Արմեն Սարգսյանի քաղաքական մոլորությունները |aravot.am|
11:37 - 03 փետրվարի, 2021

Արմեն Սարգսյանի քաղաքական մոլորությունները |aravot.am|

aravot.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Դեպի «Չորրորդ Հանրապետություն» վերնագրած իր հոդվածում նկարագրում է, որ մեր նախնիները պետականության վերականգնման երազանքներ են ունեցել։ Նա նշում է, որ այդ երազանքը փայփայելով, նախնիները իրականացրել են անհնարը՝ առանց պետականություն դարերի միջով անցկացրել ու պահպանել են մեր մշակույթը, ինքնությունը, պատմությունը։ Ըստ նրա, ի վերջո, 20-րդ դարում մեզ հաջողվել է իրականացնել մեր նախնիների երազանքը։ Ահա՛, այսպես է նա գրում դրա մասին․ «Մեր հազարամյա երազանքն իրականացել էր՝ վերջապես մենք ունեցանք մեր տունը, դրոշը, զինանշանն ու օրհներգը»։

Իրականում, պետականության ձևավորման այդ բաղձալի ժամանակներում թերևս շատ քչերն էին հասկանում, որ պետականությունը դրոշը, զինանշանն ու օրհներգը չեն և որ դրանք ընդամենը ինքնորոշման ակտի հետևանքներ են։ Եթե պետականության մասին այլ պատկերացումներ լինեին, մենք նաև այն ունենալու քայլերի ականատես կլինեինք և կստացվեր պետություն ստեղծել, ինչը այդպես էլ չեղավ։ Իհարկե, շատերին թվացել է՝ եթե հետևանքները կան (դրոշը, զինանշանը, օրհներգը), հետևաբար կա նաև պատճառը՝ ինքնորոշումն ու դրա շրջանակներում ինքնուրույնությունը։ Երևի ոմանց թվացել է, թե միջազգային հարթակներում ձայնի իրավունք ունես, ուրեմն պետություն ես։ Մյուսներին գուցե թվացել է, թե պատվիրակությունների կազմում նստում ես որոշակի գույներով ներկված դրոշի տակ, ուրեմն պետականություն ունես։ Մինչդեռ այս ամենն ընդամենը ձևն է և ոչ բովանդակությունը։ Ի՞նչ է պետությունը։

Պետությունը որոշակի տարածքում որոշակի արժեքների և գաղափարների շուրջ համախմբված մարդկանց բազմություն է, որ միմյանց հետ կապված են շատ որոշակի պայմանավորվածություններով, որոնք հարաբերություններ են ձևավորում։ Ըստ այդմ, պետությունը այս մարդկանց միջև ձևավորվող հարաբերությունների ամբողջությունն է։ Նրանք պայմանավորվում են միմյանց ֆիզիկական անվտանգությունը միասնաբար ապահովելու, միասնական կյանքի համար անհրաժեշտ կառավարման օղակների քանակի, տեսակի, քաղաքացիներից յուրաքանչյուրի ունեցած իրավունքների ու պարտականությունների, կառավարման համակարգի և այլնի մասին։ Քանի որ այդ պայմանավորվածությունները համընդհանուր են, վարձում են մեկին, որ կպատժի պայմանավորվածությունները խախտողին։

Այս ամենը արձանագրվում է երկրի Սահմանադրության կամ գլխավոր օրենքների մեջ։ Հարցն այն է՝ արդյո՞ք հայաստանցիներիս պետություն ստեղծելու պատկերացումներն ու հմտությունները ԽՍՀՄ փլուզումից հետո բավարար են եղել և տեղի ունեցել է նկարագրված պայմանավորվածությունների հանգելու գործընթաց։ Կարծում եմ՝ ոչ։ Բավարարվել ենք դրոշով, զինանշանով և օրհներգով։ Հարաբերությունները կարգավորվել են տարերայնորեն։

Պետության հիմքում ընկած պայմանավորվածությունների անհրաժեշտությունը ստորադասվել է քաղաքական կոնյուկտուրային։ Իրար հաջորդող սահմանադրությունները եղել են օրվա կառավարող ուժի կամքը, ինչը, հանրաքվեները կեղծելով, պարտադրվել է հանրությանը։ Նույնիսկ կառավարող օղակներում դրանց շուրջ միակարծիք չեն եղել։  Որոշումները կայացվել են առանձին անձերի կամ խմբերի միջև և բոլոր դեպքում իրական բանավեճ, որ կհանգեցներ պետությանը հատուկ կոնսենսուսային որոշումների, չի եղել։

Հենց այստեղ է, որ մենք խաբել ենք ինքներս մեզ, թե պետություն ունենք, քանի որ կա դրոշ, զինանշան ու օրհներգ։ Հենց այստեղ է ժողովրդավարությունը պարտվել նեղ խմբային շահերին, ինչը, ի վերջո, հիասթափեցրեց հարյուր հազարավոր քաղաքացիների։ Նրանք իրենց չգտան կայացած «պայմանավորվածությունների» մեջ և արտագաղթեցին։ Այդ մոլորությունը, թե մենք պետություն ենք ունեցել, անցավ տասնամյակներով։ Առաջինից հետո կեղծվեցին ևս 2 սահմանադրական հանրաքվեների արդյունքները և հասավ մեր օրեր, երբ նույնիսկ հեղափոխական գործընթացներով անցած թիմը հրաժարվեց որոշակի պայմանների հիմքով պետություն ստեղծելու գործընթաց սկսել։

Արմեն Սարգսյանի կարծիքը, թե մենք պետություն ունեինք, բայց այն չգնահատեցինք, հետևանք է պետության էության մասին կեղծ, թյուր պատկերացումների, իսկ պետության ձախողումը՝ նրա, որ հավաքական մենք մինչև հիմա չգիտենք, թե ինչ բան է պետությունը։ Բնական է, որ քաղաքական մտածողության նման մակարդակում ի հայտ կգային աշխույժ խարդախներ, որոնք կյուրացնեին պետական կառավարման համակարգը։ Հենց այդպես էլ կարելի է բնութագրել վերջին տասնամյակների մեր պատմությունը։

Հոդվածի մեջ տեսնում ենք սրա հետ կապված երկրորդ մոլորությունը։ Նախագահը կարծում է, թե օրենսդիր, գործադիր և դատական մարմինների անկախությունն ու փոխադարձ վերահսկողությունն ապահովելը կարող էր ժողովրդավարական պետության արժեքն իմացող և խստորեն պահպանող քաղաքացի ձևավորել։ Եթե հավաքական հանրությունը չի գիտակցում պայմանավորվածությունների արժեքը, ապա այսպես կոչված «էլիտաները» չեն կարող իրենց պայմանավորվածությունները պարտադրել նրան։ Այստեղ ամենամեծ հարվածն է հասցվում վերը նկարագրված պետություն գաղափարին։

Նույնիսկ խնդրի ձևակերպման մեջ է նշվում, որ արդեն 2020 թվականին քաղաքացին դեռևս ձևավորված չէ և այդպիսի «էլիտիստական» պայմանավորվածություններով ապրելն է ձևավորելու այն քաղաքացուն, որը այդուհետ համընդհանուր ընդունված արժեքների հիմքով ճիշտ ընտրություն կկատարի։ Մինչդեռ պետության քաղաքական համակարգի նման բարդ համակարգերը ստեղծում են հանրության գիտակցված որոշմամբ։ Առանց հանրության լայն համաձայնության ձևավորված համակարգերը մեռնում են այն ձևավորած մարդու կամ խմբի հեռանալու հետ։ Այլ կերպ ասած, եթե համակարգի էության, դերի և նշանակության մասին համապատասխան գիտելիքներ չկան, մի անհատի կառուցած համակարգը կմեռնի նրա հետ։

Հենց դրա համար էլ մենք մինչ այժմ ընտրություն ենք կատարում անձերի միջև՝ եղած չարիքներից ընտրելով փոքրագույնը, քանի որ պատկերացում չունենք, թե ինչն է լավը, իրականը։ Պետության և դրա հիմքում ընկած պայմանավորվածությունների արժեքն իմացող հանրությունը, սովորաբար, ատամներով պահում է իր պայմանավորվածությունները և խստորեն պատժում դրանք խախտել փորձողներին։

Այս հիմնախնդիրը նախագահն առաջարկում է լուծել ընտրությունների միջոցով։ Հենց սա էլ հերթական, արդեն երրորդ մոլորությունն է։ Այո՛, մեր բոլոր խնդիրների լուծման մեխանիզմը հանրային դաշտում ձևակերպվել է որպես նոր ընտրությունների պահանջ։ Ընտրություններ ասելով այն պահանջող բոլոր անհատներն ու խմբերը պատկերացրել են կառավարող օղակի փոփոխությունը և, որ ցանկալի է, իրենցով։ Սակայն եթե ընտրությունների կամ քվեարկության հիմքում քաղաքացին դնում է միայն ներկա կառավարությանը մյուսով փոխելու անհրաժեշտությունը, ապա դրանով խնդիրը չի լուծվում։

Հայ քաղաքական դոմինանտ միտքը երբեք «Այսինչ հեռացիր»-ից առաջ չի անցել։ Անհնար է խնդրի լուծում ակնկալել մի վիճակում, որում այն գոյացել է։ Եթե հանրությունը չի պատկերացնում, թե ինչ է պատվիրակում նրան, ում ընտրում է, ընտրությունը լավը լինել չի կարող։ Մեր ընտրությունը անընդհատ սխալ է եղել, որովհետև ընտրության հիմքում դրված չափորոշիչներն են կեղծ եղել։

Եվ ահա, հանրապետության նախագահը հռչակում է ի՛ր չափորոշիչները։ Ահա, թե նա ինչպես է դա անում․ «Կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և փորձագետներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում»։ Հիմա յուրաքանչյուրս մեզ հարց տանք՝ ինչպե՞ս են ոլորտային մասնագետները փոխելու իրերի այն դրությունը, որը վերը նկարագրված է։ Հայաստանում արդեն իսկ նույն սկզբունքով կառավարություն ձևավորվել է։ Առաջինը դա արել է Ռոբերտ Քոչարյանը, երբ հայտարարեց, որ իր կառավարությունը լինելու արհեստավարժների կառավարություն։ Երկրորդ նման փորձը Կարեն Կարապետյանի կառավարությունն էր։ Զուտ քաղաքական արդյունքները նույնն են, ինչ ոչ պրոֆեսիոնալներինը։ Թերևս, մի քանի ոչ էական շեղումներ լինեն։

Քանի որ «պրոֆեսիոնալների կառավարություն» ախտով տառապում է ոչ միայն Արմեն Սարգսյանն, այլև նույն Նիկոլ Փաշինյանը կամ Էդմոն Մարուքյանը և շատ այլ հանրային գործիչներ, ապա արժե ավելի մանրամասն անդրադառնալ այս խնդրին։ Իհարկե, ոչ ոք չի պնդում, թե կառավարման ղեկին պետք է լինեն բացառապես ոչ պրոֆեսիոնալները։ Միաժամանակ, Հայաստանի իրողությունների պայմաններում կան մի շարք հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում բացառապես այդպիսի չափորոշիչով կառավարիչների ընտրությամբ արդյունավետ կառավարումը։

Հանգամանքներից մեկն այն է, որ քաղաքական կուսակցությունները հիմնականում ապագաղափարական են, ինչը ունի իր օբյեկտիվ պատմական հիմքերը։ Հայաստանում չկա գեթ մեկ կուսակցություն, որն իր մեջ կներառի բոլոր ոլորտների լավագույններից գոնե մեկին և այնպես, որ այդ բոլոր մարդիկ կիսեն կուսակցության որդեգրած գաղափարախոսությունը։ Եթե կառավարման ղեկը ստանձնած քաղաքական ուժը որոշում է ձևավորել «պրոֆեսիոնալների» կառավարություն, ապա ստիպված է լինելու ներգրավել այնպիսի կադրերի, որոնք գաղափարական առումով հակոտնյա են կառավարող ուժին։ Այսպիսով «պրոֆեսիոնալների կառավարությունը» նմանվում է կարապի, խեցգետնի ու գայլաձկան մասին առակին, երբ կառավարումը դառնում է պայքար ոչ թե երկիրը զարգացնելու, այլ սեփական «թիմակիցներին» գաղափարապես հաղթելու համար։

Հաջորդ հանգամանքը «պրոֆեսիոնալների» կոնյունկտուրայի մաս լինելն է։ Պետական համակարգում թրծված «պրոֆեսիոնալները» հենց այն համակարգի ծնունդն են, որը նրանք իբրև թե պետք է փոխեն։ Այդպիսով ռեֆորմներ չեն լինում։ Փոխվում են ոչ հաճո անձինք, գերատեսչության կառուցվածքը և երկրորդական նշանակություն ունեցող այլ երևույթներ, բայց ոչ համակարգը։ Մինչդեռ սովորաբար լավագույն բարեփոխումներն իրականացնում են ոլորտից դուրս կայացած անձինք ու խմբերը, որոնք քաղաքական մտածողության վեկտոր ունեն։

Ընդ որում, ամբողջ կառավարությունը պետք է նույն այդ վեկտորի հետ համաձայնության գա։ Իսկ եթե դա տեղի է ունեցել, ապա դա կկոչվի ոչ թե «պրոֆեսիոնալների կառավարություն», այլ որոշակի գաղափարախոսությամբ կուսակցություն։ Հետևաբար, մեր խնդիրը պետք է լինի ո՛չ թե «Նոյան տապանի» պես բոլոր պրոֆեսիոնալներին մի տեղ հավաքելն ու տապալելը, այլև քաղաքական ուժերն ու կուսակցությունները գաղափարական դարձնելը։ Սովորաբար, ամենալավ բարեփոխումները անում են նրանք, որոնք ոլորտի հետ ոչ մի կապ չեն ունենում, բայց ունենում են կայուն համոզմունքներ և կառավարություն ստանձնած քաղաքական, գաղափարական թիմ։

Մինչ այժմ խոսում են ոստիկանությունում Վանո Սիրադեղյանի իրականացրած ռեֆորմներից։ Սիրադեղյանի բարեփոխումներին ու դրանց իրականացման ձևին վերաբերմունքը կարող է տարբեր լինել, բայց կարծես ոչ ոք չի վիճարկում, որ դրանք ամենաէականն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Կարծում եք գրող Վանոն «պրոֆեսիոնալ» իրավապա՞հ էր։

Չեն դադարում խոսակցությունները նաև ռեֆորմատոր Սահակաշվիլու մասին։ Երկու դեպքում էլ լավ, թե վատ, մարդիկ իրականում ռեֆորմներ են իրականցրել, որոնք փոխել են հանրային, միասնական կյանքը։ Սահակաշվիլու կառավարությունում դրական փոփոխությունների հասած կրթության նախարարը ստանձնեց պաշտպանության նախարարի պարտականությունները և նույն հաջողությունները գրանցեց, չնայած ոչ մի ոլորտում էր մասնագետ, ոչ էլ մյուսում։

Քաղաքական ուժի կարողությունը և կառավարելու ունակությունը ամենևին ոլորտային մասնագետներ ունենալու մեջ չէ։ Քաղաքական կուսակցության ուժն այն է, թե այն որքանով է կարողանում պետության մեջ, տվյալ ոլորտում առկա ռեսուրսը համախմբել և ուղղել իր դրած նպատակներն իրականացնելու գործին։ «Ստվերային կառավարություն» ունենալու պահանջը, որ դրված է հայկական յուրաքանչյուր կուսակցության առաջ, իրագործելի չէ և, ըստ էության, ծուղակ է։

Դրա համար կան տարբեր պատճառներ։ Դեռ մի կողմ դնենք դրա սուբյեկտիվ պատճառները, որոնք են քաղաքական դաշտի հետևողական ամայացումը, տասնամյակներով կարող ուժերին կառավարման օղակներ ներգրավելն ու փչացնելը և այլն։ Անդրադառնամ դրա ամենահասարակ, օբյեկտիվ կողմին։ Արտասահմանում, որտեղ «ստվերային կառավարությունը» քաղաքական մշակույթի անբաժան մաս է, դրա ձևավորման համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Կան ինստիտուցիոնալ ձևավորված կուսակցություններ, որոնք տիրապետում են բավարար ռեսուրսների։

Նրանց գաղափարական հիմքով անդամագրվածները անցնում են երկար ու արդյունավետ դպրոցով, կառավարող ուժի պարբերական փոփոխությունը յուրաքանչյուր կուսակցության անդամի հնարավորություն է տալիս ուսման որևէ շրջանում մասնակցել պետական կառավարմանը և այլն։ Այսպիսով տասնյակ ու հարյուրավոր տարիներ գործող կուսակցությունները կարող են իրենց կազմից ընտրել ոչ թե մի, այլ մի քանի գաղափարապես կուռ ու արդյունավետ կառավարության կազմեր։ Հայաստանում իրավիճակն այս առումով բավականին ողբերգական է։

Վերջում, կուզեի անդրադառնալ նաև մի ավելի տարածված մոլորության, ինչը նաև նախագահի հոդվածում է առկա։ Նա գրում է․ «Բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է անառարկելիորեն հարգեն օրենքը և հետևեն դրան: Հակառակ դեպքում մենք հայտնվելու ենք պերմանենտ ճգնաժամերի մեջ: Մեծատառով Օրենքը և դրան հետևելը ցանկացած առողջ հասարակության և ամուր պետության հիմքն է, զարգացման և հարատևման երաշխիքը»: Եվ կրկին, ոչ ոք չի ասում, թե օրենքը հարգել պետք չէ։ Սակայն ամենակարևորն այն է, թե ինչ է իրենից ներկայացնում  մեծատառով օրենքը։

Օրենքը հանրության պայմանավորվածությունն է կոնկրետ իրավիճակներում վարվել այսպես կամ այնպես։ Օրենքը բոլորի համար հավասարապես սահմանափակում է քաղաքացու այն ազատությունները և մարդու այն իրավունքները, որոնք ընձեռում է Սահմանադրությունը։ Օրենքը, այդ իմաստով, ժողովրդավարական հանրություններում իրապես պետք է լինի ժողովրդի կամքը։ Այլ պայմաններում անհնար է հասնել դրա կատարմանը։ Եթե նույնիսկ հասնել ուժով, ապա պետք է մոռանալ ժողովրդավարության մասին և ազնվորեն խոսել, թե ինչ կառավարման համակարգ ենք ուզում դրա փոխարեն։ Հռետորական հարց եմ հնչեցնում․ քանի՞ օրենք է ընդունվել, որոնց հիմքում եղել է ժողովրդի փաստարկված կարծիքը, ո՞ր օրենքներն են դրել լայն հանրային քննարկման և հանրության կարծիքը հաշվի առել։

Այդպիսի օրինակները շատ քիչ են և եթե իրականում դրանք հանրային համաձայնության արդյունք են, ապա դժվար էլ խախտվեն։ Օրենքին ենթարկվելու հրամայականը նույնպես փոխառված է զարգացած երկրներից։ Դա նույնպես ձևի և ոչ բովանդակության մասին է խոսում։ Մարդկանց թվում է, թե օրենքների բովանդակությունը կապ չունի՝ եթե ենթարկվես, զարգացած պետություն կունենաս։ Թվում է, թե Գերմանիան զարգացած է դարձել ոչ այն պատճառով, որ Օրենքը համընդհանուր համաձայնության արդյունք է, որտեղ ներառված են բոլորի շահերը, այլ որովհետև կուրորեն ենթարկվում են օրենքին։ Մինչդեռ դա մի հերթական անգամ ևս խոսում է, որ մեր քաղաքական դասը չի պատկերացնում, թե ինչ բան է օրենքը, ինչպես որ չի պատկերացնում, թե ինչ բան է պետությունը։

Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել