Քարոզարշավը խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության. Վահագն Հովակիմյան
12:45 - 28 ապրիլի, 2021

Քարոզարշավը խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության. Վահագն Հովակիմյան

Քրեական օրենսգրքում վարչական իրավախախտումների, ընտրական օրինախախտումների, հանցանքների վերաբերյալ այս փաթեթը ավելի ընդլայնված տեսքով առկա է ԸՕ-ի մեծ բարեփոխման մեջ, ուղղակի ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի մեծ փաթեթը հնարավոր է չկարողանա ուժի մեջ մտնել՝ առաջիկա ընտրությունների համար մեծ փաթեթը կիրառելի կարող է չլինել, հաշվի առնելով այդ ռիսկը՝ բոլոր այն փոփոխությունները, որոնք խիստ անհրաժեշտ են, որպեսզի մինչև գալիք արտահերթ ընտրությունների մեկնարկը իրականացվեն, դրանք ուղղակի առանձնացվեցին նախագծերի տեսքով և այսօր մենք հրատապության կարգով քննարկում ենք։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթի ներկայացման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան։ 

Պատգամավորը նշեց, որ այս առաջարկները մի քանի ամիս է քննարկվում են՝ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի ընթացքում, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ։ Հովակիմյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում․

«Օրինակ՝ առաջարկվում է ընտրական գործընթացի խոչընդոտման դրույթում որպես ծանրացուցիչ նորմ նախատեսել տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքը: Այլ կերպ ասած՝ եթե քվերարկության ամփոփման ժամանակ խոչընդոտում են, և դրա արդյունքում հետագայում քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր, խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն, քան այն դեպքերում, երբ ուղղակի են խոչընդոտում ընտրական գործընթացը, ու դա չի ազդում քվեարկության արդյունքների ամփոփման վրա»։

Պատգամավորը տեղեկացրեց, որ մեկ այլ փոփոխությամբ քրեական պատասխանատվության կենթարկվեն այն անձիք, ովքեր կխոչընդոտեն քարոզարշավը։ Հովակիմյանը շեշտեց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ որոշ խմբեր խոչընդոտել են ընդդիմության քարոզարշավը և մնացել են անպատիժ, քանի որ այս նորմը չկար, հիմա այն անձը, ով կխոչընդոտի քարոզարշավի իրականացմանը՝ կենթարկվի քրեական պատասխանատվության։ 

«Հաջորդ կարգավորումը վերաբերում է տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելուն, կամ բռնություն գործադրելու սպառնալիքին։ Առաջարկվում է առանձին նորմ սահմանել ՔՕ-ի ընտրական բլոկում, որովհետև մենք նախկինում նման դեպքեր նույնպես ունեցել ենք և այս փոփոխությունները բխում են նախկինում մեր ունեցած դառը փորձից»,- եզրափակեց պատգամավորը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել