Առաջարկվում է անցում կատարել բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի․ ԱԺ-ն քննարկում է նախագիծը |hetq.am|
12:53 - 10 փետրվարի, 2021

Առաջարկվում է անցում կատարել բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի․ ԱԺ-ն քննարկում է նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այն ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը, որի խոսքով նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության և գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները: Ըստ նախարարի` օրինագծի հիմնական նպատակն է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, թափանցիկության և հրապարակայնության, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության ապահովումը:

Փոփոխություններով անցում է կատարվելու բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի` բակալավր, մագիստրոս, դոկտոր: Գործող համակարգը նախատեսում է երկաստիճան` բակալավր, մագիստրոս որակավորումների համակարգ, ասպիրանտական ծրագիրը համարվում է հետբուհական: Նախարարի խոսքով` ԵՄ անդամ երկրներում ասպիրանտական ծրագիրը ներդրված է որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան: Փոփոխություններից է նաև այն, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում:

«Անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից` բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների համար բուհի ընդունելության համար հայոց լեզվի առարկայի քննությունը պարտադիր է»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է բուհերի ֆինանսավորմանը, ապա նախարարի խոսքով` ոչ թե բուհերին ֆիքսված պետպատվեր է տրամադրվելու, այլ դրամաշնորհի շրջանակում այլ աջակցությունը տրվելու է բուհ ընդունված անձին, ընդունվելուց հետո ինքն է որոշելու, թե տվյալ մասնագիտությունը որ բուհում ստանա:

«Ոչ թե տեղերն ենք վերցնում, այլ անձը պետք է գնա բուհ, սովորողն ինքը կորոշի՝ տվյալ մասնագիտությամբ որ բուհում կսովորի»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով` գործընթացը կարգավորվելու է մրցույթով, յուրաքանչյուր բուհի ֆիլտրման միջոցով ընտրելու է իր համար լավագույն ուսանողներին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ բուհերի կառավարման խորհրդի առաջարկվող 9 հոգանոց կազմին` հետաքրքրվելով, ինչու է այդ թիվը որոշվել: Նախարարն արձագանքեց` թվաքանակը բարդ է հստակ հիմնավորել, թե ինչու այդքան, ինչպես բարդ է գիտականորեն հիմնավորել` ինչու պատգամավորների թիվը պետք է լինի 132:

Փոփոխություններով առաջարկվում է Երևանի պետական համալսարանին (ԵՊՀ) օրենքով տալ հատուկ կարգավիճակ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչ առանձնահատկություն ունի ԵՊՀ-ն մյուս բուհերի համեմատ, որ ֆինանսավորման առանձին կարգ ունենա:

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել