Հույս ունեմ՝ այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է․ Նիկոլ Փաշինյան
21:49 - 21 հունիսի, 2021

Հույս ունեմ՝ այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՔՊ կուսակցության հանրահավաքին․

«Մենք ասում էինք, որ ժողովուրդը ցույց կտա, որ իր դեմ խաղ չկա, և ժողովուրդը ցույց տվեց, որ իր դեմ խաղ չկա։ Եվ մենք ասում էինք այդ նույնը ոչ միայն ընդհանուր Հայաստանի ժողովրդի մասին, այլ մարզ առ մարզ, և ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այսինքն՝ ժողովուրդը, հաղթել է Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Արարատի մարզում, Արմավիրի մարզում, Շիրակի մարզում, Արագածոտնի մարզում, Լոռվա մարզում, Տավուշի մարզում, Գեղարքունիսի մարզում, նույնիսկ Կոտայքի մարզում և Երևան մայրաքաղաքում։ 

Այսօրվա հանրահավաքով մենք ամփոփում ենք նախընտրական քարոզարշավը, ընտրությունները։ Ես հույս ունեմ, որ մենք փաստացի այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, և մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի։ 

Բայց պիտի արձանագրենք, որ պայմանները և միջավայրը այսօր էականորեն փոխված են, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր կառավարությանը, քաղաքական էս թիմին տվել է մանդատ երկրում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա։ Ժողովուրդը իրականացրել է պողպատե հեղափոխություն։ Ուզում եմ արձանագրել, որ հեղափոխությունից հետո արդեն երկրորդ անգամ մենք Հայաստանում իրականացրել ենք այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որ միջազգային բոլոր և տեղական բոլոր դիտորդների համաձայն՝ համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին և եղել են լիովին օրինական։

Դիտորդները այնումենայնիվ մի հանգամանք նշել են, և մենք դա բոլորս գիտենք, որ, այո՛ այս քարոզչության, ընտրությունների ընթացքում կիրառվել է որոշակի ագրեսիվ հռետորաբանություն։ Ես հիմա նույնիսկ չեմ ուզում, որ մենք քննենք՝ ով սկսեց և ինչու։

Ուզում եմ կոչով դիմել քաղաքական գործընթացի և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին․ Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և նոր քաղաքական իրավիճակ, և այդ իրավիճակի առաջին կետը և հանգրվանը հետևյալն է․ ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական, հանրային մասնակիցներին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը։

Ես առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին եմ կոչ անում, որ վերջ դնենք հայհոյախոսությանը, որոհետև Հայաստանի և Արցախի պատմության մեջ  նոր էջ է բացվում և մենք պետք է այդ էջը սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ, իրապես ժողովրդավար արժեքների, ազգային և պետական արժեքների վերահաստատմամբ։ Այո՛, ես ասում եմ, որ ինքս էլ օբյեկտիվ և սուբյելտիվ պատճառներով, գուցե ստիպված, գուցե կամա, գուցե ակամա չեմ խուսափել այդ տրամաբանությունից։ Բայց ես առաջինը ինքս եմ ստանձնում էդ պարտավորությունը և կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետև մեքն լրջագույն մարտահրավերների առաջ ենք, և մենք պետք ա մեր պետականության կառուցման այս նոր և հրաշալի էջը բացենք։

Սա ամենևին չի նշանակում, սակայն, թե մենք նախկինում ժողովրդի առաջ մեր ստանձնած որևէ պարտավորությունից կհրաժարվենք։ Հայաստանում լինելու է անառարկելի օրինականություն, կարգուկանոն և պատասխանատվության անխուսափելիություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել