Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի սկզբունքը համարում է  ճշգրիտ, չափելի և օբյեկտիվ
18:30 - 18 հունիսի, 2021

Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի սկզբունքը համարում է ճշգրիտ, չափելի և օբյեկտիվ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում հեռուստատեսությունը պարտավորվում է հավասար պայմաններ ապահովել կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների լուսաբանման համար։ Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվում է նաև անվճար եթերաժամանակ հատկացնել բոլոր քաղաքական ուժերին։ Վերջինս կազմակերպում է նաև մեծ բանավեճ՝ բոլոր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Այս անգամ քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել բանավեճերն անցկացնել 2 փուլով՝ 13-ական քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Ամեն փուլի համար նախատեսվել էր 2 բանավեճ․ մեկը՝ 2-ից 10 համարների մասնակցությամբ, մյուսը՝ 1-ին համարների մասնակցությամբ։ Ընդհանուր կայացել է 4 բանավեճ։

Հունիսի 5-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, որով ծայրահեղ անարդարացի էր որակվում բանավեճի համար ընտրված սկզբունքը։ Դրանից հետո ընտրություններին մասնակցող 10 կուսակցություններ հայտարարություն տարածեցին, համաձայն որի բանավեճի այս ձևաչափը խախտում է անաչառության, մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքները, ուստի նրանք հրաժարվում են բանավեճի մասնակցությունից։

Քաղաքական ուժերը Հանրային հեռուստաընկերության սկզբունքը համարում են անընդունելի, քանի որ խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով․ առաջին խմբում մասնակցելու են առավել վաղ պետական գրանցում ստացած կուսակցությունները, իսկ երկրորդ խմբում՝ առավել ուշ գրանցված կուսակցությունները։ Ընդ որում, ըստ քաղաքական ուժերի տարածած հայտարարության, հասկանալով, որ այս սկզբունքով մեկ ամիս առաջ գրանցված դաշինքները կհայտնվեին երկրորդ խմբում՝ ավելացրել են երկրորդ սկզբունքը, ըստ որի՝ հաշվի է առնվում ոչ թե դաշինքի, այլ դրա կազմում ընդգրկված կուսակցություններից առավել հնի գրանցման ամսաթիվը։ Այսպիսով՝ նրանցից ոչ մեկը հնարավորություն չի ստանում բանավիճելու և հարցեր ուղղելու Հայաստանը ղեկավարած 4 ներկայացուցիչներից և ոչ մեկին։

Infocom-ը պաշտոնական հարցմամբ դիմեց Հանրային հեռուստաընկերություն՝ պարզելու, թե ինչպես և ինչու է ընտրվել հենց այդ սկզբունքը։

Պաշտոնական պատասխանի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել բանավեճն անցկացնել երկու խմբով՝ 13-ական մասնակիցներով քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել աննախադեպ մեծ քանակությամբ քաղաքական ուժեր, ուստի մեկ փուլով բանավեճի կազմակերպումն անհնարին է եղել՝ հաշվի առնելով ժամանակի և տաղավարի տեխնիկական հնարավորությունների սահմանափակումները։

Առաջին բանավեճը (2 փուլով) կազմակերպվել է նախընտրական ցուցակների 2-10-րդ համարներից մեկական ներկայացուցիչների համար։ Այս դեպքում երկու խմբի բաժանման սկզբունքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրականացրած վիճակահանությունն է եղել։ Այսինքն մասնակցել են ըստ համարների հերթականության, առաջին փուլում 1-ից 13 համարների ներկայացուցիչները, ապա՝ 14-ից 26։

Առաջնորդների բանավեճերի դեպքում խմբերը բաժանվել են ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կուսակցությունների գրանցման ամսաթվերի։ Այսինքն՝ առաջին փուլում մասնակցել են ավելի ուշ պետական գրանցում ստացած կուսակցությունների առաջին համարները, ապա ավելի վաղ պետական գրանցում ստացածները։

Հարցին, թե ինչու է կուսակցությունների ներկայացուցիչների (2-րդ եւ ավելի համարների) և առաջին դեմքերի (1-ին համարների) բանավեճերի համար ընտրվել տարբեր սկզբունքներ, Հանրային հեռուստաընկերությունից պատասխանել են, որ չորս բանավեճերը իրականացնելու համար ընտրվել են վերոնշյալ սկբունքները, որպեսզի քաղաքական ուժերը ելույթ ունենան բազմազանեցված կազմով ու հնարավորինս շատ թվով կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ երկխոսելու հնարավորություն ունենան։

Մեր հարցին, թե ինչ հիմնավորումներով են ընտրվել տվյալ սկզբունքները և ով է կայացրել այս սկզբունքների ընտրման որոշումը, Հեռուստաընկերությունից պատասխանեցին, որ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) տրամադրել է խորհրդատվական բնույթի աջակցություն՝ բանավեճերի ձևաչափի, բովանդակության, մոդերացիայի կանոնների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ քանակով պայմանավորված՝ բանավեճերի խմբավորման, բաժանման սկզբունքի շուրջ։ Սկզբունքը պետք է լիներ ճշգրիտ, չափելի և օբյեկտիվ։ Ընտրված երկու սկզբունքներն էլ երրորդ կառույցի կողմից սահմանված, ստուգելի սկզբունքներ են։

Տեղական և միջազգային փորձագետների համատեղ քննարկումների արդյունքում, Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել հեռուստաբանավեճերը կազմակերպել վերոնշյալ սկզբունքներով։

Այսպիսով՝ թեև 10 կուսակցություններ հանդես եկան հայտարարությամբ և նրանցից 9-ը չմասնակցեցին կազմակերված բանավեճին՝ սկզբունքի անարդարացի լինելու և այդ ուժերին երկիրը կառավարած 4 ուժերից ոչ մեկի հետ բանավիճելու հնարավորություն չունենալու պատճառով, սակայն Հանրային հեռուստաընկերությունը կարծում է, որ իրենց ընտրած սկզբունքը ճշգրիտ է, չափելի և օբյեկտիվ։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել