Դատարանը մերժեց Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը |hetq.am|
16:59 - 14 հունիսի, 2021

Դատարանը մերժեց Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ մերժեց «Զարթոնք» կուսակցության հիմնադիր անդամ Վահագն Չախալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Այս մասին ասաց Չախալյանի պաշտպաններից Միքայել Շխիմյանը։

Վահագն Չախալյանը համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Չախալյանն ասաց, որ իր խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում ևս այս մասին հայտարարել է։

«Մեղադրանքը սին է։ Դեպքի վայրից 300-400 մետր հեռավորության վրա ինձ ձերբակալել են, բայց նշել, թե այդպիսով կանխել են իմ կողմից հանցանքի կատարումը»,- ասաց Չախալյանն և հավելեց, որ ինքը ոչ միայն հանրահավաքի վայրից հեռու գտնվող տարածից, այլ նաև հանրահավաքի ավարտից շուրջ 30 րոպե անց է ձերբակալվել։

Նշենք, որ Չախալյանը մեղադրվում է հունվարի 28-ին Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այդ օրը քաղաքացիները Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք։ Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը։ Վերջիններիս մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություններ ներկայացվել դատարան, որոնք, մերժվել են։ Այս որոշումները դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, քննելով Չախալյանի և Չոբանյանի խափանման միջոցի հարցով դատախազության բողոքները, որոշել է դատական ակտերը բեկանել ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Չախալյանի խոսքով՝ դատական նիստի ընթացքում մեղադրողը մեջբերել է գործով մյուս մեղադրյալների՝ լրատվամիջոցներին տրված հարցազրույցներից դրվագներ, ապա դրանցով հիմնավորված համարել Չախալյանին կալանավորելու անհրաժեշտությունը։

«Ասում են՝ Պողոսը սա է ասել, Կիրակոսը` սա է ասել, կալանավորեք Չախոլյանին։ Սրանից մենք ի՞նչ եզրակացություն պետք է անենք»,- ասաց Վահագն Չախալյանը։

Վերջինս հիշեցրեց, որ «Զարթոնք» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավի մեջ է գտնվում, պնդեց, որ իշխանությունն առանց այն էլ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ուժերի համար հավասար պայմաններ չի ստեղծել, և այս կարևոր ու քարոզարշավի համար տրված առանց այն էլ սուղ ժամանակաշրջանում իրեն կանչել են դատարան՝ խափանման միջոցի հարցով դատական նիստին։

Մեր հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ քարոզարշավի ընթացքում Չախալյանի նկատմամբ հետապնդումը ոչ թե բացասական, այլ դրական ազդեցություն ունենա կուսակցության համար, Չախալյանը պատասխանեց, որ գուցե այդպես լիներ, եթե իրենք չգտնվեին ինֆորմացիոն վակուումի մեջ։

«Մեր նկատմամբ ապօրինությունները ինֆորմացիոն վակուումի պայմաններում են տեղի ունենում»,- ասաց Չախալյանը։

«Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են համարում, որ Չախալյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում այն պայմաններում, երբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ավելի վաղ, քան «Զարթոնք» կուսակցությանը անդամակցելը։

Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ այս հետապնդումը հենց Վահագն Չախալյանի նկատմամբ է, այն նպատակ է հետապնդում կանխելու վերջինիս ակտիվ գործունեությունը։ Զոհրաբյանը դիտարկեց, որ Չախալյանը միշտ է զբաղվել ակտիվ գործունեությամբ և պայքար մղել ապազգային ծրագրերի դեմ։

Ըստ Զոհրաբյանի՝ իշխանությունը Չախալյանին վերագրում է մի արարքի կատարում, որը նա չի կատարել։ Փաստաբանների պալատի նախագահն ասում է, որ շատ հավաքների ժամանակ են քաղաքացիները փորձել ճեղքել ոստիկանների կազմած պատը, 2018-ին այդպես վարվել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, Զոհրաբյանի խոսքով՝ Փաշինյանն անգամ վարչապետ եղած ժամանակ է նման փորձ արել Ազգային ժողովում, և այս պայմաններում ընտրողաբար մոտենալը հարցին ու Չախալյանի նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելն է, որ իրենց հիմք է տալիս ասելու, որ Չախալյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել