Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան |armenpress.am|
15:01 - 14 մայիսի, 2021

Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սահմանային միջադեպի առնչությամբ հայկական կողմի ձեռնարկած միջոցներն այս պահին համարում է ճիշտ, կարծում է՝ եթե բանակցությունները արդյունք չտան, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի: Մարուքյանն այս մասին ասաց մայիսի 14-ին հրավիրված ասուլիսում:

«Ակնհայտ է, որ սա ճգնաժամային իրավիճակ է, ադրբեջանական կողմը, հատելով հայկական պետական սահմանը, խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը և հայտնվել մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր»,-ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ այդ իմաստով հայկական կողմի գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ: «Առաջինն այն էր, որ հենց ի սկզբանե հատելու ժամանակ փորձ արվեր կանխել և հարված հասցնել: Սակայն, իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել այնտեղ, տեղակայվել են, նոր են հայտնաբերվել»,-ասաց Մարուքյանը:

Հայտնաբերելուց հետո սկսվել են բանակցություններ: «Ես կարծում եմ, որ հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի, որ եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը չվերադառնա, ապա կիրառի իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժ կիրառի: Սակայն, այս պահին եղած բանակցությունները և միջոցները, որոնք կիրառվում են, կարծում եմ՝ ճիշտ է, պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա ուժի միջոցը: Սակայն, հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի»,-ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը շատ ճիշտ քայլ համարեց նաև ՀԱՊԿ-ին դիմելը՝ նշելով, որ ՀՀ սահմանում հասունանում է նոր էսկալացիա: Սա ԼՀԿ-ի համար ներքաղաքական բնույթի հարց չէ: «Մենք անվտանգության հարցն արտաքին թշնամու կողմից ստեղծված ճգնաժամը որևէ ձևով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով և չենք օգտագործելու և նաև կոչ ենք անում մյուս բոլոր քաղաքական ուժերին անել նույնը: Եթե թշնամին ոտնձգություն է իրականացնում մեր սահմանների նկատմամբ, ապա այդ սահմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանը չէ, այն Նիկոլ Փաշինյանի սահմանը չէ, դա ՀՀ սահմանն է, բոլորիս սահմանն է, և բոլորով մեկ մարդու պես պետք է կանգնենք ու այդ սահմանը պահենք, եթե բանակցելու գործ է, բանակցենք, եթե կռվելու գործ է, կռվենք»,-ասաց Մարուքյանը:

ԱԺ պատգամավորներն օգտագործում են նաև խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել