Արդարադատության նախարարությունը պետական գրանցում է տվել հիմնադիր համագումարի ժամանակ 300 անդամ չապահոված կուսակցությունների
19:12 - 07 հունիսի, 2021

Արդարադատության նախարարությունը պետական գրանցում է տվել հիմնադիր համագումարի ժամանակ 300 անդամ չապահոված կուսակցությունների

2020-ի դեկտեմբերին փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում։ Ի թիվս այլնի, փոփոխություններ եղան նաև նոր կուսակցությունների պետական գրանցման գործընթացում։ Եթե նախկինում հիմնադիր համագումարի ժամանակ կուսակցության ստեղծմանը պետք է կողմ քվեարկեր 100 հիմնադիր անդամ, ապա այժմ այդ թիվը պետք է լինի 300։ Սա նշանակում է, որ կուսակցությունն իր ստեղծման պահին պետք է ունենա առնվազն 300 հիմնադիր անդամ։

Օրենքն ուժի մեջ մտավ 2021-ի հունվարի 20-ին, ինչը նշանակում է, որ հունվարի 20-ից հետո հիմնադիր համագումար անցկացրած բոլոր կուսակցությունները պետք է ունենան առնվազն 300 հիմնադիր անդամ, որոնք համագումարի ժամանակ կողմ են քվեարկել կուսակցության գրանցմանը։ «Կուսակցությունների մասին» օրենքով նաև սահմանվում է, որ պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր մարմին պետք է ներկայացնի հիմնադիր համագումարում կուսակցության ստեղծման մասին որոշմանը կողմ քվեարկած հիմնադիրների անունները, ազգանունները, անձնագրերի պատճենները, ստորագրությունները (հոդված 9)։

Infocom-ը ներկա է եղել կուսակցությունների՝ ապրիլի 22-ից հետո անցկացված հիմնադիր համագումարների մեծ մասին՝ հասկանալու համար, թե արդյո՞ք բոլոր կուսակցություններն են ապահովել 300 հիմնադիր անդամներ, և եթե այդ թիվը չի ապահովվել, արդարադատության նախարարությունը գրանցե՞լ է այդ կուսակցությունները, թե՞ ոչ։

 

2021-ին գրանցված կուսակցություններ, որոնց հիմնադրմանը կողմ չի քվեարկել 300 հիմնադիր անդամ

Infocom-ը ներկա է եղել «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարին։ Հիմնադիր անդամների թիվը չէր գերազանցում 80-ը։ Կուսակցությունը, սակայն, մայիսի 25-ին պետական գրանցում է ստացել։ «Միասնական Հայրենիք»-ի նախագահը Մհեր Տերտերյանն է։

«Շանթ դաշինք»-ի հիմնադիր համագումարի ժամանակ սրահում չկար 300 աթոռ, և զբաղված էին ոչ բոլոր աթոռները, հետևաբար՝ 300 հիմնադիր անդամ չէր կարող ապահովված լինել։ Կուսակցությունը պետական գրանցում է ստացել մայիսի 24-ին, նախագահը Շահեն Հարությունյանն է։

Infocom-ը ներկա չի եղել պետական գրանցում ստացած «Ազգ-բանակ-հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարին, սակայն հրապարակված տեսանյութերում երևում է՝ սրահում ներկա չէ 300 մարդ, այսինքն՝ հիմնադիր համագումարի ժամանակ կուսակցության ստեղծմանը կողմ չի քվեարկել 300 հիմնադիր անդամ, ինչպես պահանջում է օրենքը։  Կուսակցության նախագահը Ռուբեն Գևորգյանն է։

«Արդար Հայաստան» կուսացկությունը երկու ամիս առաջ անցկացրել էր հիմնադիր համագումար, բայց արդարադատության նախարարությունը վերադարձրել էր դիմումը։ Համացանցում եղող տեսանյութերից չենք կարող միանշանակ ասել՝ հիմնադիր համագումարին 300 անդամ եղե՞լ է, թե՞ ոչ։

Դիմումի վերադարձից հետո տեղի է ունեցել «Արդար Հայաստան»-ի նոր հիմնադիր համագումարը։ Այս համագումարի ժամանակ, որին մենք ներկա էինք, սրահում աթոռների թիվն առավելագույնը 250 էր, համագումարը մեկնարկելու պահին ոչ բոլոր աթոռներն էին զբաղված, այսինքն՝ 300 հիմնադիր անդամ չէր կարող ապահովվել, ինչը երևում է նաև կուսակցության տարածած հոլովակում։ Մայիսի 21-ին «Արդար Հայաստան» կուսակցությունը պետական գրանցում է ստացել։ Կուսակցության նախագահը Նորայր Նորիկյանն է։

 

Կուսակցություններ, որոնց հիմնադրմանը կողմ է քվեարկել առնվազն 300 հիմնադիր անդամ

«Ինքնիշխան Հայաստան»-ի հիմնադիր համագումարին սրահում աթոռների թիվը 300-ից ավելի էր, գրեթե բոլոր աթոռները զբաղված էին, նաև կանգնած հիմնադիր անդամներ կային։ Հետևաբար, կուսակցությունը կարողացել է ապահովել առնվազն 300 հիմնադիր անդամ, ինչը երևում է նաև «Ինքնիշխան Հայաստան»-ի տարածած հոլովակում։ Կուսակցությունը պետական գրանցում է ստացել մայիսի 20-ին, նախագահը Դավիթ Սանասարյանն է։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ էլ կար ավելի քան 300 հիմնադիր անդամ, ինչը երևում է նաև այլ տեսանյութերում։ Սրահում աթոռները 300-ից ավելի էին, կային նաև կանգնած հիմնադիր անդամներ։ Կուսակցությունը պետական գրանցում է ստացել մայիսի 19-ին, նախագահը Արա Զոհրաբյանն է։

 

Կուսակցություններ, որոնց հիմնադիր անդամների թիվն արձանագրել Infocom-ին չի հաջողվել

Մինչև ապրիլի 29-ը արդարադատության նախարարությունը վերադարձրել է «Ձայն» կուսակցության պետական գրանցման դիմումը։ Կուսակցության երկրորդ հիմնադիր համագումարին Infocom-ը ներկա էր․ այդ ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ հիմնադիր անդամները վերահաստատում էին հիմնադիր համագումարի ժամանակ ընդունած որոշումները, բայց քանի որ բոլոր հիմնադիր անդամները միաժամանակ չէին քվեարկում, իսկ առաջին համագումարից տեսանյութեր չկան, չենք կարող ասել, թե քանի հիմնադիր անդամ ունի կուսակցությունը։ «Ձայն»-ը մայիսի 25-ին պետական գրանցում է ստացել։

Պետական գրանցում ստացած «Վերելք», «Կայունություն», «Ազգ-բանակ-հայրենիք», «Իրավական պետություն», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական, «Ազատական» կուսակցությունների հիմնադիր համագումարներին Infocom-ը ներկա չի եղել։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական, «Ազատական» և «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների հիմնադիր համագումարներից լուսանկարներ, տեսագրություններ համացանցում չկան, «Վերելք» և «Կայունություն» կուսակցությունների հիմնադիր համագումարների լուսանկարներից և «Իրավական պետություն» կուսակցության հիմնադիր համագումարի տեսանյութից էլ հնարավոր չէ հասկանալ՝ հիմնադիր անդամների թիվը 300-ի հասե՞լ է, թե՞ ոչ։

Infocom-ը փորձել է ներկա լինել ևս 4 կուսակցության հիմնադիր համագումարի, բայց այդ համագումարները կա՛մ հետաձգվել են, կա՛մ չեն կայացել։

 

2021-ին գրանցված կուսակցություններ, որոնց հիմնադիր համագումարը կայացել է մինչև օրենքի փոփոխությունները

Այս տարի գրանցում ստացած «Արդարություն և հայրենիք», «Քրիստոնեա-ժողովրդավարական», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Իմ Հայաստան» կուսացությունների հիմնադիր համագումարները տեղի են ունեցել կա՛մ 2020-ին, կա՛մ մինչև 2021-ի հունվարի 20-ը, այսինքն՝ մինչև «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելը։

Ամփոփելով նշենք, որ պետական գրանցում է ստացել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո հիմնադիր համագումար անցկացրած 12 կուսակցություն։ Այդ կուսակցություններից 5-ի հիմնադիր համագումարներին Infocom-ը ներկա է եղել և արձանագրել է, որ միայն 2-ի դեպքում է հիմնադիր անդամների թիվը եղել առնվազն 300, իսկ «Արդար Հայաստան»-ը, «Միասնական Հայրենիք»-ը և «Շանթ Դաշինք»-ը չեն ապահովել այդ թիվը։ «Ազգ-բանակ-հայրենիք» կուսակցության դեպքում էլ տարածված տեսանյութից է երևում, որ հիմնադիր անդամների թիվը չի հասել 300-ի։

Այսինքն՝ «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո արդարադատության նախարարությունը պետական գրանցում է տվել առնվազն 4 կուսակցության, որոնք հիմնադիր համագումարներն անցկացրել են օրենքի առերևույթ խախտմամբ՝ չապահովելով 300 հիմնադիր անդամ։  Այդ չորս կուսակցություններից «Արդար Հայաստան»-ը և «Միասնական Հայրենիք»-ը մասնակցելու են սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին, իսկ «Շանթ Դաշինք»-ը և «Ազգ-բանակ-հայրենիք»-ը ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցանկում չկան։ Նոր ստեղծված կուսակցություններից ընտրություններին կմասնակցեն նաև «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական, «Վերելք», «Ազատական», «Ինքնիշխան Հայաստան», «Զարթոնք» ագային քրիստոնեական, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունները։

Արդարատադության նախարարություն հարցում էինք ուղարկել՝ հասկանալու համար, թե արդյոք ԱՆ-ն տեղեկություններ ունի օրենքի փոփոխություններից հետո հիմնադիր համագումար անցկացրած կուսակցությունների հիմնադիր անդամների թվի վերաբերյալ, և ինչ մեխանիզմներով է ստուգում՝ կուսակցությունների ստեղծմանը 300 հիմնադիր անդամ կողմ քվեարկե՞լ է, թե՞ ոչ։

Նախարարությունից մեզ պատասխանել են, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն` պետական գրանցման նպատակով կուսակցությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության ստեղծման մասին որոշմանը կողմ քվեարկած հիմնադիրների անունները, ազգանունները, անձնագրերի պատճենները, ստորագրությունները։

« «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»  օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` 

1. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմած անձի կողմից ներկայացված տեղեկատվությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործակալությունը համարում է արժանահավատ:
2. Գործակալությունը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, գործակալություն ներկայացվող տեղեկությունների ճշտության ստուգում չի իրականացնում և պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով առաջացած հնարավոր որևէ վնասի համար: Սույն մասով նախատեսված պատասխանատվության սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գործակալության աշխատակիցը գիտեր կամ ակնհայտորեն պարտավոր էր իմանալ փաստաթղթերի կեղծ լինելու մասին:
3. Անձանց կողմից գործակալություն ներկայացված տեղեկատվությունը կարող է համարվել անարժանահավատ, եթե կա դա փաստող ապացույց կամ այլ անձանց ներկայացրած տեղեկատվություն:
4. Դիմող անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սխալ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև իր տրամադրած սխալ տեղեկատվության հետևանքով առաջացած վնասի համար»,- ասված է ԱՆ պատասխանում: 

Արդարադատության նախարարության պատասխանից կարող ենք ենթադրել, որ նախարարությունը հիմնվել է կուսակցությունների՝ հիմնադիր անդամների մասին ներկայացրած տվյալների վրա և չունի մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի ստուգել՝ կուսակցության ստեղծման մասին որոշմանը հիմնադիր համագումարի ժամանակ կողմ քվերակե՞լ է առնվազն 300 հիմնադիր անդամ, թե՞ ոչ։

Նարեկ Մարտիրոսյան, Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել