Ոչ մի դեպքում հանրությանն ու բնապահպանությանը դեմ չենք գնալու. նախարարը հանդիպել է «Առանց հանք Լոռի» շարժման անդամներին
12:42 - 28 ապրիլի, 2021

Ոչ մի դեպքում հանրությանն ու բնապահպանությանը դեմ չենք գնալու. նախարարը հանդիպել է «Առանց հանք Լոռի» շարժման անդամներին

«Իրենց մղումներով անկեղծ, այլ շահեր չհետապնդող բնապահպանների հետ մենք «բարիկադների» նույն կողմում ենք: Հանդիպել եմ «Առանց հանք Լոռի» բնապահպանական շարժման ներկայացուցիչների հետ»: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ երեկ Լոռու մարզում զրուցել է «Առանց հանք Լոռի» բնապահպանական շարժման ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները և խոստացել բոլոր փաստական տվյալների ուսումնասիրությունից հետո ընդունել շահագրգիռ կողմերին՝ ավելի առարկայական քննարկումների նպատակով:

«Իրենց դիրքորոշման համար շնորհակալություն հայտնեցի հայրենի բնության ամեն անկյունի հանդեպ սրտացավ քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներին։ Ազնիվ, գաղափարական, իրենց մղումներով անկեղծ, այլ շահեր չհետապնդող բնապահպանների հետ մենք «բարիկադների» նույն կողմում ենք:

Եթե ընկերությունները երկրաբանական հետազոտությունների թույլտվություն ստանան և այդ տարածքներում թանկարժեք մետաղի ցանկալի պաշարներ գտնեն, չի նշանակում, որ նրանք նաև հանքարդյունաբերության թույլտվություն կունենան, եթե հանրությունը դեմ լինի դրան։

Ոչ մի դեպքում հանրությանն ու բնապահպանությանը դեմ չենք գնալու։ Մեր նկրտումներն ազնիվ են, ու մենք թույլ չենք տալու հանրային շահի ոտնահարում հանուն որևէ անձի կամ որևէ կլանի ապօրինի հարստացման կամ թեկուզ օրինական հարստացման: Բայց պետք է հաշվի առնել մեկ հանգամանք. քանի դեռ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ այնպես, որ մարդուժի, մտավոր սեփականության, IT ոլորտի, այլ ինդուստրիալ ուղղությունների առումով կարողանանք փակել հանքարդյունաբերության ոլորտում գոյացող համախառն ներքին արդյունքը, մենք ստիպված ենք լինելու առնվազն գոնե գործող հանքերով շարունակել զարգացնել տնտեսությունը։

Միմյանց ձեռք սեղմեցինք, բնապահպաններին խոստացել եմ հաշվի նստել մարզի տուրիզմի ոլորտում ներդրումների նպատակներ ունեցող գործարարների հետ, նրանց հետ քննարկել հանքարդյունաբերության բոլոր ռիսկերը»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզում նախատեսվում է նոր՝ պղնձի ու ոսկու հանքերի շահագործում, ինչն առաջացրել էր բնակիչների ու բնապահպան ակտիվիստների մտահոգությունները:

«Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները նախատեսել էին հանրային քննարկումներ իրականացնել մարզի Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Դեբետ, Եղեգնուտ եւ Քարաբերդ համայնքներում: Ընկերության առաջին կանգառը Մարգահովիտ համայնքն էր, որտեղ, սակայն, բնապահպան ակտիվիստներն ու Մարգահովիտի մի խումբ բնակիչներ ընկերության ներկայացուցիչներին թույլ չտվեցին մտնել համայնքապետարանի շենք:

Լսումները Մարգահովիտում տապալվել էին: Հանրային լսումը տապալվեց նաեւ Վահագնաձորում: Այստեղ եւս ընկերության ներկայացուցիչները չկարողացան մտնել համայնքապետարան, իսկ հետո հեռացան: 

Ընկերության ներկայացուցիչները սահմանված գրաֆիկով պետք է մյուս համայնքներ եւս այցելեին, սակայն տեսնելով Մարգահովիտում ու Վահագնաձորում տիրող մթնոլորտը՝ այլ համայնքներ չայցելեցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել