Առողջապահության նախարարը Գյումրիում մասնակցել է թթվածնային կայանի բացմանը
19:51 - 12 փետրվարի, 2021

Առողջապահության նախարարը Գյումրիում մասնակցել է թթվածնային կայանի բացմանը

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ մասնակցել է թթվածնային կայանի և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը։ Թթվածնային կայանը կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ 100 մլն դրամի շրջանակներում, այն կապահովի ոչ միայն բժշկական կենտրոնի թթվածնի պահանջարկը, այլև անհրաժեշտության դեպքում բուժհաստատությունը թթվածին կմատակարարի այլ հիվանդանոցների ևս։ Իսկ տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում, սարքավորման առկայությունը հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չմեկնել մայրաքաղաք։

Լրագրողների հետ զրույցում նախարարը կարևորել է մարզեր այցելությունները՝ նշելով, որ մարզային այցերը սկսել են Շիրակից և անհրաժեշտություն է տեղում ծանոթանալ ոլորտում առկա հիմնախնդիրներին և նախանշել զարգացման ծրագրերը։

Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրու մոր և մանկան ավստրիական ու մի քանի բուժհաստատություն ևս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել