Հայաստանի՝ զբոսաշրջիկների համար ռիսկի գոտում հայտնվելը ոչ բոլոր դեպքերում ու ոչ ամբողջությամբ է կապված սահմանային լարվածության հետ
13:53 - 20 մայիսի, 2021

Հայաստանի՝ զբոսաշրջիկների համար ռիսկի գոտում հայտնվելը ոչ բոլոր դեպքերում ու ոչ ամբողջությամբ է կապված սահմանային լարվածության հետ

Վերջին օրերին ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հատվածներում իրավիճակը շարունակում է լարված մնալ ադրբեջանական զորքի՝ հայկական ինքնիշխան տարածք ներխուժելու և չհեռանալու պատճառով։ Մինչ օրս ադրբեջանական կողմի հետ բանակցություններն էական արդյունք չեն տվել, և ադրբեջանական ուժերը շարունակում են մնալ հայկական տարածքում։

Այս ամենին զուգահեռ, երեկ հայկական մեդիատիրույթում ակտիվորեն սկսեց տարածվել ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի ՀՀ և ԼՂ։ Սրանից ժամեր անց շրջանառվեց նաև Լեհաստանի դեսպանության՝ իր քաղաքացիներին ուղղված կոչը, ըստ որի՝ քաղաքացիներին հորդորում են չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։

Որոշ ժամանակ անց մեդիայում սկսեցին նաև տեղեկություն շրջանառել, որ Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Հայաստան, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ եղած սահմանագծի մոտակայք։ Այս անգամ լուրի սկզբնաղբյուրը տելեգրամյան ալիք էր։

Տեղեկությունները տարածվեցին Հայաստանի սահմաններին տիրող լարվածության ֆոնին, ինչն էլ մտայնություն ստեղծեց, թե նշված երկրները միայն այս դեպքերից հետո են իրենց քաղաքացիներին կոչ արել չայցելել Հայաստան։ ԱՄՆ հայտարարությունը թարմացվել է մայիսի 18-ին, հետևաբար դրա վրա ազդեցություն է ունեցել նաև այս պահին ՀՀ-ում տիրող սահմանային լարվածությունը, սակայն միայն դրանով չէ պայմանավորված։

ԱՄՆ-ն, օրինակ, իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստան և ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձ՝ 4-րդ մակարդակի, որը կարմիրն է։ Այսպես է գրել Factor.am լրատվական կայքը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։ 

Իրականում, ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանը ներառել է ամենաբարձր ռիսկային գոտիների ցանկում, սակայն սա ամենևին էլ պայմանավորված չէ վերջին օրերին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ ԱՄՆ Պետդեպարտամետի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ այն թարմացվել է մայիսի 18-ին, սակայն ինտերնետային արխիվի միջոցով հնարավոր եղավ պարզել, թե երբվանից սկսած է Հայաստանն ընդգրկված ռիսկային 4-րդ մակարդակում։ Այսպես՝ ապրիլի 21-ից սկսած Հայաստանը ընդգրկվել է ռիսկային 4-րդ՝ ամենաբարձ մակարդակում՝ մինչ այդ լինելով 3-րդ մակարդակում։ 

Ընդհանուր առմամբ, բովանդակային առումով հրապարակված տեքստերը նույնպես մոտ էին։ Երկու դեպքում էլ հայտարարվում է, որ վերջին ռազմական գործողությունների պատճառով չայցելեն Արցախ։ Ինչպես նաև երկու դեպքում էլ զգուշացվում է հեռու մնալ Ադրբեջանի հետ սահմանային գծերից։ Հայտարարության թարմացված տարբերակում, որը կարող ենք կապել սահմանային լարվածության հետ, սահմանների վերաբերյալ միայն մի բան է ավելացել, ըստ որի՝ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները և վերահսկվել անցակետով։ 

Լեհաստանի դեսպանատունը նույնպես իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստան, մասնավորապես՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Դեսպանատունը մայիսի 18-ին Հայտարարություն էր տարածել նաև ֆեյսբուքյան էջի միջոցով։ Սակայն օգտվելով ինտերնետային արխիվից՝ հնարավոր եղավ պարզել, որ այս հայտարարությունը նույնն է եղել, օրինակ, 2020 թվականի հոկտեմբերի 18-ին, այսինքն՝ հայտարարության տեքստում որևէ բան չի փոխվել վերջին օրերի իրադարձություններից հետո։ Այնուամենայնիվ, նույն հայտարարությունը մայիսի 18-ին դեսպանատունը ֆեյսբուքյան էջում տարածել էր, ինչը նշանակում է, որ դա կապված է նաև ՀՀ սահմանային լարվածության հետ։

Այս թեմայով երրորդ լուրը Մեծ Բրիտանիայի՝ իր քաղաքացիներին Հայաստան չայցելելու խորհուրդ տալն էր։ Ինչպես արդեն նշեցինք, լուրը տարածվել էր տելեգրամյան ալիքներից մեկից։ Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քաղաքացիներին խորհուրդ են տալիս զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներից, ինչպես նաև Իջևանի և Նոյեմբերյանի միջև գտնվող ճանապարհի մի հատվածից։ Սակայն հայտարարությունը վերջին անգամ թարմացվել է այս տարվա փետրվարի 24-ին, այսինքն՝ սա ևս չի կարող կապվել վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ։ 

Ընդ որում, եթե ինտերնետային արխիվի միջոցով նայենք ավելի վաղ տեղադրված հայտարարությունները, ապա կտեսնենք, որ, օրինակ, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, երբ դեռ չէր էլ սկվել 44-օրյա պատերազմը, Մեծ Բրիտանիան դարձյալ տեքստով զգուշացնում էր իր քաղաքացիներին Հայաստան այցի վերաբերյալ։ Մինչև պատերազմը զգուշացվում էին միայն Գեղարքունիքի և Տավուշի մարզերի հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, իսկ արդեն նոյեմբերի 5-ից սկսած՝ ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ։

Այսպիսով կարող ենք փաստել, որ թեև ԱՄՆ հայտարարությունը թարմացվել է մայիսի 18-ին, Լեհաստանի դեսպանատունը նոր է ֆեյսբուքյան էջում տարածել Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր չայցելելու մասին հայտարարությունը, այնուամենայնիվ Հայաստանը ռիսկի գոտում էր ավելի վաղ, քան սահմանային վերջին միջադեպերը, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նոր հաղորդագրություն չի տարածել։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել