Սերժ Սարգսյանի հարցազրույցի տեսանյութն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում առկա բոլոր հանգամանքներն ստուգելու նպատակով
17:05 - 19 մայիսի, 2021

Սերժ Սարգսյանի հարցազրույցի տեսանյութն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում առկա բոլոր հանգամանքներն ստուգելու նպատակով

Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ին հարցազրույց էր տվել կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանին։ 1 ժամ 30 րոպե տևողությամբ հարցազրույցում Սարգսյանը ի թիվս այլնի անդրադարձել է նաև հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հանրային ռադիոյի շենք ներխուժման փաստին։ Սերժ Սարգսյանն անդրադառնալով այս միջադեպի ժամանակ հանցագործություն լինել-չլինելու խնդրին ասում է, որ այնուամենայնիվ այդ գործողություններում հանցագործություն եղել է․

«Այո, ակնհայտ է, որ հանցագործություն կար, բայց ես խնդրին նայում էի մի քիչ ավելի լայն պատկերի մեջ։ Քանի որ իրենք սակավաթիվ էին և չկար կանխատեսում, որ այդ շարժումը կարող էր աճել, ստանալ այն թափը, որ հետո ունեցանք, և որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարին, որտեղ ձերբակալումից կամ ուժ կիրառելուց հետո այդ շարժումները ստանում են բոլորովին այլ բնույթ։ Սա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չունեցավ»,- նշել է Սարգսյանը։

Ակնհայտ է, որ Սարգսյանի խոսքում ակնարկվում է սեփական որոշմամբ Նիկոլ Փաշինյանին չձերբակալելու մասին։ Այսինքն՝ Սարգսյանի որակմամբ՝ եղել է հանցագործություն, սակայն ձերբակալում չի եղել, քանի որ այդպես են որոշել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչը կարող է լինել պաշտոնական դիրքի չարաշահում, քանի որ երկրի ղեկավարը լիազորված չէ որոշելու, թե ում ձերբակալեն և ում ոչ։

Վերոնշյալ հարցազրույցում հնչեցված հարցի վերաբերյալ պաշտոնական հարցմամբ դիմեցինք Գլխավոր դատախազություն։ Հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե արդյոք հայտարարությունը դիտարկվել կամ դիտարկվու՞մ է նախկինում պաշտոնեական լիազորություններն անցնելու համատեքստում, քանի որ ինչպես արդեն նշեցինք, երկրի ղեկավարը լիազորված չէ որոշել, թե ում ձերբակալեն և ում ոչ։ Դատախազությունից նաև փորձեցինք ճշտել, թե հայտարարությունն արդյոք հանցակազմ պարունակու՞մ է, թե՞ ոչ։ Եթե պարունակում է, ապա քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։

Մեր պաշտոնական հարցման պատասխանում դատախազությունից նշել են, որ տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում առկա բոլոր՝ այդ թվում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահում կատարելու վերաբերյալ հանգամանքներն ստուգելու նպատակով։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել