Հորդորում ենք զերծ մնալ առանց որևէ փաստական հիմքի, կեղծիքի վրա հիմնված հանրային տրամադրություններ գեներացնելու փորձերից. դատախազություն
22:18 - 18 հունիսի, 2021

Հորդորում ենք զերծ մնալ առանց որևէ փաստական հիմքի, կեղծիքի վրա հիմնված հանրային տրամադրություններ գեներացնելու փորձերից. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերին ընտրություններին մասնակցող քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ ՀՀ դատախազությանը, ի թիվս այլ իրավապահ մարմինների, անհիմն կերպով մեղադրում են ընտրությունների համատեքստում կողմնակալության, և այդ դիրքերից քաղաքական իշխանության օգտին «պատժիչ» գործողություններ կատարելու մեջ:

Նման մտացածին մեղադրանքները որևէ փաստական հենք չունեն և չեն կարող ունենալ: ՀՀ դատախազությունը, ի սկզբանե հայտարարելով օրենքով սահմանված՝ քաղաքական զսպվածության սկզբունքով առաջնորդվելու և իր գործառույթի շրջանակներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հավասարության դիրքերից մոտենալու մասին, շարունակում է պահպանել այդ հավատամքը և գործել բացառապես ընտրությունների օրինականությունը, մասնակից ուժերի հավասար մրցակցայնությունը, քաղաքացու ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանելու նպատակամղվածությամբ: 

Ինչպես նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ, այնպես էլ դրա ողջ ընթացքում չի եղել հրապարակայնորեն ներկայացված և ՀՀ դատախազությունը հասու դարձած՝ առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող հանցավոր դրսևորման մասին որևէ հաղորդում, ահազանգ՝ անկախ նրանից, թե ընտրություններին մասնակցող որ քաղաքական միավորի կամ նրանց համակիրների գործողությունների հետ է կապված, որոնցով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում չի ապահովվել պատշաճ իրավական ընթացակարգ՝ դրանք ստուգման կամ քրեադատավարական կարգով քննության առարկա դարձնելու միջոցով: Դատախազությունը քաղաքական գործընթացների հանդեպ բացարձակ չեզոքությամբ պատշաճ հետևողականություն է դրսևորել դրանցից յուրաքանչյուրով իրականացվող ընթացակարգերի օրինականության ապահովման հարցում՝ պարբերաբար հանրայնացնելով արդյունքները: 

Ցանկացած ոք ցանկությամբ դեպքում հեշտությամբ կարող է դրանում համոզվել՝ այն պարզ պատճառով, որ բոլորն արձանագրված են:

Ի սկզբանե և շարունակաբար դատախազության կողմից ընտրություններում ներգրավված բոլոր սուբյեկտներին, այդ թվում՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին ուղղվել են հրապարակային կոչեր՝ իրենց տրամադրության տակ հայտնվող՝ որոշակիություն և կոնկրետություն պարունակող առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ տվյալները, տեղեկությունները, այդ թվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասին, օպերատիվ կերպով ՀՀ դատախազությանը փոխանցելու վերաբերյալ: Այդ նպատակով նաև թեժ գիծ է գործարկվել դատախազությունում, որն այս ողջ ընթացքում գործել է անխափան և անխափան գործելու է նաև քվեարկության ողջ օրվա ընթացքում: 

Ուստի հորդորում ենք զերծ մնալ առանց որևէ փաստական հիմքի, հանիրավի կերպով դատախազության գործունեությանն արհեստականորեն քաղաքական երանգավորում տալու, այդ կերպ դատախազության գործառույթների իրականացման իրավաչափության հանդեպ կասկածներ հարուցելու, կեղծիքի վրա հիմնված հանրային տրամադրություններ գեներացնելու փորձերից: 

Դրանք որևէ ազդեցություն չեն ունենում և չեն ունենալու դատախազության վրա: Ելնելով վերոնշյալից՝ այս պահին էլ, նկատի ունենալով, որ առջևում քվեարկության, քվեների հաշվարկի՝ ընտրական գործընթացի կարևորագույն փուլերն են, կրկին վստահեցնում ենք, որ ՀՀ դատախազությունը բոլոր շահագրգիռ կողմերի համար բաց է իր իրավասությունների շրջանակներում համագործակցության՝ հանուն օրինական, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների, հանուն մեր երկրում իրավակարգի և սահմանադրական կարգի ապահովման»:    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել