Մարուքյանը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության խորհրդարանական գործունեությունը
11:44 - 31 մայիսի, 2021

Մարուքյանը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության խորհրդարանական գործունեությունը

Լուսավոր Հայաստանը՝ իր 17 պատգամավորներով, 2019 թվականի հունվարի 14-ից սկսած, երբ խորհրդարանը երդվելով ստանձնել է պարտականությունները, ունեցել է 865 ելույթ, որից 771 հարց է տվել նաև՝ չհաշված հանձնաժողովներում ելույթները և հարցերը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Միակ խմբակցությունն է, որը երեք անգամ հանդես է եկել հարցապնդմամբ, այսինքն՝ խորհրդարանի Սահմանադրական օրենքի տված մեխանիզմը երեք անգամ միայն մեր խմբակցությունն է օգտագործել։ Առաջինը՝ պետական մարմիններում աշխատատեղերի կրճատման արդյունքում առաջացող խնդիրները, երկրորդ՝ բնապահպանական ծրագրերի թերակատարման հետ կապված հարցապնդումը, երրորդ՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտների հետ կապված բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնեցինք և հարցապնդում ներկայացրինք։ Բոլոր դեպքերում մենք նախարարների անվստահության հարց ենք բարձրացրել, կարծում եմ՝ հիշում եք,- նշեց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 90-ից ավելի հայտարարությունների, ուղերձների նախագծեր են դրվել շրջանառության մեջ․ «Բավականին նախագծեր ունենք, որոնք ընդունվել են և տարբեր ոլորտներում խնդիրներ են կարգավորել, մեր քաղաքացիների բարձրացրած հարցերն են լուծվել։ Ինչպես գիտեք, ընդդիմադիր խմբակցության համար կարևորն այն է, որ խնդիրը բարձրացվի։ Եղել են շատ դեպքեր, երբ մեր նախագծերը մերժվել են, բայց հետո իշխանությունը նույն նախագիծն ընդունել է։ Այսինքն՝ այն խնդիրը, որը մենք ուզում էինք լուծել, լուծվել է, բայց ոչ մեր նախագծով»։

Հաջորդիվ ԼՀԿ ղեկավարը շեշտադրում արեց միջազգային խորհրդարանական դիվանագիտության մակարդակում խմբակցության իրականացրած աշխատաքին։

«Գիտեք, որ ԵԽԽՎ-ում ես եմ ակտիվորեն ներգրավված աշխատել, ՀՀ շահերը, մեր խնդիրները ներկայացրել, լոբբինգ արել մեր ազգային շահերի հետ կապված՝ միջազգային հարթակներում կոնսոլիդացիա ձևավորելու համար։ Նաև, ի պաշտոնե, այնտեղ իմ ակտիվ աշխատանքի արդյունքում ընտրվել եմ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, որը ամենամեծ և ամենաազդեցիկ հանձնաժողովն է»,- հայտնեց Մարուքյանը՝ հավելելով, որ Հայաստանը ներկայացրել է մոնիտորինգի հանձնաժողովում, որտեղ վերջին շրջանում գոնե նոյեմբերի 10-ից հետո քննարկումների հիմնական առանցքը եղել է ռազմագերիների հարցը, դրանից առաջ՝ պատերազմը, ագրեսիան, պատերազմական հանցագործությունները։

Նրա խոսքով՝ այս իմաստով աշխատանքները ակտիվորեն իրականացվել են, և մինչ այսօր այդ հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում, ուղղակի դրանք դռնփակ են։ «Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովում ակտիվորեն աշխատել է մեր պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ կրկին մեր պետական շահերը բարձր մակարդակով ներկայացնելով։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ակտիվորեն աշխատել է Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը՝ ՀԱՊԿ խորհրդաժողովում, ԱՊՀ խորհրդաժողովում՝ մեր մյուս պատգամավորները, ինչպես նաև բարեկամական խմբերում ակտիվ աշխատանք է տարվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել