Մայիսի 1-ից ջրամատակարարումը ժամային գրաֆիկով չի դառնա․ լրատվամիջոցները սխալվում են
18:28 - 29 ապրիլի, 2021

Մայիսի 1-ից ջրամատակարարումը ժամային գրաֆիկով չի դառնա․ լրատվամիջոցները սխալվում են

Ապրիլի 25-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր ջրամատակարարման` մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար գործող ժամանակացույցը։ Հրապարակումից օրեր անց լրատվականներն սկսեցին կեղծ վերնագրով վերահրապարակել ընկերության տարածած հաղորդագրությունը։ Մասնավորապես, «168 Ժամ» լրատվական կայքը նշված տեղեկությունը տարածել էր «Մայիսի 1-ից ջրամատակարարումը կլինի ժամով. Որտեղ՝ որ ժամերին է ջուր լինելու․ հասցեների ցանկ» վերտառությամբ, որը սակայն չի համապատասխանում իրականությանը։ Նշված վերնագրով հոդվածը տարածեցին նաեւ մի քանի սունկ կայքեր[1,2,3]։ 

Խնդիրը պարզաբանելու համար Infocom-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության հետ։ Ընկերության մամուլի ծառայության աշխատակից Մուրադ Սարգսյանը մեր զրույցում պարզաբանեց, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը։ «Պարզապես սա կոչվում է ջրամատակարարման ռեժիմ։ Մենք պարտավոր ենք, գործող օրենսդրության համաձայն, տարեկան երկու անգամ հրապարակել այն, որպեսզի մարդիկ իմանան, թե առաջիկայում ինչքան է իրենց մոտ պաշտոնական նվազագույն ժամանակացույցը։ Մի տեղ 24 ժամ է, մի տեղ էլ՝ 6 ժամ՝ կախված իրավիճակից եւ տեխնիկական հնարավորությունից։ Մեր խնդիրն այն է, որ ամեն տարի ավելի լավացնենք ջրամատակարարումը եւ ոչ թե պակասեցնենք։ Իրականում, մենք հրապարակում ենք ժամով, որը վերաբերում է այն նվազագույն քանակին, որից պակաս մարդիկ չեն կարող ջուր ունենալ, սակայն, սովորաբար, մարդիկ ունենում են շուրջօրյա ջրամատակարարում։ Հրապարակված ժամանակացույցը պարզապես մեր տեխնիկական հնարավորությունների արտացոլումն է։ Ամեն դեպքում, ջրամատակարարման վատթարացում չի լինելու»,- նշեց Սարգսյանը։

Մոտ մեկ ժամ առաջ իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր տարածել նաեւ «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Համաձայն տարածած հաղորդագրության՝ ջրամատակարարման ժամանակացույցում ոչինչ չի փոխվել, այն լինելու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր ջրամատակարարման ժամանակացույցը, ինչից հետո լրատվամիջոցներում նորից տարածվել էին լուրեր, թե ջրամատակարարումը շուրջօրյայից դարձել է ժամով։ Այս առնչությամբ այն ժամանակ էլ «Վեոլիա ջուր» ընկերությունը հանդես էր եկել պարզաբանմամբ։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել