ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ անհիմն դատավարական գործընթացը Բաքվում մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է. Բաղդասարյան
12:34 - 24 մայիսի, 2021

ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ անհիմն դատավարական գործընթացը Բաքվում մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է. Բաղդասարյան

Հայաստանի երկու քաղաքացիների՝ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ անհիմն դատավարական գործընթացը, որը մեկնարկել է Բաքվի դատարանում, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման հերթական կոպտագույն դրսևորումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ գերեվարված մեր քաղաքացիները ամիսներ շարունակ ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում, իսկ այժմ էլ կեղծ մեղադրանքներ առաջադրելով՝ նրանց փորձում են ենթարկել պատասխանատվության:

«Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցի առնչությամբ շարունակում է մնալ նույնը նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում՝ գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ:

Եւս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր գերեվարված քաղաքացիները նախ և առաջ պաշտպանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Ժնեւի 3-րդ կոնվենցիայի դրույթներով, ավելին՝ գերեվարված մեր հայրենակըցների նկատմամբ որևէ ոտնձգություն արդեն իսկ հարվածի տակ է դնում եւ խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացումը: Փաստացիորեն, չնայած մեր բազմաթիվ պնդումների, չնայած միջազգային կառույցների արձագանքի՝ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները և այժմ էլ հերթական կեղծ մեղադրանքներով փորձում է ձգձգել մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք»,-գրել է Բաղդասարյանը:

Նշենք, որ ՀՀ 2 քաղաքացիների նկատմամաբ սատավարությունը Բաքվի դատարանում մեկնարկել է այսօր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել