Պատգամավորը պարզաբանեց՝ ինչու մինչև հիմա իշխանությունը չի նախաձեռնել նոր Ընտրական օրենսգրքի ընդունում |armenpress.am|
13:09 - 01 ապրիլի, 2021

Պատգամավորը պարզաբանեց՝ ինչու մինչև հիմա իշխանությունը չի նախաձեռնել նոր Ընտրական օրենսգրքի ընդունում |armenpress.am|

armenpress.am: Գործող իշխանությունը իշխանության գալուց հետո մինչև այժմ չի իրականացրել Ընտրական օրենսգրքի էական փոփոխություններ՝ սպասելով նոր Սահմանադրության նախագծի մշակմանն ու ընդունմանը: 

Այս մասին ասաց «Իմ քայլի» պատգամավոր, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը՝ նախագծի քննարկմանը անդրադառնալով խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Բաբաջանյանը, որը քննարկվող նախագծի համահեղինակ է, նշեց, որ այն, ինչով հիմա իրենք զբաղված են, ըստ էության, խորհրդարանի և իշխանության ամոթն է: Նա նկատեց, որ հեղափոխությունից երեք տարի է անցել, և իրենք այդ  խայտառակ օրենքով գնում են ճակատագրական ընտրության: «Ի՞նչն էր խանգարում, որ երեք տարի այս ամբողջ ժամանակահատվածում մենք ընդունակ լինեինք նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու»,-հարցրեց պատգամավորը:

Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ես ասեմ, թե ինչու ոչ երեք տարի, այլ երկու տարի շարունակ այս փոփոխությունները չէին արվում: Հիշեցնեմ, որ սահմանադրական փոփոխություններ նախատեսող մասնագիտացված հանձնաժողով էր ձևավորել: Եվ ըստ էության, երբ որ գործընթացները զարգանում էին այն ուղղությամբ, որ նոր Սահմանադրության նախագիծ էր առաջարկվելու, որով էական փոփոխություններ էին տեղի ունենալու, ճիշտ հերթականությունն այն է, որ տեղի ունենա նոր Սահմանադրության ընդունում, ըստ այդմ  նոր՝ նոր Ընտրական օրենսգիրք ընդունվի»,- ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ սակայն քաղաքական իրադարձությունները, երկրի կյանքն այնպես զարգացան, որ այսօր քաղաքական  ճգնաժամ կա, և պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ և ընտրություններից առաջ այդ նվազագույն փոփոխություններն առնվազն պետք է ապահովեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել