Մայր Աթոռը դատապարտել է Աբովյանի դիահերձարանում զոհված զինվորականների աճյունների հանդեպ վերաբերմունքը
18:16 - 02 հունիսի, 2021

Մայր Աթոռը դատապարտել է Աբովյանի դիահերձարանում զոհված զինվորականների աճյունների հանդեպ վերաբերմունքը

Մայր Աթոռն անդրադարձել է ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի դիահերձարանի հատակին նետված ՀՀ զինծառայողների աճյունների մասին վկայող մամուլում տարածված լուրերին և դատապարտել զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը:

Այս մասին  հայտնում են Մայր Աթոռի  տեղեկատվական համակարգից:

Հաղորդագրության տեքստում ընդգծվում է, որ մամուլում հրապարակված լուսանկարները և ապա տարածված տեսանյութն առաջ են բերել հանրության, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։

«Որևէ պաշտոնական հայտարարություն և բերված պատճառաբանություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր ժողովրդի հերոս զավակների մասունքների նկատմամբ։ Հայրենիքի պաշտպանության և մեր ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի համար նահատակված քաջորդիների աճյունները, անկախ դրանց առնչությամբ իրականացվող գործընթացների, պետք է արժանանան պատշաճ ուշադրության։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստագույնս դատապարտում է կատարվածը։ Այսօրինակ երևույթներն ավելի են խորացնում պատերազմի արհավիրքը վերապրած մեր ժողովրդի ցավն ու տառապանքը և անվստահություն հարուցում պետական պատկան կառույցների նկատմամբ, որոնք կոչված են օր առաջ կարգավորելու առկա զգայուն խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել