Հայաստանը Ճապոնիայից կստանա ամբողջովին կահավորված 51 շտապօգնության մեքենա |armenpress.am|
12:15 - 08 հունիսի, 2021

Հայաստանը Ճապոնիայից կստանա ամբողջովին կահավորված 51 շտապօգնության մեքենա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մինչև տարեվերջ Ճապոնիայի կառավարության կողմից որպես նվիրատվություն կստանա 51 շտապօգնության մեքենա: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

Ավանեսյանը հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև շտապօգնության մեքենաները: Անհրաժեշտություն է առաջացել արագ համալրել մեքենաների պարկը: «Աշխատանքներ երկու ուղղությամբ են տարվել: Պետբյուջեի և Համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ձեռք բերվեցին 37 ամենագնաց Շտապօգնության մեքենաներ և 10 «Ֆորդ» ռեանիմոբիլներ»,-ասաց նա:

Բացի այդ, լայնածավալ աշխատանք է տարվել սփյուռքի ներկայացուցիչների հետ, այդ ընթացքում բազմաթիվ շտապօգնության մեքենաներ են նվիրաբերվել ՀՀ-ին, Արցախին:

«Այս պահին շտապօգնության մեքենաների մեր պարկը, կարելի է ասել, ամբողջովին համալրված է: Տարվա սկզբին պետք է ունենայինք Ճապոնիայի կառավարության կողմից մեզ որպես օգնություն տրամադրված ևս 51  նոր ամբողջովին կահավորված մեքենաներ, բայց կորոնավիրուսը խանգարեց, և գործընթացները ձգձգվեցին: Բայց մենք մինչև տարվա վերջ կունենանք ևս 51 ամբողջովին կահավորված շտապօգնության մեքենաներ»,- ասաց Ավանեսյանը:

 Պետության նպատակն է՝ համալրելով ամբողջական պարկը, անընդհատ կապիտալ ներդրումներ անելով՝ այլևս թույլ չտալ, որ պարկը հասնի մաշվածության այնպիսի աստիճանի, որ ստիպված լինի միջազգային օգնության շրջանակում ստանալ մեքենաներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել