Զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի գալ հայրենիք` ազատվելով քրեական պատասխանատվությունից |hetq.am|
16:22 - 16 մարտի, 2021

Զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի գալ հայրենիք` ազատվելով քրեական պատասխանատվությունից |hetq.am|

hetq.am: 27 տարեկան Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել զինված ուժերում և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում հնարավոր է համաներվեն` հնարավորություն ստանալով հայրենիք վերադառնալ:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ, ապա կառավարության լրամշակմամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվել, որը հնարավորություն է տալու 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչներին առանց որևէ նախապայմանի վերադառնալ հայրենիք:

«Մեկ տարի ժամանակ տրամադրելու ենք, որ գան Հայաստան` առանց որևէ նախապայմանի ու քրեական հետապնդումից ազատվեն: Մեկ տարի հետո կվերադառնանք խստացումների նախաձեռնությանը»,- ասաց Քոչարյանը:

Պատգամավորը հայտնեց, որ Արդարադատության նախարարության կողմից կոմիտեի նիստին է ուղարկվել փոփոխությունների փաթեթը, այժմ ակնկալվում է Կառավարության դրական եզրակացությունը, ապա նախագծերը կքննարկվեն խորհրդարանում: Ըստ Քոչարյանի` բոլորին հնարավորություն է տրվելու օր առաջ վերադառնալ Հայաստան և իրենց խնդիրները` քրեական պատասխանատվությանն առնչվող հարցերը լուծել Հայաստանում:

Հիշեցնենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքն իր ուժը կորցրել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին, և չկա այլ օրենք, որը կարգավորում է զորակոչից խուսափած և հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ իրավահարաբերությունները:

Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանն ու Արման Բաբաջանյանն առաջարկում էին զորակոչից խուսափած անձի մինչ 27 տարին (պահեստազորի դեպքում մինչ 35) լրանալը վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նա ինքնակամ ներկայացել է զինվորական կոմիսարիատ և նրա նկատմամբ օրենքով սահմանված կարգով կայացվել է որոշում: Եթե լրացել է անձի 27 (պահեստազորի դեպքում՝ 35) տարին, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե նա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար կամ անցել է պայմանագրային զինվորական ծառայության՝ երկու տարի ժամկետով: Նախագիծը, սակայն, հանվել էր շրջանառությունից լրամշակման նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել