Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանն առանձնացրել է ԼՂ հակամարտության հետ կապված հասցեագրում պահանջող խնդիրները
18:33 - 06 մայիսի, 2021

Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանն առանձնացրել է ԼՂ հակամարտության հետ կապված հասցեագրում պահանջող խնդիրները

 ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 6-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ինչպեստեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակություն է հայտնել դաշնակից Ռուսաստանի հետ ակտիվ քաղաքական երկխոսութան, փոխգործակցության բոլոր ոլորտները կարգավորող ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտի առնչությամբ և ընդգծել հայկական կողմի շահագրգռվածությունը՝ խթանելու երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործողության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը:

«Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արա Այվազյանը կարևորեց միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Որպես հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնացրեց Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը, տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրեցին ՀՀ և ՌԴ միջև փոխըմբռնման Հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է կողմերի համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել