Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացված և չիրականացված կետերը
21:38 - 18 հունիսի, 2021

Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացված և չիրականացված կետերը

2020-ի 44-օրյա պատերազմից հետո, երբ հանրության տարբեր շրջանակներ խոսում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին, վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց․ «Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին»:

Նիկոլ Փաշինյանն առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզ ներկայացրեց, որտեղ նշված 15 կետերի իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը, ըստ Փաշինյանի, կտևեր վեց ամիս: Նա հայտնեց, որ այս տարվա հունիսին ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվություն կներկայացնի, ինչի արդյունքներով, հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով, որոշում կկայացվի հետագա անելիքների վերաբերյալ:  

Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ Արդեն հունիսն է, բայց Փաշինյանը դեռ չի ներկայացրել ճանապարհային քարտեզի արդյունքների մասին հաշվետվություն։

Infocom-ը ներկայացնում է, թե Փաշինյանի ճանապարհային քարտեզի որ կետերն են իրականացվել, որոնք են մասամբ իրականացվել, որոնք չեն իրականացվել։

1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:

44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպումներ, ռազմագերիներին վերադարձնելու մասին հայտարարություններ եղել են, սակայն բանակցային գործընթացը չի վերականգնվել։ 

2020-ի նոյեմբերի 12-ին ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ։ ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ կողմերն ընդգծել են ՄԽ համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ: 

Դեկտեմբերի 3-ին համանախագահ երկրները հայտարարություն տարածեցին՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով օգտվել ներկայիս հրադադարից և բանակցել համանախագահների հովանու ներքո՝ երկարատև և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար:

Դեկտեմբերի 14-ին ՄԽ համանախագահները ժամանեցին Հայաստան։ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը և համանախագահներն իրենց հանդիման ընթացքում անդրադարձան ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին: Համանախագահները հանդիպում ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը նշեց, որ  անհրաժեշտ է համարում ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: 

Այս տարվա մայիսի 5-ին տարածած հայտարարությամբ համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին  կոչ արեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ կայուն խաղաղության հաստատմանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։

«Սա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը»,- ասվում էր հայտարարության մեջ։

Մայիսի 5-ին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը նշեց«Ուրախ եմ արձանագրել, որ Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները: Լիահույս ենք, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետևի, այլ կհամակարգի գործընթացները»։ 

Մինսկի խմբի համանախագահների հետագա հայտարարությունները վերաբերում են հիմնականում  հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին։ 

Երեկ՝ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ղարաբաղի հարցի լուծման առումով  լիարժեքորեն ընդունում ենք այն տրամաբանությունը, որ իրենց հայտարարություններում առաջ են տանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այն է՝ ԼՂ հարցը կարգավորված չէ, և այն սպասում է համապարփակ և ամբողջական լուծման»։ 

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզի առաջին և կարևոր կետերից մեկն իրականացված չէ․ Արցախյան հարցի բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով չի վերականգնվել, չնայած այդ ուղղությամբ հայկական կողմը և համանախագահները հայտարարություններ արել են։

2․ Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում:

Արցախահայերը ՀՀ կառավարությունից ստանում են սոցիալական աջակցություն մի քանի միջոցառումնրի շրջանակում, նրանց համար զբաղվածության ծրագրեր են իրականացվում։

Հայտարարվել է ՀՀ և ԱՀ կառավարությունների միջև համաձայնագրի կնքման մասին, որով Հայաստանը 10 տարվա ընթացքում կհատկացնի տարեկան լրացուցիչ մինչև 10 մլրդ դրամ՝ պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության նպատակով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ Արցախից տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում բնակվող քաղաքացիների հաշվառում չի իրականացվում։ Հարցում ենք ուղարկել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն՝ հասկանալու, թե ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած քանի արցախցի է վերադարձել ԱՀ, և քանիսն է շարունակում մնալ Հայաստանում։ 

Քարտեզի՝ արցախահայերի աջակցման միջոցառումներին վերաբերող կետն իրականացված է, սակայն պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր տեղահանված արցախահայերն են վերադարձել ԱՀ։

3․ Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Աջակցություն են ստանում նաև զոհված քաղաքացիական անձանց ընտանիքները։ Քարտեզի այս կետն իրականացվել է։

4․ Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում։ 

Այս ուղղությամբ կառավարությունը միջոցառումներ է իրականացրել և շարունակում է իրականացնել։ Պատերազմի հետևանքով տուժած բնակավայրերի բնակիչները միանվագ դրամական աջակցություն են ստացել։ Շուռնուխում Հայաստանի վերահսկողությունից դուրս է մնացել 12 բնակելի տուն, Որոտանում՝ 1։ Շուռնուխում այս պահին իրականացվում են 12 բնակելի տների կառուցման աշխատանքներ։ Կառավարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին։ Քարտեզի այս կետը ևս իրականացված է։

5․ Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ նոյեմբեի 25-ից հունիսի 10-ը պատերազմի ընթացքում վիրավորում, վնասվածք ստացած 1283 քաղաքացու հաշմանդամություն է սահմանվել, 80 հոգու տրամադրվել են պրոթեզներ, և այս գործընթացը շարունակվում է։

Հաշմանդամություն ստացած քաղաքացիների համար գործադիրը միջոցառումների ծրագիր է հաստատել, նրանք դրամական աջակցություն են ստանում։

ԱՍՀ Նախարարությունից մեզ հայտնել են, որ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացների ընթացակարգերը մշակման փուլում են։ Քարտեզի այս կետը, փաստորեն, միայն մասամբ է կատարվել, քանի որ պրոթեզավորման գործընթացը դեռ չի ավարտվել, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներն էլ մասնագիտական վերապատրաստմամբ դեռևս ապահովված չեն։ 

6․ Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

Գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքներին ամսական դրամական աջակցություն տրամադրվում է։ Գերիների հարցը, սակայն, շարունակում է մնալ չլուծված։ Դեկտեմբերից մինչ այս պահը, ըստ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած վերջին տվյալների, Հայաստան է վերադարձել  89 գերի։ Փաշինյանը հայտնել է, որ կա 60 գերի, ինչպես նաև կա վարկած 110 գերու մասին: Անհետ կորած զինծառայողների թիվը, ըստ Փաշինյանի,  268 է։ Այսպիսով, գերիներին և անհետ կորածներին վերաբերող կետը ևս լիարժեք չի իրականացվել։

7․ Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում։

Կառավարության որոշմամբ պատերազմին մասնակցած անձանց հոգեբանական ծառայություններ են տրամադրվում։ Այս կետը իրականացվել է։ 

8․ Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ: 

Կառավարության՝ փետրվարի 25-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց«Այսօր ես մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որն արդեն կիրականացնի Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը: Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Եվ համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում, այդ համագործակցությունը կդառնա առավել, ավելի արդյունավետ անվտանգային ոլորտում, ռազմական համագործակցության ոլորտում և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Եվ հույս ունեմ, որ մինչև «Ճանապարհային քարտեզի» ամփոփման ամսաթիվը, մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն, եթե ոչ ամբողջությամբ, այլ առնվազն մեծ մասն իրականություն կդարձնենք և գործնականում արդեն կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումների իրագործումը»։

Փաշինյանն ապրիլին հայտնեց ԶՈՒ բարեոխումների մեկնարկի մասին։ Մայիսի 5-ին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ ԶՈՒ բարեփոխումները վերաբերում են բոլոր ոլորտներին՝ օրենսդրական, կառուցվածքային, բուհական։

«Քանի որ մենք նաև նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք, մենք պետք է նաև այդ զինատեսակները ներդնենք բուհերի  համակարգում»- ասաց Հարությունյանն իր ելույթում։

Նախարարը նաև նշեց՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մեր հրամկազմը պրակտիկա անցնի տարբեր պետությունների զորամասերում։ 

Այս հարցերի մասին մանրամասներ ստանալու նպատակով ՊՆ հարցում էինք ուղարկել Հարությունյանի ելույթից հետո, սակայն տեղեկության տրամադրումը պաշտպանական գերատեսչությունը մերժել է։ Այսպիսով, չնայած կառավարությունը հայտարարել է ԶՈՒ բարեփոխումների մեկնարկի մաիսն, դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ բարեփոխումների մասին է խոսքը, և դրանք ինչ արդյունքներ են տալիս/տալու։

9․ Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում։

10․ Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:

Ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոդված գրեց՝ անդրադառնալով այն քայլերին, որոնք անհրաժեշտ էր իրականացնել քարտեզի առնվազն երկու կետերը (կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում, տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում) կյանքի կոչելու համար։ Ըստ Ավինյանի՝ այս կետերի իրանականացումն ապահովվելու էր հետևյալ փոփոխություններով․

  • նոր տեսակի մշակաբույսերի, մասնավորապես՝ արտադրական կանեփի մշակում, 
  • պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ ժամանակավոր գործիքի ներդրում,
  • կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շարունակում և վերափոխում,
  • խոշոր քաղաքաշինական ծրագրերի մեկնարկ՝ Երևանում և Հայաստանի համայնքներում։

Կառավարության՝ փետրվարի 4-ի նիստի ընթացքում գործադիրն ընդունեց ճանապարհային քարտեզի այս երկու կետերի իրականացումն ապահովող Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը։

Հունիսի 3-ին խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որով թույլատրվեց արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը։ Հունիսի 11-ին հաստատվեց «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների ծրագիրը»։

Ապրիլի 1-ին գործադիրը սահմանեց պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները: Նպատակը տեղական արտադրությունը խթանելն է։ 

Կառավարության որոշմամբ սահմանվում է, որ եթե գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է նաև, որ  գնման մասնակիցը կնքվելիք պայմանագրով պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ գնային առաջարկով ներկայացվող արժեքի ավելի քան 50%-ն ուղղել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և (կամ) արտադրական ռեսուրսների օգտագործման միջոցով պայմանագրի կատարմանը, ապա վերջինիս փոխհատուցվում է պայմանագրի գնի 1%-ը: 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները շարունակվում են (1, 2, 3 Հայաստանը նաև ձեռք է բերել մի քանի տեսակի պատվաստանյութեր, կամավոր պատվաստման գործընթաց է իրականացվում։ Համավարակը, սակայն, հաղթահարված չէ․ այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի 86 նոր դեպք։

Կառավարության՝ ապրիլի 8-ի որոշմամբ ընդունվեց քաղաքաշինական բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը։

Մինչ այդ՝ մարտի 30-ին, Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ հայտարարվել է «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը: Ապրիլի 7-ին էլ փոխվարչապետն ասել էր, որ  33-րդ թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում։

Թե որքանով են կառավարության ձեռնարկած քայլերը նպաստել կորոնավիրուսի հաղթահարմանը և տնտեսության կայունացմանը, դժվար է ասել, ամեն դեպքում ճանապարհային քարտեզում նշված երկու կետերի ուղղությամբ խոստացված քայլերը հիմնականում  արվել են, և այդ կետերը կատարված են։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ Նիկոլ Փաշինյանն իր քարտեզում խոսել էր համավարակի հաղթահարման մասին, ինչը չի իրականացվել։

11․ Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:

Այս կետի իրականացման մասին տեղեկությունների բացակայության պատճառով հարցում ենք արել վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմ և պատասխանը դեռ չենք ստացել։

12․ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և «Կուսակցությունների մասին» նոր օրենքի ընդունում:

«Կուսակցությունների մասին» օրենքում փոոխություններ իրականացել են, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվել են, սակայն մասամբ են ուժի մեջ մտել, և որոշ փոփոխություններ չեն վերաբերում սպասվող արտահերթ ընտրություններին։ Ճանապարհային քարտեզի այս կետը ևս կատարված է։

13․ Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի կիրարկման մեկնարկ:

Ենթամասնագիտացմամբ դատավորների ինստիտուտ ներդնելու նախագիծը ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել էր փետրվարի 3-ին։ Նախագահ Արմեն Սարգսյանն օրենքը չէր ստորագրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն հունիսի 15-ին օրենքը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող։ 

Հակակոռուպիցոն դատարան ստեղծելու օրինագծը  ևս ընդունվել է։ ՀՀ գլխավոր դատախազության փոխնցմամբ՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքն  արդեն կիրառվում է։  Ճանապարհային քարտեզի այս կետն իրականացված է։

14․ Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ Նիկոլ Փաշինյանն ունեցել է, վերջինը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումն էր, որին հաջորդեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը։ Քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին վարչապետի պաշտոնական կայքում հրապարակումներ չկան։ Քարտեզի այս կետը մասամբ է իրականացվել։

15․ Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ:

Վարչապետի կայքում միակ հրապարակումը սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին Ջորկաեֆ եղբայրների հետ հանդիպման մաիսն լուրն է։ Այս հանդիպման արդյունքների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Ճանապարհային քարտեզի այս կետի մասին մասնրամասներ ստանալու համար ևս հարցում ենք ուղարկել վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմ։

Ամփոփելով նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզից լիարժեք իրականացվել են միայն այն կետերը, որոնք ենթադրում էին օրենսդրական փոփոխությունների, աջակցության միջոցառումների իրականացում և զարգացման ծրագրերի ընդունում։ Իսկ ճանապարհային քարտեզի կարևորագույն կետերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանո ներքո բանակցությունների վերսկսումը, ռազմագերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրերի հստակեցումը, շարունակում են չիրականացված կամ մասամբ իրականացված մնալ։ 

Նիկոլ Փաշինյանը նաև խոստացել էր հունիսին հաշվետվություն ներկայացնել ճանապարհային քարտեզի իրագործման վերաբերյալ։ Երկու օրից խորհրդարանական արտահերթ ընտրություններ են, իսկ հաշվետվությունը դեռ չի ներկայացվել։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել