Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել. Մեկն արդեն վարույթ է ընդունվել. փաստաբան
 |pastinfo.am|
20:25 - 17 մարտի, 2021

Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել. Մեկն արդեն վարույթ է ընդունվել. փաստաբան |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանը միջնորդել է՝  հայցի ապահովման միջոց կիրառել, որի բավարարման դեպքում  Օնիկ Գասպարյանը վերականգնվում է պաշտոնում և շարունակում է զբաղեցնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը՝ մինչև դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը։ Այս մասին ասաց փաստաբան, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ երեք հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։

«Քանի որ սա այնպիսի հարց է, որի վերաբերյալ  դատական լիարժեք պրակտիկա չկա, կան առանձնահատկություններ, որովհետև խոսքը գնում է իրավունքի ուժով վարչական ակտի ընդունված-չընդունված լինելուն, ներկայացրել ենք երեք տեսակի հայց»,- նշեց փաստաբանը։

Ըստ նրա՝  առաջին հայցով արձանագրել են, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետև կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։

«Մյուս հայցով ասել ենք, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, ուրեմն՝ անկախ նրանից՝  ակտն իրավունքի ուժով է ընդունվել, թե ոչ, ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, ինչը նշանակում է, որ ակտն առոչինչ է և ընդունման պահից օրինական ուժ չունի, կատարման ենթակա չէ»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է երրորդ հայցին, ապա փաստաբանի փոխանցմամբ, հաշվի առնելով, որ վարչապետն իրավունքի ուժով հաստատում է մի փաստ, որ պարոն Գասպարյանն այլևս ազատված է զբաղեցրած պաշտոնից, այսինքն՝ խոսքի իրավունքի ուժով փաստի հաստատման մասին է խոսքը, հետևաբար՝ հայցվոր կողմը ենթադրում է, որ գործ ունեն իրավահարաբերության հետ և խնդրել են դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։

Ներկայացված երեք հայցերը մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որոնցից այս պահին վարույթ է ընդունվել դեռևս երրորդը՝  Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայության ճանաչման հարցով, իսկ ինչ վերաբերում է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության լուծմանը, փաստաբանը դեռևս տեղեկություն չունի՝ այն բավարարվել է, թե ոչ։

Հայցադիմումները դատարան մուտքագրվել են անցած շաբաթվա վերջում՝ առձեռն տարբերակով, սակայն «Դատալեքս» համակարգում դեռևս հասանելի չեն։

Դիտարկմանը, որ մարտի 20-ին Արտակ Դավթյանն իրավունքի ուժով կնշանակվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում և արդյո՞ք չեն փորձում ձգձգել հայցի ապահովման կիրառումը՝ մինչև Դավթյանի նշանակումը, փաստաբանը նշեց. «Եթե հայցի ապահովումը բավարարվի, ապա պարոն Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել, իսկ եթե ոչ, ապա պարոն Դավթյանը կպաշտոնավարի, իսկ պարոն  Գասպարյանն էլ արդեն իր խախտված իրավունքների վերականգնումով կշարունակի գործընթացը՝ Վարչական դատարանում»,- նշեց Հովհաննիսյանը։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել