Թեկնածուներին ներկայացնող անձը պետք է կատարեր նման գործառույթ. Հայկյանցը՝ ԲԴԽ նախագահի և առաջին փուլում չընտրվելու մասին |1lurer.am|
11:39 - 24 մարտի, 2021

Թեկնածուներին ներկայացնող անձը պետք է կատարեր նման գործառույթ. Հայկյանցը՝ ԲԴԽ նախագահի և առաջին փուլում չընտրվելու մասին |1lurer.am|

1lurer.am: Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցը խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավորի նախորդ ընտրությանը, որի ժամանակ «Իմ քայլը» որոշեց չմասնակցել քվեարկությանը:

Հայկյանցը նշեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության ընթացակարգը սկսում է դատավորներին ներկայացնող իրավասու անձի ելույթով:

«Ի՞նչ նպատակ է հետապնդում օրենսդիրն այս ընթացակարգային քայլը նախատեսելով: Ո՞վ է այն իրավասու անձը, ո՞վ պետք է ներկայացնի դատավորներին: Բնականաբար, դա այն անձն է, ով ի պաշտոնե շատ լավ է ճանաչում դատավորներին, դատավորների թեկնածուներին և իր ելույթով, հետագայում նաև հարցուպատասխանի ընթացքում պետք է օգնի պատգամավորներին՝ առավել ճանաչելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին և այդքանով կատարելու առավել ճիշտ ընտրություն՝ ելնելով արժանավորության սկզբունքից: Եվ որևէ այլ դերային գործառույթ, քան դատավորի թեկնածուներին ներկայացնելը և նրանց վերաբերյալ ճանաչողության սահմանների ընդլայնումը, ներկայացնելու իրավասություն ունեցող անձն ուղղակի չուներ»,- նշեց Հայկյանցը:

Առաջին փուլում ներկայացումից հետո առաջադրված հարցերի շրջանակը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ մենք, ըստ էության, դուրս եկանք այդ ընթացակարգային կարգավորումից, այն ուղեծրից, որը նախատեսում էր օրենսդիրը՝ նշեց Հայկյանցը:

«Ուղեծիրն ընդամենը մեկն էր. թեկնածուներին ներկայացնող իրավասու անձը ընդամենը պետք է կատարեր նման գործառույթ: Ես չեմ ժխտում, որ բարձրացված հարցերը կարևոր չեն պետության համար, բայց կարևոր հարցերը պետք է քննարկվեն օրենսդրորեն նախատեսված ընթացակարգի շրջանակում: Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված ընթացակարգ նման կարևորության հարցերի համար նախատեսված չէր»,- նշեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել