ԼՀԿ-ն նախաձեռնում է սփյուռքահայերին ՀՀ պետական կառավարման բարձր օղակներում ներգրավելու հնարավորություն ընձեռելու գործընթաց
13:25 - 20 ապրիլի, 2021

ԼՀԿ-ն նախաձեռնում է սփյուռքահայերին ՀՀ պետական կառավարման բարձր օղակներում ներգրավելու հնարավորություն ընձեռելու գործընթաց

«Լուսավոր Հայաստան»-ը նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունն ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես շատերդ գիտեք, ՀՀ Կառավարության անդամը (վարչապետ, փոխվարչապետ, նախարար), գործող Սահմանադրությամբ, կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի, ընդ որում՝ ոչ պակաս, քան վերջին 4 տարում։ Միաժամանակ՝ նա պետք է նույնքան ժամանակահատվածի չափով բավարարի նստակեցության ցենզը (Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 148-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորում)։

Այսինքն՝ տվյալ նորմն ուղղակի արգելք է սփյուռքից մեր հայրենակիցներին և նրանց հմտությունները, կապերն ու այլ հնարավորությունները պետության կառավարման կարևորագույն գործառույթներին ուղղակի ներգրավելու համար։

Սա անընդունելի կարգավորում է ներպետական կառավարման համակարգում, հատկապես ներկայիս աղետալի իրադրությունում, բարձր որակավորմամբ կադրերի սղության պայմաններում։

Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան»-ը նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունն ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից:

Սույն սահմանադրական փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային Ժողովի միջոցով»,- գրել է Մարուքյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել