ՀԿԱԾ-ն հերքում է իր ծառայողների կողմից քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելու մասին լուրը
21:50 - 19 հունիսի, 2021

ՀԿԱԾ-ն հերքում է իր ծառայողների կողմից քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելու մասին լուրը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հերքում է տարածված այն տեղեկությունը, թե, իբր, Երևան քաղաքի բնակիչներ՝ 68-ամյա Լաուրա Ս.-ն և 42-ամյա Քրիստինե Գ.-ն, մարմնական վնասվածքներ են ստացել` իրենց տանը ծեծի ենթարկվելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԿԱԾ-ն։

«Հունիսի 15-ին վտարման կատարողական գործողություններն իրականացվել են պարտապանների հետ միմիայն բացատրական աշխատանք կատարելու միջոցով և հարկադիր կատարողների կողմից որևէ տեսակի ֆիզիկական հարկադրանք չի կիրառվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀԿԱԾ-ն նաև տեղեկացնում է, որ կատարողական այդ գործողությունների իրականացման ժամանակ տեղում են եղել ոստիկանության աշխատակիցներ, պարտապան կողմի փաստաբանը և լրատվամիջոց։

«Հարկադիր կատարողներն ամեն կերպ օժանդակել են պարտապաններին, այդ թվում՝ Լաուրա Ս.-ին և Քրիստինե Գ.-ին օգնել խնամքով հավաքել և անվնաս տեղափոխել իրենց գույքն ու անձնական իրերը։ Այդ ամենին ականատես են եղել ինչպես վերը նշված անձինք, այնպես էլ բազմաբնակարան շենքի մյուս բնակիչները՝ հարևանները։

Ավելին այդ օրը նշված կատարողական գործողությունների ընթացքում տվյալ բնակարան տանող միջանցքում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն օգնություն ցույց տալու ժամանակ տուժել են նաև Ծառայության ավագ հարկադիր կատարողն ու Ոստիկանության ծառայողը, որոնք ստացած այրվածքների պատճառով տեղափոխվել են հիվանդանոց, և այդ միջադեպից անմիջապես հետո տարածքում աշխատել են իրավապահ մարմիներ»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել