«Պատերազմի 3-րդ, 4-րդ օրն արդեն անհրաժեշտ էր ճանաչել Արցախի անկախությունը, բայց կապիտուլյանտն իր մեջ ուժ կամ խելամտություն չգտավ». Վանեցյանի հարցազրույցը Սոլովյովին |tert.am|
13:35 - 09 հունիսի, 2021

«Պատերազմի 3-րդ, 4-րդ օրն արդեն անհրաժեշտ էր ճանաչել Արցախի անկախությունը, բայց կապիտուլյանտն իր մեջ ուժ կամ խելամտություն չգտավ». Վանեցյանի հարցազրույցը Սոլովյովին |tert.am|

tert.am: ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի թիվ 1 համարը հանդիսացող Արթուր Վանեցյանն այսօր Соловьёв LIVE հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է տվել Վլադիմիր Սոլովյովին, որում անդրադարձել է Արցախյան խնդրին, Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, հայ-ռուսական հարաբերություններին ու մասնավորապես ՌԴ-ի մասնացությանն Արցախյան վերջին պատերազմում:

Սոլովյովը, դիմելով Վանեցյանին, նշել է՝ ինքը շատ պահանջներ է լսել Ռուսաստանի հասցեին, այդ թվում նաև իր հայ ընկերներից, թե ինչու Ռուսաստանը զորքեր չի մտցնում, թե ինչու չի գործում ՀԱՊԿ-ի պայմանագիրը:

«Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ դուք չեք ճանաչել Ղարաբաղը, դուք չեք ասել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է: Այն պայմանագրի հովանու տակ չէ: Ի՞նչ եք դուք պահանջում ՌԴ-ից, երբ ՀՀ-ի իշխանություններն իրենց մեջ ուժ չգտան ասելու, թե ինչ կարգավիճակ ունի Արցախը, ինչ կարգավիճակ ունի Լեռնային Ղարաբաղը»,- հարցրել է Սոլովյովը, ինչին ի պատասխան՝ Վանեցյանը նշել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները սխալ են վարվել, և որ Արցախը պետք է ճանաչվեր պատերազմի 3-րդ, 4-րդ օրը:

Ի պատասխան այս պնդմանը՝ Սոլովյովը նշել է. բայց չէ՞ որ Ռուսաստանն իրապես փրկել է Ղարաբաղը: Եթե չլինեն ռուս խաղաղապահները, ապա հայտնի չէր լինի, թե որտեղ կլինեին ադրբեջանցի զինվորականները, Վանեցյանը նշել է. «Ռուսաստանն իրապես փրկել է Ղարաբաղը, Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է, բայց պետք է հասկանալ, թե ինչու այսպես ստացվեց: 3 տարի շարունակ Հայաստանի նոր իշխանություններն անընդհատ փչացրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հիշեք կապիտուլյանտի, նրա պոպուլիստական թիմի բոլոր հայտարարությունները, և կհասկանաք, թե ինչ է եղել: Ես առհասարակ մտածում էի՝ ՌԴ-ն կարող էլ լրիվ այլ կերպ վարվել: ՌԴ-ն հստակորեն օգնել է, Ռուսաստանը շարունակում է օգնել: Այսօր Ղարաբաղում, Արցախում մարդիկ են ապրում, և այդ մարդիկ ապրում են ռուս խաղաղապահների հովանու ներքո: Պետք չէ այդ մասին մոռանալ»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել