Զինծառայողների համար քվեարկության ժամանակ զինգրքույկը անձը հաստատող փաստաթուղթ է համարվել 1999-ից
13:18 - 28 հունիսի, 2021

Զինծառայողների համար քվեարկության ժամանակ զինգրքույկը անձը հաստատող փաստաթուղթ է համարվել 1999-ից

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփում էր հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները։

Մուկուչյանը հայտնեց, որ ԿԸՀ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու չորս դիմում է ներկայացվել, որոնցից մեկը՝ սահմանված ժամկետների խախտմամբ։

Դիմումներից մեկը ներկայացրել է «Հայաստան» դաշինքը։ «Հայաստանի» դիմումի հիմնավորումների ընթերցումից հետո դաշինքի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց, որ դիմումի մի քանի կետերի վրա ուզում է առանձնակի ուշադրություն հրավիրել։

Այդ կետերից մեկն այն էր, որ զինծառայողները քվեարկել են զինվորական գրքույկներով․ «Բնավ պատահական չէ, որ անձինք մասնակցում են ընտրություններին անձնագրով կամ անձնագրին հավասարեցված նույնականացման քարտով։ Եթե դա որևէ կարևորություն իրենից չի ենթադրում, կարծում եմ՝ օրինակ, 18 տարին լրացած անձանց դեպքում, որոնք կրթական հաստատություններում են սովորում, միգուցե լիներ ուսանողի վկայական կամ վարորդական վկայական։ Ո՛չ, ընտրական օրենսդրությունը նախատեսում է անձնագիր կամ նույնականացման քարտ, որը, ըստ օրենսդրության, համարժեք է անձնագրին։ Ես, իհարկե, առաջինը չէ, որ պետք է արհեստավարժ հանձնաժողովի առջև սա ներկայացնեմ, բայց հանրությունը ևս պետք է իմանա, որ անձնագրերը որպես վերիֆիկացման, ընտրակեղծարարության, ընտրախախտումները կանխելու մեխանիզմ են ծառայում՝ թե կրկնաքվեարկության դեպքերը ընտրատարածքի ընտրատեղամասերում, թե՛ առհասարակ։ Բայց մենք ունենք իրավիճակ, որ, օրինակ, զինծառայողները քվեարկում են զինվորական գրքույկով, որը ո՛չ անձնագիր է, ո՛չ նույնականացման քարտ է, չունի անձնագրին կամ նույնականացման քարտին բնորոշ պաշտպանիչ միջոցներ»։

ԿԸՀ նախագահը հակադարձեց Արամ Վարդևանյանին՝ ասելով, որ զինծառայողները միշտ քվեարկել են զինվորական գրքույկներով․ «Ընտրական օրենսգիրքը սահմանում է քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթերի երեք տեսակ՝ անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր։ Զինծառայողները միշտ քվեարկել են զինվորական գրքույկներով, որոհետև հիշյալ երեք փաստաթղթերից և որևէ մեկը նրանց համար ուղղակիորեն առկա չէ, և չեն էլ կարող օգտվել դրանից։ Դա ևս հիշյալ կատեգորիայի անձանց համար հանդիսանում է անձը հաստատող փաստաթուղթ, և էդտեղ որևիցե խնդիր առկա չէ»։ 

Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածը վերաբերում է ընտրողի ինքնությունը ստուգելու, ընտրողների գրանցման կարգավորումներին։ Հոդվածի առաջին կետում ասվում է․ «Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում»: 

Այսպիսով, Տիգրան Մուկուչյանը ճիշտ է, քանի որ Ընտրական օրենսգիրքը զինծառայողներին թույլ է տալիս քվեարկությանը մասնակցել զինվորական գրքույկով կամ վկայականով։ 

Ինչ վերաբերում է Արամ Վարդևանյանի պնդումներին, ապա վերջինս, չնայած ուղիղ չի ասում, թե զինվորների՝ զինվորական գրքույկներով քվեարկությանը մասնակցելն օրենքի խախտում է, սակայն  նշում է, որ զինվորական գրքույկները չունեն անձնագրին կամ նույնականացման քարտին բնորոշ պաշտպանիչ միջոցներ, և դա խնդրահարույց է համարում։ Վարդևանյանը ԿԸՀ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում, կրկին պնդեց, որ զինվորական գրքույկներով քվեարկելը ռիսկեր է պարունակում․ «Զինվորաան գրքույկով քվեարկությունը․ կարծես թե ԿԸՀ-ի դիրքորոշումն է՝ բա ուրիշ ինչ անենք, անձնագրով չեն կարող։ Օրենքով գրված է հետևյալը՝ ընդհանուր կանոնը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր, այս երեք ձևով է անցկացվում քվեարկությունը։ Շատ մարդիկ էլ ունեն անձնագրի խնդիր․ մի մարդ, օրինակ, կորցրել է անձնագիրը։ Կարո՞ղ էր, օրինակ, վարորդական իրավունքով (քվեարկել- խմբ․), չէ՛, չէր կարող։ Գիտե՞ք՝ ինչի է նախատեսված անձնագրով հնարավորությունը քվեարկելու, որ վերիֆիկացման մեխանիզմ լինի, զինվորական գրքույկի կեղծման մեխանիզմները պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան շատ կարող են լինել, պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի չարաշահումներ կարող են լինել»։

Ընտրությունների ժամանակ զինվորների համար զինվորական վկայականը և գրքույկը անձը հաստատող փաստաթուղթ են համարվել դեռևս 1999 թվականից։ 1999-ին ընդունված Ընտրական օրենսգրքի (ուժը կորցրած) 55-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է․ «Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող փաստաթուղթը, զինվորական սպաների և ենթասպաների համար` նաև զինվորական վկայականը, իսկ այլ զինծառայողների համար` զինվորական գրքույկը»:

Այս օրենսգիրքը գործել է մինչև 2011 թվականը, և 55-րդ հոդվածի 3-րդ կետում ընտրությունների ժամանակ զինվորական վկայականի և գրքույկի՝ անձը հաստատող փաստաթուղթ համարվելու մասով ոչ մի փոփոխություն չի կատարվել։

Փաստորեն, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ընդունված և մինչև նրա նախագահության ավարտի պահն ուժի մեջ եղած Ընտրական օրենսգրքով ևս, ինչպես հիմա, զինծառայողների համար քվեարկության ժամանակ անձը հաստատող փաստաթուղթ են համարվել նաև զինվորական գրքույկը և վկայականը։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել