Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը կստանա 100 000 դեղաչափ նոր պատվաստանյութ. նախարարի հարցազրույցը |armenpress.am|
10:00 - 27 ապրիլի, 2021

Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը կստանա 100 000 դեղաչափ նոր պատվաստանյութ. նախարարի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը դիտարկում է կորոնավիրուսի դեմ այն բոլոր պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորությունը, որոնք համապատասխանում են չափանիշներին, ստացել են անհրաժեշտ արտոնագիրը.  միայն գինը չէ չափանիշը, որով ընտրություն է կատարվում: Այս մասին վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շեշտելով, որ պատվաստանյութն անհրաժեշտություն է, ոչ թե շքեղություն:  

-Տիկին նախարար, Ձեր վերջին ասուլիսում նշել էիք Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութի մասին, խմբաքանակը ե՞րբ կգա Հայաստան, ի՞նչքան դեղաչափ: Այս պատվաստանյութով պատվաստման համար ի՞նչ տարիքային շեմ է ընտրվելու, ունե՞ք մշակած քաղաքականություն: Խոսել էինք նաև ամերիկյան Novavax-ի ձեռքբերման հնարավորության մասին, այն ե՞րբ կստանանք: 

-Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում այն արդեն Հայաստանում կլինի՝ 100 հազար դեղաչափ, որը 50 հազար հոգու համար է: Իսկ Novavax-ի ժամանման մասին այս պահին դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, սակայն նախնական համաձայնությունն ունենք: Ընթացքում արդեն կկոնկրետացվեն ժամկետները, քանակները:

-Ազգային ժողովում հնարավոր էիք համարել, որ 1 տարվա ընթացքում կպատվաստվի բնակչության մինչև 20 տոկոսը, ինչո՞ւ 20 տոկոս, քանի որ այդ չափով պատվաստանյութ կկարողանաք ձեռք բերե՞լ, թե՞ կարծում եք, որ պատվաստվելու ցանկություն հայտնողներն այդքան մեծ չեն լինի: 

-Բոլոր երկրներն էլ ընտրում են առաջնահերթություններ և իրենց համար դնում են ռիսկի խմբի ամբողջ պատվաստման նշաձողը, բայց միանշանակ կախված է նաև դիմելիությունից, պատվաստանյութի հասանելիությունից, որովհետև մենք չենք կարող ասել, թե այլ երկրներում ինչպիսին կլինի համաճարակային իրավիճակը, օրինակ` Հնդկաստանում այս պահին իսկապես շատ լուրջ իրավիճակ է: Դրա համար ընդհանուր պատվաստանյութերի բաշխման վերաբերյալ շատ դժվար է կանխատեսումներ անել: Եվ մենք կարծում ենք, որ իմ կողմից հնչեցված մինչև 600-700 հազար բնակիչներին պատվաստելու արդյունքում և հաշվի առնելով, որ երեխաները պատվաստման շրջանակից դուրս են, և այն անձինք, որոնք նաև մասնավոր հիմունքներով կպատվաստվեն, մենք կունենանք հանրային իմունիտետի բավարար շեմը: Միանշանակ կշարունակվեն պատվաստումները, բայց արդեն բավարար շեմ կունենանք՝ ավելի հանգիստ ապրելու համար: 

-Տիկին նախարար, AstraZeneca-ի օգտագործման ժամկետը մայիսի վերջին լրանում է: Կհասցնե՞նք մինչև ժամկետի ավարտը սպառել արդեն ձեռք բերված խմբաքանակը, եթե ոչ, ապա ի՞նչ պետք է արվի այդ պատվաստանյութերի հետ, նոր ժամկետով պատվաստանյութերի հետ փոխանակման հնարավորություն կա՞:

-Բոլոր պատվաստանյութերն էլ ունեն բավական կարճ օգտագործման ժամկետ, գրեթե բոլորինն էլ մինչև 6 ամիս է: Արտադրությունից սկսած մինչև հասնում է վերջնական սպառողին, 1-3 ամիսն այն բավարար ժամկետն է, որի համար այս պահին երկրները կարողանում են պատվաստանյութ ձեռք բերել: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որ համակարգն ամբողջովին պատրաստ լինի պատվաստման գործընթացն իրականացնելու: Մենք տանում ենք նաև տեղեկատվական արշավներ, փորձում ենք ամեն կերպ հասարակությանը ներկայացնել պատվաստումների դրական արդյունքների կարևորությունը և որ պատվաստանյութն իսկապես կյանք փրկող միջոց է: Մեծ հույս ունենք, և զգում ենք, որ քաղաքացիների ակտիվության տեմպն ավելանում է: Ճիշտ է, բավարար չափով չէ, ինչ մենք ակնկալում էինք, կցանկանայինք, որովհետև, ցավոք, շատ մեծ հակաքարոզչություն է վարվում և փորձ է արվում կորոնավիրուսի, պատվաստումների, բժշկական օգնության հարցը տանել քաղաքական դաշտ, ինչը ճիշտ չէ: Սակայն նշեմ, որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ: 

Նոր խմբաքանակի հետ փոխանակելու հնարավորություն չունենք: Եվ այս պարագայում որևէ կանխատեսում անելն ուղղակի անհնար է: Ազգային իմունիզացիայի ծրագրով, երբ անում ենք երեխաների պատվաստում, պատվաստանյութերի գնման գործընթացների համար կարողանում ենք հստակ պլանավորում իրականացնել, թե ինչքան են սպառելու տարվա ընթացքում: Դա վերաբերում է նաև գրիպի պատվաստանյութին, քանի որ տարիների ընթացքում արդեն իսկ կիրառված որոշակի փորձ, տեղեկատվություն կա: Բայց այս պարագայում որևէ ձևով գնման պլանավորում իրականացնելը գրեթե անհնար է: Մենք ունենք նշաձող, և որպես լիազոր մարմին՝ հանձնառություն ենք վերցրել հնարավորինս, մաքսիմալ քաղաքացիների ապահովել պատվաստանյութով, բայց նաև դա կամավոր բնույթ կրող գործընթաց է:

- AstraZeneca-ի առկա խմբաքանակի ժամկետի ավարտից հետո, սակայն, ձեռք կբերե՞նք այս պատվաստանյութի ևս մեկ նոր խմբաքանակ: 

-Սա առաջին դեղաչափն է, և միանշանակ, այն անձինք, որոնք պատվաստվում են, պետք է ստանան նաև երկրորդ դեղաչափը: Եվ պետք է ստանանք նաև երկրորդ դեղաչափը, որպեսզի ապահովենք գործընթացը:

Շարունակությունը՝ armenpress.am–ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել