Նուր-Սուլթանում տեղի է ունեցել հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը
18:39 - 26 մայիսի, 2021

Նուր-Սուլթանում տեղի է ունեցել հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մայիսի 26-ին կայացած տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին։

Նիստի համանախագահներն էին․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը։

Նիստի ընթացքում քննարկվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության, գիտատեխնիկական և տրանսպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու դրանց իրականացման ուղիները։ Քննարկված հարցերի արդյունքում ընդունվել են որոշումներ և տրվել հանձնարարականներ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։  

Բախիտ Սուլթանովը նշել է, որ ղազախական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մեծացնել արտահանման անվանակարգումը (նոմենկլատուրան) 230,9 մլն դոլարի չափով՝ տարբեր ոլորտների 50 անուն վերամշակվող ապրանքների մատակարարման համար․ նավթաքիմիա՝ 138,8 մլն դոլար, մետաղագործություն՝ 23,1 մլն․ դոլար, սննդամթերքի վերամշակում՝ 36,4 մլն․ դոլար և այլն։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանից Ղազախստան ուղիղ չվերթների վերաբացման, ինչպես նաև համատեղ ուժերով մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնման հնարավորություններին, ինչը կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ակտիվացմանը։

Նիստի ավարտին ստորագրվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որում, ըստ ոլորտների, սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել