար որոշվեց կարգում փոփոխություն մտցնել, ըստ որի՝ երբ չկա նախագահ, քարտուղարը, եթե սովորող անդամ չէ, կարող է ստանձնել նիստը հրավիրելու պարտականությունները:

Նիստը նախագահող Անահիտ Չուբարյանը Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրեց Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը առաջադրեց կառավարման եւ գործարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։

Քվեարկության արդյունքների համաձայն՝ Հայկազ Նավասարդյանը ստացավ  14, իսկ Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն: Ըստ օրենքի՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ընտրվում է Հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների  պարզ մեծամասնությամբ: Անհրաժեշտ 16+1 ձայնը չապահովելու պատճառով առաջարկված թեկնածուներից ոչ մեկը չընտրվեց որպես ՀԽ նախագահ, եւ օրակարգի այդ հարցը տեղափոխվեց հաջորդ նիստ:

Այնուհետև ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ՀԽ անդամների հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ 2021 ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը: Նրա խոսքով, ԵՊՀ 2021 թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը դեֆիցիտային է։ «Դեֆիցիտի լրացման աղբյուրը 2021 թ. հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների ընթացքում կուտակված դրամական միջոցների մնացորդն է», -ընդգծեց նա։

Այնուհետեւ քննարկվեց եւ հաստատվեց ԵՊՀ 2021 թվականի հաստիքացուցակը: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ կատարվել է օպտիմալացում տնտեսական բլոկում, աշխատակիցների քանակը պակասեցվել է, դասախոսների կազմում կան փոփոխություններ՝ կապված ուսանողների թվի նվազման հետ, բայց այդ փոփոխությունները էական չեն։

«Անցնող տարի ԵՊՀ-ն մասնակցել է համաֆինանսավորման ֆինանսական ծրագրերին բավականին արդյունավետ: Այս տարի փետրվարից նախատեսում ենք պրոֆեսորադասախոսական անձնակազմի  աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում,  նույն չափով նաեւ՝ ամբոնի  վարիչների դեպքում, բայց միայն դասախոսական հատվածի համար, որոշ դեկանների աշխատավարձի բարձրացում՝ 10 տոկոսից ավելի: Սեպտեմբեր ամսից նախատեսում ենք մնացած աշխատակիցների աշխատավարձի բարձրացում 10 տոկոսով, ավանդական 13-րդ աշխատավարձը հաշվված է, իսկ օգոստոս ամսվա վերջին՝ 50 տոկոս պարգեւատրում համալսարանի բոլոր աշխատակիցներին: Առաջարկ եմ ներկայացնելու ֆինանսական վարչությունը եւ եւս մեկ նմանատիպ վարչություն լուծարելու, բայց մինչեւ այդ ես դա պիտի քննարկեմ գիտական խորհրդում»,- նշեց Գեղամ Գեւորգյանը:

Կառլեն Խաչատրյանի առաջարկով ՀԽ-ն որոշեց ստեղծել 5 անդամից բաղկացած հանձնաժողով, որը կզբաղվի աշխատավարձերի չափերի ուսումնասիրմամբ եւ այդ հարցերի կանոնակարգմամբ:

Ավելին կարդացեք Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել