ՀԴՄ կտրոնների ֆիսկալ շրջանառությունն ու կտրոնների քանակը Երևանում կտրուկ աճել են, մարզերում աճել են ավելի շատ. Մանուկյան |1lurer.am|
17:57 - 10 մայիսի, 2021

ՀԴՄ կտրոնների ֆիսկալ շրջանառությունն ու կտրոնների քանակը Երևանում կտրուկ աճել են, մարզերում աճել են ավելի շատ. Մանուկյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը խորհրդարանում վարչապետի ընտրության հարցով հրավիրված հատուկ նիստում ներկայացրեց ՀԴՄ կտրոնների վերաբերյալ իր կատարած վերլուծությունը:

«Մենք մշտապես խոսում ենք այն մասին, որ բիզնեսը կենտրոնացված է Երևանում: Նայենք՝ ինչ է տեղի ունեցել 2021 թվականին, նաև 2020-ին: ՀԴՄ կտրոնների ֆիսկալ շրջանառությունն ու կտրոնների քանակը Երևանում կտրուկ աճել են, բայց մարզերում աճել են ավելի շատ: Սա պայմանավորված է ինչպես որոշակիորեն, իմ պատկերացմամբ, մարզերում կյանքի աշխուժացմամբ, այնպես էլ ավելի առաջանցիկ տեմպերով մարզերում ստվերայնության կրճատմամբ և հարկային դաշտ տեղափոխելով»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով պետական պարտքին՝ Մանուկյանը հիշեցրեց՝ ինչ արդյունք ունեինք 2017-ին:

«2017-ի տարեվերջի դրությամբ՝ պորտֆելի արժեքը 4.9 տոկոս էր, որի մեջ արտարժութային պարտքի տեսակարար կշիռը մոտավորապես 81.6 տոկոս էր: Ասեմ, որ դինամիկան տարիներ շարունակ նվազել է: Ինչու է կարևոր, որ ոչ արտարժութայինը լինի, որովհետև եթե դու դրամով ես պարտք ներգրավում, ավելի հեշտանում է քո սպասարկման կոմպոնենտը: Հիմա երկու ուղղությամբ էլ՝ ինչպես միջին տոկոսադրույքի, այնպես էլ դրամով կշիռների առումով, առկա է որակական լավացում: Մասնավորապես, 2020-ի դեկտեմբերի դրությամբ միջին տոկոսադրույքը, որը շուրջ 5 տոկոս էր, դարձել է 4.3 տոկոս: Այսինքն՝ սպասարկման միջին, և երկրի ռիսկայնության գնահատականն էլ որոշակիորեն նվազել է, և պարտքի մեջ արտարժութային պարտքի տեսակարար կշիռը դարձել է 75.6 տոկոս՝ 85-ից: Սա խոսում է այն մասին, որ բացի զուտ վիճակագրական թվային աճից, առկա է նաև որոշակի որակական տրանսֆորմացիա»,- նշեց պատգամավորը:

Մանուկյանը նշեց, որ 2020 թվականի ճգնաժամն իր բովանդակությամբ ու խորությամբ համադրելի չէ 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքների հետ ողջ աշխարհում: Բայց այդ ժամանակ արտաքին պարտքի ոչ թե բացարձակ, այլ հարաբերական ցուցանիշն աճել էր 18.5 տոկոսային կետով:

«Մենք փորձել ենք փրկել հասարակությանը, չենք առաջնորդվել յուրային - ոչ յուրայիններով: 2020-ին գրանցել ենք 7.6 տոկոսանոց անկում, բայց պարտքի բեռը հարաբերականորեն ավելացել է ընդամենը 13.6 տոկոսային կետով: Դե համեմատեք՝ 18.5-ը 13.6-ի, 14 և ավել տոկոսանոց անկումը՝ 7.6-ի և խոսեք Կառավարության ծրագրերի արդյունավետության և ներառականության և ձեր պրոֆեսիոնալների վարած քաղաքականության մասին»,- եզրափակեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել