Հայաստան-Ադրբեջան գործարքը 3 ամիս նախապատրաստվում էր. Վրաստանի ԱԳ նախարար |aliq.ge|
10:33 - 13 հունիսի, 2021

Հայաստան-Ադրբեջան գործարքը 3 ամիս նախապատրաստվում էր. Վրաստանի ԱԳ նախարար |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի իշխանությունները աշխատել են 2-3 ամիս շարունակ` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար: Այս մասին ասել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: 

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված զինվորների՝ Ղարաբաղում Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Գործարքի պայմանները համաձայնեցվել են` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ: Գործընթացին ներգրավված է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի ` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:

«Վերջին 2-3 ամիսների ընթացքում մենք շատ ակտիվ ենք եղել մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ` այս արդյունքին հասնելու համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենք այդպիսի արդյունք և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերներին `Ադրբեջանին և Հայաստանին, որոնք  շատ լավ գիտակցեցին, որ անհրաժեշտ է ընդառաջ քայլեր անել` տարածաշրջանում երկկողմ խաղաղություն և կայունություն հաստատելու համար», — ասել է Զալկալիանին:

Հունիսի 6-ին Ռիկերը ժամանել էր Վրաստան՝ պաշտոնապես սկսելով շրջագայություն` Հարավային Կովկասի երկրներում: Զալկալիանին շեշտում է,  որ ամերիկյան պատվիրակությունը վերադարձավ Թբիլիսի՝ Բաքվում և Երևանում կայացած հանդիպումներից հետո հարցի քննարկումը շարունակելու նպատակով:

Վրաստանի արտգործնախարարը հույս ունի, որ համագործակցության արդյունքում ձեռք բերված փորձը հիմք կհանդիսանա` ինչպես մարդասիրական, այնպես էլ այլ կարևոր հարցերի լուծման նոր ձևաչափ ստեղծելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել