Գործատուն կտուգանվի ամենամյա արձակուրդի տրամադրման օրենսդրական պահանջները չկատարելու պարագայում |armenpress.am|
15:17 - 04 մայիսի, 2021

Գործատուն կտուգանվի ամենամյա արձակուրդի տրամադրման օրենսդրական պահանջները չկատարելու պարագայում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այն նախատեսում է մի շարք էական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն առաջարկել լուծումներ, կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ կարգավորումներ են առաջարկվում ամենամյա արձակուրդի հետ կապված: Գործող կարգավորմամբ նախատեսված է, որ աշխատողը դիմումի համաձայն իր ամենամյա արձակուրդը տեղափոխի ևս 18 ամիս: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ անձը կարող է իր արձակուրդից օգտվել 2.5 տարի հետո:

«Իրավապրակտիկայում շատ են դեպքերը, երբ գործատուները տարիներով չեն տրամադրում աշխատողի ամենամյա արձակուրդը: Լինում են դեպքեր, երբ աշխատողները չեն ցանկանում օգտվել ամենամյա արձակուրդից: Քանի որ խնդիրը երկուստեք է, մենք առաջարկվող փոփոխություններով սահմանում ենք իրավունքներ և պարտականություններ թե գործատուների, թե աշխատողների համար: Եթե նշված 2.5 տարին լրացել է, և այդ ընթացքում աշխատողն արձակուրդ չի գնացել, ապա գործատուն իրավունք ունի առանց աշխատողի դիմումի նրան արձակուրդ ուղարկել: Եթե դա գործատուն չի անում, ապա նախատեսված է տույժ գործատուին օրական՝ միջին ամսական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձը»,- ասաց Ժորա Սարգսյանը:

Շատ են դեպքերը, երբ գործատուները մտածում են, որ այս տարվա ամենամյա արձակուրդը չտրամադրելու պարագայում այն հաջորդ տարի զրոյանում է: Ժորա Սարգսյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով, օրենսգրքում ուղիղ ամրագրվում է, որ ամեն դեպքում, եթե արձակուրդի ժամկետները խախտվել են, դա դեռ չի նշանակում, որ անձը արձակուրդ գնալու իրավունքը կորցրել է:

Անդրադառնալով այլ փոփոխություններին՝ Ժորա Սարգսյանը նշեց, որ գործող կարգավորումների համաձայն, գործատուն կենսաթոշակային տարիքում գտնվող անձանց հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում: Գործատուին հնարավորություն չի տրված կենսաթոշակային տարիքի անձի հետ կնքել անորոշ ժամանակով պայմանագիր: Նախագծով առաջարկվում է տալ այդ հնարավորությունը:

Մեկ այլ փոփոխության մասին. գործող կարգավորումներով, եթե աշխատողը մեկ օր անհարգելի բացակայում է աշխատանքից, ապա գործատուն կարող է գրավոր բացատրություն պահանջել դրա համար: Եթե պարզաբանումն իր համար ընդունելի չլինի, ապա նա կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Նախագծով առաջրկվում է, որ այդ մեկ օրը դառնա երեք օր: Այսինքն, եթե աշխատողը 3 օր անընդմեջ չի ներկայացել աշխատանքի անհարգելի պատճառով, ապա նոր լուծել աշխատանքային պայամանագիրը: Տարվա ընթացքում այդ թիվը սահմանվում է 10:

Գործող կարգավորումներով, եթե աշխատողը 120 օր անաշխատունակության պատճառով չի ներկայացել աշխատանքի, ապա գործատուն կարող է իր նախաձեռնությամբ լուծել պայմանագիրը: Նոր փոփոխություններով նախատեսվում է այդ 120 օրը դարձնել 120 աշխատանքային օր:

Մյուս փոփոխությունը վերաբերում է հաստիքների քանակի կրճատմանը, որի պարագայում, նոր փոփոխություններով առաջարկվում է նախապատվությունը տալ զինվորական հաշմանդամություն ունեցողներին, նախկին զինծառայողներին կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամներին: Ըստ Ժորա Սարգսյանի՝ սա հավելյալ սոցիալական երաշխիք է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել