Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ ես տեսնում եմ, որ նախագահը միացավ ընդդիմադիր 17 ուժերին․ Անդրանիկ Քոչարյան |tert.am|
14:53 - 16 մարտի, 2021

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ ես տեսնում եմ, որ նախագահը միացավ ընդդիմադիր 17 ուժերին․ Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Լևոն Տեր-Պետրոսյանը առաջնորդվում է իր հետ եղած դեպքերով և իրավիճակի ելք է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ իր այդ հայտարարությամբ նա միացավ ընդդիմադիր 17 ուժերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Առաջին նախագահը երևի շարժվում է այն դրդապատճառով, որ հայտնի ուժերի պահանջով ինքը հրաժարական տվեց, իսկ այսօր հայտնի ուժերի դերում և հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանը ունի առաջնային մանդատ և դրանից ելնելով՝  առաջարկում է արտահերթ ընտրությունների միջոցով լուծել իշխանությունների խնդիրը, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ ես տեսնում եմ, որ նախագահը միացավ ընդդիմադիր 17 ուժերին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նաև նշեց՝ տվյալ ժամանակահատվածում ընդդիմությունը հույսը դրել էր Զինված ուժերի վրա և սպասում էր, որ նրանք հանրային պահանջով հանդես կգան, բայց դա չի եղել:

«1998 թվականին ուժային կառույցները պահանջ ներկայացրեցին, որ ըստ էության հենց նախագահի հայտնի  ձևակերպումն է՝ հայտնի ուժերի պահանջով  է հրաժարական տվել 1-ին նախագահը, իսկ  այսօր ԶՈՒ-ի փեշերից կախվել էին բոլորը և ուզում էին հայտնի ուժերի դերում տեսնել ԶՈՒ-ի վերին սպայակազմին, բայց դա չի եղել»,- ասաց նա:

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց՝ Տեր-Պետրոսյանը որևէ մեկի հետ չի համագործակցում, բայց արել է քայլ, որը պետք էր ընդդիմությանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ եղել է ինքնուրույն գործող անձ և իր տեսակետները որևէ մեկի հետ կիսելու կամ համագործակցելու գիծ չեմ տեսնում, բայց նա արել է հայտարարություն, որը ցանկալի էր ընդդիմադիր ուժերին»,- նշեց նա:

Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ՝ արտահերթ ընտրությունների դեպքում պետք է որևէ կերպ բացառել կեղծիքը, քանի որ գործող իշխանությունը Հայաստանում  վերականգնեց լեգիտիմությունը և որևէ փաստ չկա, որ 2018 թվականի ընտրությունները կեղծվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել