Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերադառնալ օրինականության դաշտ․ Արամ Վարդևանյան
11:03 - 20 հունիսի, 2021

Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերադառնալ օրինականության դաշտ․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը․
 
«Սիսիան քաղաքում շտաբերի խուզարկության օպերացիան աննախադեպ խայտառակություն է։
 
Հաստատված տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպվել է «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզում, մասնավորապես Սիսիան քաղաքում, բոլոր շտաբերի խուզարկության օպերացիա:
 
Խուզարկության հիմքը, ըստ դատարանի որոշման, հանդիսացել է քվեաթերթիկ տպելու սարքի որոնումը: Նշվածի վերաբերյալ աբսուրդը կայանում է նրանում, որ նման սարք գոյություն ունենալ չի կարող, քանի որ քվեաթերթիկները տպագրվում են բացառապես հատուկ տպարանների կողմից, որոնցից և ոչ մեկը չի կարող շտաբում տեղակայված լինել:
 
Միաժամանակ տեղեկություն ունենք, որ խուզարկության որոշումը կայացվել է ոչ թե Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, այլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից: Նպատակը նշված գործողության հանդիսանում է «Հայաստան» դաշինքի համակիրների գործունեության պարալիզացումը հենց ընտրությունների օրը, ինչը աննախադեպ է և նախկինում երբևէ չհանդիպած խայտառակություն:
 
Ավելին, շտաբի պատասխանատուներին առանց որևէ պատճառի ընտրությունների օրը տեղափոխում են Սյունիքի մարզից Երևան, իբր բացատրություն վերցնելու նպատակով:
Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերադառնալ օրինականության դաշտ: Դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր օրինական միջոցները «Հայաստան» դաշինքի բնականոն գործունեության և քվեարկության գործընթացը անհապաղ վերականգնելու նպատակով:
Դիմում ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ ստեղծված իրավիճակը խիստ վերահսկողության տակ պահելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել