Լուրերը, թե մի խումբ անձինք Արմավիրի մարզի հատվածից անցել են հայ-թուրքական պետական սահմանը, իրականությանը չեն համապատասխանում
18:16 - 13 մայիսի, 2021

Լուրերը, թե մի խումբ անձինք Արմավիրի մարզի հատվածից անցել են հայ-թուրքական պետական սահմանը, իրականությանը չեն համապատասխանում

Լուրերը, թե մի խումբ անձինք Արմավիրի մարզի հատվածից անցել են հայ-թուրքական պետական սահմանը, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Infocom-ը տեղեկացավ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից։

Այսօր armlur.am կայքը, հղում անելով իրենց խմբագրություն ահազանգած արմավիրցիների տեղեկություններին, գրել էր, թե մի խումբ անձինք հատել են հայ-թուրքական պետական սահմանը։ Հրապարակման համաձայն՝ դեպքը «բացահայտել են ՀՀ ԱԱԾ-ն, ռուս խաղաղապահները եւ կոնկրետ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ»:

Կայքը կապ էր հաստատել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, որը ասել էր, որ ինքն առաջին անգամ լրագրողից է լսում նման տեղեկություն։ Մաթեւոսյանն ընդգծել է, որ այս տարվա ընթացքում նման որեւէ դեպք չի գրանցվել։ Լրատվամիջոցը նշել է, որ ԱԱԾ գրավոր հարցում են ուղարկել՝ ճշտելու բնակիչների հայտնած տեղեկությունը, եւ հավելել, որ տեղեկությունը ստանալուն պես կհրապարակեն։

ԱԱԾ սահմանապահ զորքերից հեռախոսազանգի միջոցով հնարավոր եղավ ճշտել, որ իրենք նման ահազանգ չեն ստացել, եւ որ տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

Ի դեպ՝ նշենք, որ հայ-թուրքական սահմանին ռուս խաղաղապահները (ինչպես գրել է կայքը) ծառայություն չեն իրականացնում․ հայ-թուրքական սահմանը պահպանում է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության՝ Երեւանում տեղակայված սահմանապահ վարչության համապատասխան ստորաբաժանումը, որը սահմանախախտումների մասին տեղեկությունը պաշտոնապես տրամադրում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին, իսկ վերջիններս, ինչպես արդեն նշեցինք, հերքում են սահմանախախտման մասին մամուլում հրապարակված լուրերը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել