Երկու մանկապարտեզում երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չեն համապատասխանել սահմանված պահանջներին
17:19 - 15 հունիսի, 2021

Երկու մանկապարտեզում երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չեն համապատասխանել սահմանված պահանջներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունիսի 8-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգեր էր ստացել այն մասին, որ Երևանի «Վիննի Պուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններում երեխաներ են թունավորվել «Բիոկաթ» ապրանքանիշի թթվասեր և կաթնաշոռ ուտելու արդյունքում: Երեխաները տեղափոխվել են Նորքի «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման կենտրոն» ու «Մուրացան» ԲԿ: Նույն կաթնամթերքի օգտագործումից հետո ինքնազգացողության վատացման մասին ահազանգեր են ստացվել նաև այլ քաղաքացիներից:

Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, ՍԱՏՄ ղեկավարի հրամաններով՝ վերահսկողական միջոցառումներ՝ ստուգումներ, են սկսվել նշված մանկապարտեզներում, ինչպես նաև «Բիոկաթ» ՍՊԸ-ում: Մանկապարտեզներում առկա սննդից և կաթնամթերքներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: «Բիոկաթ» ընկերության հունիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը ետ է կանչվել իրացման ցանցից և մատակարարման վայրերից:

ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ ներկայացված կաթնաշոռի և թթվասերի նմուշները ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ և բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Վիննի Պուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններ կաթնամթերքը առաքվել է միևնույն փոխադրամիջոցով, որի սառնարանը անսարք է եղել և չի գործել:

«Բիոկաթ» ՍՊԸ-ում ստուգումը շարունակվում է, կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթները կկասեցվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել