Վայոց ձորի մարզից զոհված զինծառայողների՝ ՊՆ ներկայացված 109 գործից 94-ը ստացել է դրական եզրակացություն
16:55 - 04 մայիսի, 2021

Վայոց ձորի մարզից զոհված զինծառայողների՝ ՊՆ ներկայացված 109 գործից 94-ը ստացել է դրական եզրակացություն

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետն ընդգծել է մարզում գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանով պայմանավորված համապատասխան աշխատանքների աշխուժացման անհրաժեշտությունը՝ նշելով օրակարգի կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր:
 
Քննարկվել է սերմացուների և պարարտանյութերի ներկրման և բաշխման ընթացքը, դիտարկվել են ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ: Մարզպետը հանձնարարել է մշտապես վերահսկել մարզի տարածքում գործող ջրագծերի խողովակների տեխնիկական պիտանելիության վիճակը:
 
Արարատ Գրիգորյանը քաղաքաշինության վարչության պետին հանձնարարել է գույքագրել մարզի տարածքում կառուցված, բայց չգրանցված շինությունները և համապատասխան գործընթաց իրականացնել դրանք օրինականացնելու ուղղությամբ: Հանձնարարվել է գույքագրել մարզի տարածքում առկա պետական սեփականություն հանդիսացող ողջ գույքը և փաթեթը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե։
 
Ընդգծվել է նաև Ջերմուկի ֆոտովոլտային կայանի կառուցման ընթացքում ծագած խնդիրները լուծելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տանելու և ուշադրության կենտրոնում պահելու կարևորությունը։
 
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին հանձնարարվել է համայնքների ղեկավարների հետ քննարկել համայնքներում առկա խնդիրները, մասնավորապես՝ աղբահանությանը, ոռոգման սեզոնի ողջ ընթացքում ջրամատակարարմանը, ինչպես նաև համայնքապետարաններում աշխատանքային կարգապահության պահպանման հարցերը:
 
Առողջապահության և uոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ մարզից զոհված զինծառայողների՝ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված 109 գործից 94-ը ստացել է դրական եզրակացություն, մնացած 15 գործերից 10-ն ընթացքի մեջ է, մյուս 5-ը՝ նոր ներկայացված։ Վարչության պետը տեղեկացրել է, որ մարզում 18 զինծառայող համարվում է անհայտ կորած։ Անհայտ կորած զինծառայողներից 17-ի մասով տրվել է դրական եզրակացություն՝ ընտանիքներին ամսական 300․000 դրամ փոխհատուցում ստանալու համար։ Մեկ զինծառայողի գործի հետ կապված շարունակվում են աշխատանքները։ 
 
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին։ Նա նշել է, որ Վայոց ձորի մարզից ներկայացվել և հաստատվել է թվով 41 սուբվենցիոն ծրագիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել