Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նկատմամբ տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները
15:43 - 02 հուլիսի, 2021

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նկատմամբ տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները

Հայաստանում հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նկատմամբ տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները։ Այս կապակցությամբ  համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանն ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը տեղեկացնում է, որ կողմերը պարտավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և մինչև հուլիսի 9-ը մշակել ու հրատարակել համապատասխան ձեռնարկ`գործատուներին անհրաժեշտ իրազեկում ապահովելու համար։

Նոր դրույթների համաձայն` տեսչական մարմինը, օրենքով նախատեսվածից  բացի, այսուհետ վերահսկողություն է իրականացնելու նաև  աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի նկատմամբ: 

Նորույթը վերաբերում է նաև աշխատաժամանակի և հանգստի  տևողությունների պահպանմանը,  օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում աշխատավարձի հաշվարկմանը, վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարումներին, կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարմանը:

Ակնկալվում է, որ հրատարակվող ձեռնարկը կնպաստի աշխատանքային փոխհարաբերությունների հստակեցմանն ու պատշաճ կարգավորմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել